×


Հրաչյա Հարությունյանի «Օրնիֆլը»՝ Դրամատիկականում. պրեմիերայի հետաքրքիր դրվագներն ու հայտնի հյուրերը

Երեւանի Հ․ Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում մոտ երկու տարվա դադարից հետո նոր ներկայացում կա։ Այսուհետ խաղացանկում կլինի դերասան, ռեժիսոր Հրաչյա Հարությունյանի բեմադրած «Օրնիֆլ» տրագիկոմեդիան, որի առաջնախաղին ներկա է եղել նաեւ BRAVO.am-ը, լուսանկարել է մեծ պրեմիերայի ընթացքը, հյուրերին, ինչպես նաեւ եղել ետնաբեմում, զրուցել ներկայացման հեղինակների ու դերակատարների հետ։

Ֆրանսիացի դրամատուրգ Ժան Անույի «Օրնիֆլ» պիեսը հայերեն է թարգմանել թատրոնի դերասան Արտաշես Մխիթարյանը, որից հետո էլ սկսել են բեմադրման աշխատանքները՝ ներգրավելով տասից ավելի դերակատարի։ Հրաչյա Հարությունյանը, որ նաեւ հանդես է գալիս ներկայացման գլխավոր դերում, նախընտրում է չխոսել իր գործերի մասին. կարծում է՝ դրանք ավելի պատկերավոր են խոսում կատարված աշխատանքի մասին։ Բայց նրա փոխարեն դա անում են գործընկերները՝ պատմելով իրենց համագործակցության, բեմադրության ընթացքի ու ներկայացման առանձնահատկությունների մասին:


«Մի բան է դասական գործը, մեկ այլ բան, թե ինչ է բեմադրիչը դրանից ստանում։ Հրաչյա Հարությունյանը երրորդ աչք ունի, հետաքրքիր մոտեցում, որի շնորհիվ կարողանում է ժամանակակից լուծումներով հետաքրքիր գործ ստանալ, եւ հանդիսատեսն այն մի շնչով կդիտի միանշանակ։ Մենք բաց ճակատով եւ մեծ ուրախությամբ հայտնել ենք, որ ունենք նոր ներկայացում կորոնավիրուսի եւ պատերազմի հետ կապված դադարից հետո, եւ այսօրվանից մտնում ենք մեր սովորական ընթացքի մեջ»,- ասաց Արտաշես Մխիթարյանը։
Նրա խոսքով՝ թեեւ թարգմանիչ չէ, բայց նախկինում պիեսներ թարգմանելու փորձ էլի է ունեցել։ Առաջարկը ստացել է թատրոնի ղեկավարությունից եւ մոտ երկու ամսում փորձել է «Օրնիֆլը» հայաֆիկացնել, որից հետո բեմադրիչը՝ Հրաչյա Հարությունյանը, իր շտկումներն է մտցրել․«Հետաքրքիր էր գործընթացը, թարգմանության ընթացքում ինձ համար բոլոր կերպարներն առանձնահատուկ էին։ Բարդություններ թերեւս եղել են բանաստեղծական մասի հետ կապված։ Այդ հարցում մեզ օգնեց Ավետ Բարսեղյանը, որն էլ ռեժիսորի առաջարկով թարգմանեց բանաստեղծություններն ու սաղմոսները։ Նա շատ ավելի փորձառու է, ու կարծում եմ՝ շատ գեղեցիկ է ստացվել այն, ինչ այսօր ունենք»,- նկատեց Արտաշեսը։


Ներկայացման մյուս դերերում հանդես են գալիս Լուիզա Ղամբարյանը, Նարինե Պետրոսյանը, Լեւոն Հախվերդյանը, Մարիամ Ադամյանը, Ռուբեն Կարապետյանը, Արա Գեւորգյանը, Էդուարդ Գասպարյանը, Նարեկ Մարտիրոսյանը, Լիզա Բարսեղյանը, Էմմա Մանուկյանը, Էմմա Մկրտչյանը, Լիդիա Գրիգորյանը, Ռոբերտ Զախարյանը, Նարեկ Քթոյանը, Վլադիմիր Մսրյանը (կրտսեր) եւ Էվելինա Շախիրյանը (կրտսեր):


Վստահաբար, ներկայացման ամենասիրելի հերոսներից է լինելու Նարինե Պետրոսյանի կերպարը. Օրնիֆլի քարտուղարուհուն է մարմնավորում։ Ինչպես նշում է դերասանուհին, իր հերոսուհին կարծես ներկայացման խիղճը լինի․«Մի աղջնակ, ունենալով որոշակի արատներ, միտումներ ունի բոլորին հավասար լինելու, իր պատկերացումներում նա ամեն ինչ ճիշտ է անում, ու երեւի թե խնդիրը հենց դա է։ Նա միշտ բարձրաձայնում է խղճի մասին, քանի որ Օրնիֆլի կերպարի մեջ տեսնում է այնպիսի հատկանիշներ, որոնց հետ համաձայն չէ։ Այդ իսկ պատճառով փորձում է գութը շարժել, խղճին կպնել, միշտ բոլորի հանդեպ փորձում է արդարացի լինել»։

Դերասանուհու կարծիքով՝ ներկայացումը հետաքրքիր կլինի այն մարդկանց համար, որոնք սիրում են թատրոն գնալիս խորհել, որոշակի ենթադրություններ անել․«Ավելի պատրաստված հանդիսատեսի համար է՝ թե՛ ճաշակի, թե՛ մտքի, եւ թե՛ միգուցե դերասանական կատարումների ընկալման իմաստով»։


Գլխավոր հերոսի ընկերոջը մարմնավորում է դերասան Արա Գեւորգյանը։ Նա ընդգծում է, որ ներկայացումը դիտելիս պիտի առանձնակի ուշադրությամբ հետեւել երկխոսություններին․ դրանք մտածելու տեղիք են տալիս ոչ միայն սյուժեի շուրջ, այլեւ առհասարակ՝ կյանքի ու մարդկային հարաբերությունների․«Այս ներկայացումը հետաքրքիր կլինի տարբեր տիպի մարդկանց համար՝ թե՛ մեր պրոֆեսիոնալ հանդիսատեսի, թե՛ թատերասեր, եւ թե՛ զվարճասեր հանրության համար։ Բեմադրության մեջ կա այդ ամենը՝ հումոր, փիլիսոփայություն, տխրություն, ցավ, ուրախություն․․․ Պատահական չէ, որ ներկայացման ժանրը տրագիկոմեդիա է»։

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին