«Գիտեմ, որ դժվարին ժամանակներ են ձեզ մոտ։ Շատ հուզված էի ամբողջ ընթացքում, երբեմն նույնիսկ բարդ էր կենտրոնանալը»,- ելույթից հետո խոստովանում է վենեսուելացի անվանի դաշնակահար Սերխիո Տիեմպոն, որը Հայաստան էր ժամանել՝ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ սպասված համերգին մասնակցելու։ Աշխարհի ամենաարագ, սենսացիոն, վիրտուոզ, իր սերնդի ամենաինքնատիպ դաշնակահարը՝ այսպես են բնորոշում Սերխիո Տիեմպոյին միջազգային հեղինակավոր պարբերականները։ Ինքն էլ, Ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համերգից տպավորված, ֆանտաստիկ է բնորոշում հայ երաժիշտներին։
Նոյեմբերի 17-ին կայացած համերգին ներկա է եղել նաեւ BRAVO.am-ը, լուսանկարել է երեկոյի ուշագրավ դրվագները, ինչպես նաեւ զրուցել դաշնակահար Սերխիո Տիեմպոյի եւ դիրիժոր, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանի հետ։
Սերխիո Տիեմպոն
Համերգային ծրագրի առաջին մասում հնչեց Շոպենի թիվ 1 դաշնամուրային կոնցերտը, իսկ երկրորդում՝ Մալերի թիվ 1 սիմֆոնիան։ Երաժիշտները խոստովանում են, որ Շոպենի այս գործը բարդ նվագակցություն է համարվում, բայց հաջողել են.«Հեշտ ստացվեց համագործակցությունը, Սերխիոն էլ զարմացավ, մենք էլ։ Ասաց՝ իրեն շատ հանգիստ է զգում, սովորաբար այս կոնցերտը նվագելիս պիտի ուշադիր լինի ուրիշներին, հիմա ինչ ուզում, անում է: Բանն այն է, որ Շոպենը սովորականի պես գրել է իր երաժշտությունն ու հանկարծ որոշել է դաշնամուրային նվագակցությամբ համադրել, եւ պետք է փորձել ճշգրիտ կատարել իրար հետ»,- նշեց Էդուարդ Թոփչյանը։
Նա նաեւ նկատեց, որ Սերխիոյի կատարումը մեծ նվեր էր դահլիճում ներկա բոլոր ունկնդիրների համար.«Ֆենոմենալ դաշնակահար է, աշխարհում երեւի ամենավիրտուոզը։ Երաժշտական շատ նուրբ զգացողությամբ ու հետաքրքիր գույներով, ոչ սովորական մտածելակերպով երաժիշտ, որ ամեն ինչ շատ ինքնատիպ ու ճաշակով է անում։ Ես հիացած եմ նրանով, եւ ի դեպ, շատ արտակարգ անձնավորություն է»:
Սերխիո Տիեմպոն էլ իր հերթին տպավորված էր հայկական ջերմ ընդունելությամբ, կրկնում էր՝ ֆանտաստիկ մարդիկ են այս երկրում ապրում.«Գիտեի բոլոր այն իրադարձությունների մասին, որոնք տեղի են ունեցել կամ կարող էին շարունակվել։ Շատ անհանգիստ էինք երեկ, երբ քննարկում էին իրավիճակը։ Ինձ համար շատ մեծ նշանակություն ուներ մեր ելույթը, պատրաստ էի կիսել այս հրաշալի երաժշտությունն այս ֆանտաստիկ երաժիշտների եւ հանդիսատեսի հետ։ Հուզված էի ամբողջ ընթացքում»։
Ելույթի ավարտին էլ հանդիսատեսի ջերմ ծափողջույններին ի պատասխան՝ երկու հավելյալ կատարում ներկայացրեց ու եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնեց բոլորին՝ համերգին ներկա լինելու համար։ Ետնաբեմում էլ դաշնակահարը շարունակեց շփվել ու լուսանկարվել երկրպագուների հետ՝ խոստանալով նոր համերգներով վերադառնալ Հայաստան։
Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Շաքե Հովհաննիսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: