×


«Ամուսնուս մահից հետո նվեր ստացա այդ երգը». Մարիամ Մերաբովան՝ անձնական կորստի եւ Երեւանում առաջիկա համերգի մասին

Մարիամ Մերաբովան պատրաստվում է երեւանյան իր մենահամերգին, որի ժամանակ ելույթ կունենա ամուսնու՝ երջանկահիշատակ Արմեն Մերաբովի «Miraif» նախագծի եւ ջազ-էստրադային նվագախմբի ուղեկցությամբ: «Գրիր ինձ» խորագրով երեկոն տեղի կունենա նոյեմբերի 20-ին՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Համերգից առաջ ջազ երգչուհին BRAVO.am-ին պատմել է Երեւանում անցկացրած մանկության, կյանքի դժվար շրջանի, անձնական կորստի մասին, նաեւ ներկայացրել սպասվելիք ելույթի ծրագիրը:

«Մանկությունս անցել է Թումանյան-Նալբանդյան խաչմերուկի բակում, սովորել եմ Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում՝ Աիդա Սահակյանցի հիանալի դասարանում, ով Սաթի Սպիվակովայի մայրն է: Մանկությունս անցել է կարեւոր մարդկանց տներում, որոնք ձեւավորել են ինձ: Հաճախ եմ գնացել Լավինիա Բաժբեուկ-Մելիքյանի արվեստանոց, մեր հարազատ ու սիրելի էդուարդ Միրզոյանի եւ կնոջ ընտանեկան ջերմ միջավայրում եմ եղել... Ավելի հիանալի ի՞նչ կարող էր լինել: Հետո մեկնեցի Մոսկվա՝ շարունակելու մասնագիտական կրթությունս: Այնտեղ ինձ դասավանդում էր Իրինա Գեորգիեւնա Տուրուսովան: Մոսկվա տեղափոխվելու որոշումը կայացրել էր մայրս՝ հանուն իմ կրթության, քանի որ Էդուարդ Միրզոյանն ասել էր նրան՝ տաղանդավոր աղջիկ եմ, հարկավոր է, որ կրթությունս արտերկրում շարունակեմ»,- պատմում է երգչուհին:

Մարիամ Մերաբովան


Մերաբովան երկար տարիներ երաժշտական գործունեություն է ծավալել, բայց նրա անունը հայտնի եւ է՛լ ավելի սիրելի դարձավ հատկապես երաժշտական նախագծերի միջոցով: Ռուսական հայտնի «Ձայնը» եւ «3 ակորդ» նախագծերում նա աչքի է ընկել թե՛ ձայնով, թե՛ կերպարով:

«Այդ նախագծերը հետաքրքիր էին ու կարեւոր ինձ համար։ «3 ակորդ»-ում դիպա մի ժանրի, որը չգիտեի. շանսոնը բացահայտելիս հասկացա, որ իմ խնդիրն է ցույց տալ մշակույթը: Չկա վատ ժանր, կա վատ կատարողականություն։ Կարող եմ ասել՝ հենց այդ մրցույթը շատ բան տվեց ինձ: Հիմա որեւէ նախագծի կմասնակցեմ միայն այն դեպքում, եթե այն հետաքրքիր կլինի եւ նորը բացահայտելու հնարավորություն կտա: Սիրով կմասնակցեի «Маска» նախագծին, եթե լիներ առաջարկ»,-նշել է Մերաբովան:

Երեւանյան «Գրիր ինձ...» խորագրով մենահամերգը իրականություն կդառնա Էմիլ Կարատի նախաձեռնությամբ։ Երգչուհին անկեղծացավ՝ խորագիրը պատահական չէ ընտրված, իսկ հայրենիքում ունեցած յուրաքանչյուր համերգ իր համար իսկանան երջանկություն է, սրտի թրթիռով է սպասում նաեւ այս համերգին:

«Համանուն երգի անունով է, որի հեղինակը նախկին ջազ երաժիշտ է, այժմ հոգեւորական է: Նա Արմենի մահից հետո նվիրեց երգը: «Գրիր ինձն» իմ մասին է՝ ապրումներիս եւ հույզերիս։ Հիմա այնպիսի ժամանակներ են, որ հանդիսատեսի հետ պետք է ազնիվ ու բաց լինել։ Այդ բեմում ես ու Արմենը կանգնում էինք՝ իրար ձեռք բռնած... Նրա բոլոր խոսքերն ու մեր զրույցները հիշում եմ ու շարունակում են նրա հետ երկխոսել. Արմենը ոչ մի տեղ չի գնացել իմ կյանքից։ Բացի այդ, Հայաստան եմ գալիս դժվար շրջանում: Պատերազմը չի ավարտվել: Չեմ պատրաստվում այնպես ապրել, թե կարծես ամեն ինչ ավարտվեց ու անցավ: Կատարվածը, որպես հայի, ինձ շատ է ցավեցրել: Այս առումով, կարելի է ասել, իմ համերգը մանիֆեստ է՝ ուղղված հայերին, որոնք աշխարհի տարբեր անկյուններում են, բայց շարունակում են հայ մնալ»,-ասել է երգչուհին։

Մարիամ Մերաբովան


Հայաստանը Մարիամի համար բացահայտումներով լի վայր է.«Վստահ եմ, որ անգամ այն մարդիկ, որոնք մշտապես բնակվում են Հայաստանում, ամբողջությամբ երկիրը չեն բացահայտել: Ամենազարմանահրաշ տեղն է աշխարհում, որտեղ կուտակված են այնքան առեղծվածային երեւույթներ»։

Համերգային երեկոյի ընթացքում հանդես կգա նաեւ երգահան, երգիչ Նոդար Ռեւիան: Կհնչեն դաշնակահար եւ կոմպոզիտոր Արմեն Մերաբովի հեղինակային երգերը՝ գրված կնոջ՝ Մարիամ Մերաբովայի խոսքերի հիման վրա: Երգացանկում ներառված են երգեր հայրենիքի, մայրիկի, սիրո մասին, հերոսների հիշատակին: Հանդիսատեսը կլսի նաեւ գլուխգործոցներ խորհրդային ժամանակաշրջանի ոսկե ֆոնդից՝ Կոնստանտին Օրբելյան, Անդրեյ Էշպայ, Վադիմ Գամալեյ, Առնո Բաբաջանյան, Իգոր Կրուտոյ, Յուրի Բիրյուկով, Մարկ Մինկով, Վլադիմիր Վիսոցկի, Վալերի Զուբկով, Մարկ Ֆրադկին, Ժորժ Կառվարենց: Ինչպես նաեւ կհնչեն հեղինակային երգեր՝ գրված Ռոբերտ Ռոժդեստվենսկու, Վերոնիկա Տուշնովայի, Եվգենի Դոլմատովսկու, Մարինա Ցվետաեւայի խոսքերի հիման վրա:


Զրուցեց Արմինե Բրսոյանը/Bravo.am/
Լուսանկարները` Մարիամ Մերաբովայի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին