×


«Իմ կապը հայերի հետ շատ էմոցիոնալ է եւ երկար պատմություն ունի». Սերխիո Տիեմպո

«Արամ Խաչատրյան» համերգասրահն ուղղակի պայթեց հոտնկայս օվացիաներից, որոնք չէին դադարում վիրտուոզ դաշնակահար Սերխիո Տիեմպոյի՝ Շոպենի դաշնամուրի 1-ին կոնցերտի կատարումից հետո: Որպես բիս նա կատարեց անչափ հուզական, խոր մեկնաբանությամբ եւ այս օրերին շատ խորհրդանշական Լիստի թիվ 3 «Consolation»-ը («Մխիթարություն») ու կրակոտ արգենտինյան տանգո: Հանդիսատեսը ոգեւորությունից էյֆորիայի մեջ էր:

Սերխիո Տիեմպոյին New York Times, New York Classical, Gramaphone Magazine եւ հեղինակավոր այլ պարբերականներ որակում են որպես աշխարհի ամենաարագ, սենսացիոն, վիրտուոզ, գունեղ եւ իր սերնդի ամենաինքնատիպ դաշնակահար:

Մեզ հաջողվեց զրուցել այս անսահման տաղանդավոր երաժշտի հետ, ով, ինչպես բոլոր մեծ արվեստագետները, շփման մեջ շատ հասարակ է ու համեստ:

- Միսթեր Տիեմպո, խնդրում եմ, տարեք ինձ Ձեր մանկություն. ինչպիսի՞ն էր այն, ինչպիսի՞ն էին Ձեր երաժշտական առաջին տպավորությունները: Անհավանական է, բայց Դուք երկու տարեկանից սկսել եք դաշնամուրի դասեր առնել, արդյո՞ք դա հնարավոր է:

- Օ՜հ, սիրով: Հրաշալի մանկություն եմ ունեցել: Ծնվել եմ Վենեսուելայում՝ Կարակասում, 1972-ին: Իմ մայրը, ով դաշնամուրի հրաշալի ուսուցիչ է, ահռելի մեծ ժամանակ էր տրամադրում բազում երեխաների կրթելու համար: Պատկերացրեք միայն՝ նա դասավանդում էր շաբաթական գրեթե հարյուր ժամ: Եվ ինձ համար շատ բնական բան էր, որ ես էլ պիտի նվագեմ: Իմ քույրը նույնպես բավական լավ էր նվագում, ու մի օր մորս ասացի՝ «Բա ե՞ս, մամ, ինչո՞ւ ես չեմ նվագում»: Եվ մայրս սկսեց պարապել ինձ հետ:

Սերխիո Տիեմպոն


Անշուշտ, շուրջս մթնոլորտը լցված էր նաեւ վենեսուելական ավանդական սալսայի, մերենգեի, խորոպոյի ռիթմերով: Իմ հայրը ջազի մեծ սիրահար էր եւ, իհարկե, տանգոյի, ինչպես յուրաքանչյուր իսկական արգենտինացի: Քույրս The Beatles-ի մեծ երկրպագու էր, այնպես որ, իմ շուրջը միշտ հնչել է տարբեր տեսակի երաժշտություն: Լավ երաժշտությունը լավն է՝ անկախ ժանրից, կարեւորը, թե ինչպես է այն կատարվում:

- Անդրադառնալով Ձեր վենեսուելական եւ արգենտինական արմատներին՝ որքանո՞վ է մշակույթների այս խառնուրդն օգնում Ձեզ մասնագիտական դաշտում:

- Հըմ, ենթադրում եմ՝ երաժշտությունը գաղտնի համաձայնություն ունի ամեն բանի հետ, ինչ կատարվում է շուրջդ: Ամեն ինչ իր ազդեցությունն է թողնում գիտակցաբար, թե անգիտակցաբար: Եվ ամենը ձեւավորում է ինձ՝ դարձնելով այն, ինչ կամ: Բայց ամենաշատն, ինչ ես սիրում եմ երաժշտության մեջ, հնարավորությունն է խոսել յուրաքանչյուր մարդու հետ՝ անկախ նրանից, թե որտեղից է նա, ով է, ինչ լեզվով է խոսում: Սա է երաժշտության ունիվերսալությունը:

- Վենեսուելայում դասական երաժշտության բում է: Սա մի երկիր է, որտեղ չկան դասական երաժշտության խոր ավանդույթներ, բայց այժմ այնտեղ կան ֆանտաստիկ նվագախմբեր եւ աշխարհով մեկ հայտնի երաժիշտներ: Ե՞րբ սկսվեց այս ամենը եւ ինչպե՞ս:

- Հիմքը դրվեց մոտավորապես այն ժամանակ, երբ ես ծնվեցի: Ամենը Խոսե Անտոնիո Աբրեուի տեսլականն է, որ յուրաքանչյուր երաժիշտ կրթի հաջորդ սերնդին, եւ այդպես շարունակ: Ծառի պես է՝ ուսուցիչներից ու աշակերտներից կազմված, որոնք փոխանցում են գիտելիքները մեկը մյուսին:

(Դիրիժոր, դաշնակահար Խոսե Անտոնիո Աբրեուն 1975-ին Վենեսուելայում հիմնադրել է պետության կողմից ֆինանսավորվող «El Sistema» երաժշտական կրթական ծրագիրը: Նրա կարգախոսն էր՝ «Երաժշտությունը՝ հասարակական փոփոխությունների համար»: Համակարգը դասական երաժշտության անվճար կրթություն է ապահովում (ներառյալ երաժշտական գործիքների անվճար տրամադրումը), որը նպաստում է մարդու հնարավորությունների խթանմանն ու աղքատ ընտանիքների երեխաների զարգացմանը: 2015-ի տվյալներով «El Sistema»-ում ներառված էին 400 երաժշտական դպրոցներ եւ 700.000 երիտասարդ երաժիշտներ,-խմբ.) :

Եվ մոտ 50 տարի անց մենք տեսնում ենք արդյունքը. Վենեսուելայում բազմաթիվ երիտասարդական բարձրակարգ նվագախմբեր կան, աշխարհում հայտնի են նաեւ վենեսուելացի փայլուն դիրիժորները, ինչպիսիք են Գուստավո Դուդամելը, Ռաֆայել Պայարեն, Դիեգո Մատեոն, Կրիստիան Վասկեսը եւ, իհարկե, Դոմինգո Հինդոյանը, որը հայկական արմատներ ունի. մենք հրաշալի համագործակցություն ենք ունեցել իրար հետ: (Դոմինգո Գարսիա Հինդոյանը Լիվերպուլի թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորն է: Նրա հայրը՝ Դոմինգո Գարսիան, ջութակահար է, Վենեսուելայի սիմֆոնիկ նվագախմբի հիմնադիրը, մայրը՝ Վիկի Հինդոյանը, Վենեսուելայի Ազգային ժողովի իրավաբան է,-խմբ.):

- Վենեսուելան հարուստ երկիր չէ, ինչպե՞ս եք կարողանում գլուխ բերել:

- Այդքան էլ այդպես չէ. Վենեսուելան նավթային հարուստ պաշարներով երկիր է եւ այնտեղ իրականում անհավանական գումարներ կան: Խոսե Անտոնիոն լավ երաժիշտ լինելուց բացի, շատ խելացի մարդ էր, փայլուն տնտեսագետ, գիտեր՝ ինչպես գործ բռնել իշխանությունների եւ ազդեցիկ մարդկանց հետ: Եթե չեմ սխալվում, հիմա շուրջ մեկ միլիոն երաժիշտ է ներգրավված «El Sistema»-ում, դա աննորմալ թիվ է: Կարծեմ՝ այն ֆինանսավորում է ստանում նաեւ ՄԱԿ-ից, տարբեր անհատներից, նավթային ընկերություններից:


- Իսկ ինչպիսի՞ն է եղել Ձեր ուղին Կարակասից մինչ միջազգային կարիերա, մինչեւ Ձեր փայլուն դեբյուտը հեղինակավոր Կոնսերտգեբաուում:

- Ա՜հ, այն քաղաքական ցնցումներով է անցել: Իմ հայրը դիվանագետ էր եւ աշխատում էր Արգենտինայի դեսպանատանը Վենեսուելայում: Հետո այնտեղ սկսվեց զինվորական բռնապետությունը: Հայրս հրաժարական տվեց, եւ մենք տեղափոխվեցինք Եվրոպա՝ չորս տարի ապրեցինք Լոնդոնում, այնուհետեւ հիմնավորվեցինք Բրյուսելում: Ես եւ քույրս լավ կրթություն ստացանք՝ բնակվելով դասական երաժշտության սրտում: Ի դեպ, Կոնսերտգեբաուի համերգի ծրագիրը պատրաստել եմ Մարթա Արգերիխի եւ Նելսոն Ֆրեյերի հետ: Դա իմ առաջին լուրջ մենահամերգն էր, 1986-ին:

- Ի՞նչն է աշխարհի առաջատար արտիստ դառնալու գրավականը՝ լավ կրթությունը, աշխատասիրությունը, տաղանդը, հաջողությունը, միգուցե ուրի՞շ բան:

- Օ՜հ, չգիտեմ, պետք է այդ արտիստներին հարցնել (ծիծաղում է,-խմբ.): Կարծում եմ՝ մեծ արտիստ դառնալը կապ չունի արտաքին երեւույթների կամ հանգամանքների հետ: Այո՛, պետք է լավ կրթություն ստանաս, շատ աշխատես, նվիրվես մասնագիտությանդ, բաց դա նաեւ մի բան է, որ կախված է նրանից, թե ով ես դու որպես անձնավորություն, որը եւ արտացոլվում է քո արվեստի մեջ: Դա մի խոր, մարդու էության հետ կապված բան է, որը դժվար է անհատից դուրս պատկերացնել: Մարդկային հարաբերությունները, գրքերը, ֆիլմերը, գեղանկարչությունը, ամեն բան, ինչ բացահայտում ես խորությամբ, իրականում այն է, ինչը սնուցում է արտիստին: Մի օր այդ ամենը դուրս է հորդում երաժշտության միջոցով: Ես գիտեմ հրաշալի, անհավանական երաժիշտների, որոնք չեն ստացել փայլուն կրթություն:

- Ովքե՞ր են այն կարեւոր անհատները, որոնց հանդիպել եք կարիերայի ընթացքում, եւ ի՞նչ ազդեցություն են նրանք թողել Ձեզ վրա:

- Առաջինն, իհարկե, Մարթա Արգերիխն է: Նա շատ մտերիմ է հատկապես իմ հոր հետ, եւ որպես մորաքրոջ ճանաչում եմ նրան մանուկ հասակից: Մոտ տասը տարեկանում լսեցի Մարթայի կատարմամբ Պրոկոֆեւի Դաշնամուրի 3-րդ կոնցերտի ձայնագրությունը եւ հիացած էի, շշմած, ինչպե՞ս էր դա հնարավոր: Հանկարծ գիտակցեցի՝ о՜, Աստված իմ, նա յուրահատուկ կին է: Ի դեպ, նա ինձ սովորեցնում էր, որ կատարման ժամանակ չպետք է մեկնաբանությունը լինի միայն կանացի կամ տղամարդկային, եւ կարծում եմ, որ նա միակն է, ով իր մեկնաբանություններում միաժամանակ ե՛ւ կին է, ե՛ւ տղամարդ, եւ ավելին, քան այդ երկուսը միասին:

Էդուարդ Թոփչյանը եւ Սերխիո Տիեմպոն


Մինչ այժմ հիշում եմ նաեւ Նելսոն Ֆրեյերի տված խորհուդը: Ես հինգ տարեկան էի, ասաց, որ պետք է իմ մատները պահեմ այնպես, ասես թռչկոտող կավալինոների (վարգաձի) ոտիկներ են: Շատ տպավորիչ օրինակ էր ինձ համար եւ շատ օգտակար: Ֆրեյերի յուրաքանչյուր կատարումն այս աշխարհից չէր, ես նրա բոլոր համերգները լսում էի արցունքներն աչքերիս:

- Որո՞նք են Ձեր կարիերայի գլխավոր կետերը, որո՞նք կառանձնացնեք:

- Առաջինն իմ քրոջ՝ Կարին Լեխների հետ երկու դաշնամուրի համար գրված գործի ձայնագրությունն էր, 12 տարեկան էի: Նա առաջինն է, ում հետ համերգ եմ ունեցել, մինչ այժմ էլ նա այն անձնավորությունն է, որի հետ նվագելը մեծ հաճույք է ինձ համար: Հետո Կոնսերտգեբաուի համերգն էր: Դրան հաջորդեցին Ճապոնիայով մեկ հյուրախաղերը: Կարիերայիս ընթացքում չեն եղել խոշոր գործակալություններ, որոնք զբաղվեին ինձնով, եւ դա ինձ չի էլ հետաքրքրել. ես կարիերիստ չեմ, մյուս կողմից հաջողակ եմ, քանի որ աշխարհի ամենաարտասովոր երաժիշտների հետ եմ աշխատել՝ դիրիժորներ Կլաուդիո Աբբադո, Մյունգ-Վուն Չունգ, Լեոնարդ Սլատկին... Եվ նվագախմբեր, Աստվա՜ծ իմ, Բոստոնի սիմֆոնիկ, Լոս Անջելեսի ֆիլհարմոնիկ, Նյու Յորքի սիմֆոնիկ, Չիկագոյի սիմֆոնիկ, երաժիշտներ՝ Միշա Մայսկի, Ջոշուա Բելլ... Ինձ համար դա առավել է յուրաքանչյուր հաջողությունից: Մեծագույն երաժիշտների հետ դու միշտ ավելի լավ ես նվագում, նրանք բարձրացնում են քեզ:



- Դուք լսո՞ւմ եք Ձեր ձայնագրությունները, շատ երաժիշտներ չեն սիրում լսել իրենց ձայնագրությունները:

- Օ՜հ, այո, երբեմն: Ես սիրում եմ լսել իմ ձայնագրությունները, քանի որ չեմ ճանաչում ինձ դրանցում, դրանք զարմացնում են ինձ, մի՞թե դա ես եմ: Սիրում եմ անընդհատ փոխել իմ մեկնաբանությունները, նոր արտահայտչամիջոցներ գտնել:

- Մեծ ռեպերտուար ունեք Բրամսից մինչեւ ժամանակակից կոմպոզիտորներ, ովքե՞ր են Ձեր ֆավորիտները:

- Գիտեք, երբ երեխա էի, իմ ֆավորիտը Շոպենն էր: Շատ ռոմանտիկ էի, կարծում եմ՝ հիմա էլ, միգուցե իմ կինը համաձայն չլինի ինձ հետ, բայց միեւնույն է՝ ես ռոմանտիկ եմ (ժպտում է,-խմբ.): Շոպենը կոմպոզիտոր է, որ խոսեց իմ սրտի հետ հենց առաջին քայլերիս ժամանակ: Բայց հետո չեմ կարող այլեւս ընտրություն անել. այնքան չտեսնված կոմպոզիտորներ կան: Ունեցել եմ սիրելի կոմպոզիտորների ժամանակաշրջաններ՝ Բեթհովենի շրջան, բախյան շրջան, ռախմանինովյան: Սիրում եմ նաեւ ոչ դաշնամուրային գործեր, լսում եմ շատ գրծիքային, կամերային գործեր, իհարկե, ջազ, պաշտում եմ ջազը:



- Անվանի շատ երաժիշտների Հայաստան գալու պատճառը նրանց հայ ընկերներն են կամ հայ երաժիշտները, որոնց հետ աշխատել են: Ձեր պարագայում ինչպե՞ս էր:

- Թավջութակահար Սեւակ Ավանեսյանի շնորհիվ եմ այստեղ, որի հետ լավ ընկերություն ենք անում Բրյուսելում: Նա միջնորդեց, կարծեմ՝ նշանակված համերգի դաշնակահարը չէր կարող ժամանել Հայաստան, եւ իմ բախտը բերեց, երբ Սեւակն ինձ առաջարկեց գալ: Որոշ գործեր ունեի, բայց արագ հետաձգեցի եւ եկա:

Արգենտինայում՝ իմ հայրական հայրենիքում, հսկայական հայկական սփյուռք կա, նաեւ ինձ շատ հարազատ անձնավորություն՝ դաշնակահարուհի Լենա Լիսիցյանը, ով անվանի բարիտոն Մեծն Պավելի՝ Պավել Լիսիցյանի թոռնուհին է: Լենան քրոջ պես է ինձ համար, մենք ճանաչում ենք միմյանց Նյու Յորքից: Այնպես որ, իմ կապը հայերի հետ շատ էմոցիոնալ է եւ երկար պատմություն ունի:

- Ի՞նչ կասեք Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկի հետ Ձեր համագործակցության եւ համերգի մասին, ի՞նչ տպավորություններ, էմոցիաներ ունեք:

- Նախ, պիտի շնորհակալություն հայտնեմ հանդիսատեսին համերգին գալու համար: Մենք շատ անհանգիստ էինք նախորդ օրերի պատերազմական գործողությունների եւ շարունակվող լարված իրավիճակի պատճառով: Հուզված էի համերգի ժամանակ եւ երբեմն հազիվ էի զգացմունքներս կառավարում: Կարծում եմ՝ այս գեղեցիկ երաժշտությունն ինչ-որ առումով բուժիչ եւ անհարժեշտ բալասան էր: Իսկ ֆիլհարմոնիկի երաժիշտները ֆանտաստիկ են: Մեր հանդիպման հենց առաջին նոտայից զգացի նրանց խանդավառությունը, նվիրվածությունը, երաժշտական շփման մշակույթը, զգացողությունների խորությունը: Եվ մաեստրոն, օ՜հ, Էդուարդոն ուղղակի հրաշք է, այնքան ազատ եւ հեշտ եմ նվագում նրա հետ, կարծես ձեռնոցի պես հարմար նստի իմ ձեռքերին, անհավանական է, նա շատ տաղանդավոր է: Եվ ես հուսով եմ, որ սա մեր համագործակցության սկիզբն է, իրոք մեծ հաճույք եմ ստացել միասին նվագելուց:

Էդուարդ Թոփչյանը եւ Սերխիո Տիեմպոն


- Ինչպե՞ս եք սիրում անցկացնել ազատ ժամանակը:

- Հասցրել եմ Սեւակի հետ զբոսնել Երեւանի տեսարժան վայրերով, համտեսել եմ հայկական ֆանտաստիկ համեղ ուտեստներ: Իսկ տանն ընտանիքիս հետ եմ անցկացնում՝ կնոջս, երեխաներիս: Ազատ ժամանակս քիչ է: Աղջիկս՝ Միլան, 11 տարեկան է, տղաս՝ Նելսոնը՝ 7 տարեկան: Երկուսն էլ դաշնամուր են նվագում, նրանց ուսուցիչը նույնպես մայրս է: Բնականաբար, իմ ընտանիքում բոլորը պիտի դաշնամուր նվագեն:

- Անգամ Ձեր կի՞նը:

- Իմ կինն իրավաբան է, բայց մեր ծանոթության պատճառը դաշնամուրն էր: Նա իմ ընկերոջ մոտ դաշնամուրի դասերի էր հաճախում, եւ այդպես եմ ծանոթացել ու անմիջապես սիրահարվել: Արդեն 14 տարի է՝ միասին ենք, եւ զգողություն է, կարծես, նոր ենք սիրահարվել:

- Կա՞ բնավորության մի գիծ, որ կցանկանայիք ձեռք բերել կամ զարգացնել Ձեր մեջ:

- Ա՜խ, հըմ... Շատ բաներ, առաջինը՝ համբերությունը. շատ անհամբեր եմ: Հետո համարձակությունը, այո: Երաժշտության մեջ չէ, այստեղ ես համարձակ եմ, այլ կյանքում. հիմնականում ես գնում եմ հոսանքի ուղղությամբ, ինձ պակասում է համարձակությունը:

- Եթե մի օր գիրք գրվի Ձեր մասին, ինչպե՞ս այն կուզեիք վերնագրվի:

- Օ՜, հա, հա, հա. «Փիթեր Փեն»:

Զրուցեց Աստղիկ Դալլաքյանը
Լուսանկարները՝ Մարիա Վարդանովայի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին