×


Ինչպես պատրաստվել քովիդի դեմ պատվաստմանը. խորհուրդներ բժշկից

Պատվաստման ագրեսիվ քարոզողների եւ դեմ արտահայտվողների բանակների ու կռիվների արանքում կան մարդիկ, ովքեր օրուգիշեր համացանցը քրքրում են՝ հասկանալու՝ ինչ անել, ինչու պատվաստվել, ինչպես պատրաստվել պատվաստմանը, դրանից հետո ինչ անել։ Որոշեցինք թեթեւացնել նրանց գործն՝ ի մի բերելով բժշկական խմբերում ամենահաճախ հնչող հարցերն ու անգամ ծիծաղելի թվացող միֆերը բժշկուհի Նաիրա Սարգսյանի հետ։

Ինչ անել

Հատուկ միջոցառումների կարիք չկա: Եթե ունեք քրոնիկական հիվանդություն, խորհուրդ կտայի կապվել հսկող բժշկի հետ ու պատվաստման հետ կապված համատեղ որոշում կայացնել։ Բացի այդ, խորհուրդ կտայի յուրաքանչյուրին ուշադիր ուսումնասիրել պատվաստանյութերը, հաշվի առնել արդյունավետությունը, տարբեր երկրների կողմից ճանաչումը, կողմնակի ազդեցությունների հանդիպման հաճախականությունը, նոր կատարել հիմնավորված որոշումը պատվաստանյութի ընտրության հարցում։

Կարելի է, չի կարելի

Խուհուրդ չի տրվում նախքան պատվաստումը հետպատվաստումային ռեակցիան մեղմելու համար օգտագործել հակաբորբոքային պրեպարատներ, ինչպիսիք են պարացետամոլը, իբուպրոֆենը, սակայն պատվաստումից հետո, ըստ անհրաժեշտության, կարելի է։ Ալկոհոլի կիրառման հետ կապված խիստ սահմանափակում չկա, սակայն բժիշկները խորհուրդ են տալիս պատվաստման առաջին օրերին խուսափել։

Եթե խիստ հուզվում եք

Հանգստացնողները հակացուցված չեն, եթե առանց բժշկի նշանակման պրեպարատ է։ Իսկ եթե ավելի լուրջ դեղորայք է, ապա ցանկալի է խորհրդակցել բժշկի հետ։

Լողանա՞լ

Եթե անձն իրեն լավ է զգում, վիճակը թույլ է տալիս, ապա հանգիստ կարող է լողանալ։

Վարակակի՞ր է պատվաստված անձը՝ զուտ պատվաստանյութի առկայության պատճառով

Ո՛չ: Պատվաստանյութն անձին վարակիչ չի դարձնում։ Մեկուսանալու կարիք էլ չկա։

Ալերգիկներն ու պատվաստումները

Հակացուցում է ալերգիան պատվաստանյութի բաղադրամասերի նկատմամբ։ Սննդային ալերգիան կամ կենդանիների մազածածկույթի նկատմամբ ալերգիան հակացուցում չէ։  Եթե ունեք դեղորայքային ալերգիա, ապա պետք է թերապեւտի հետ քննարկել, սակայն կրկին մեծամասամբ հակացուցված չէ պատվաստումը։

Ում է հակացուցված

Բացարձակ հակացուցում է պատվաստանյութի հանդեպ ծանր ալերգիկ ռեակցիան, այսինքն, եթե առաջին դեղաչափից հետո զարգացել է անաֆիլակտիկ շոկ կամ ալերգիկ այլ ծանր վիճակ, ապա հաջորդ դեղաչափը չի արվում։

Ժամանակավոր հակացուցում են միջին եւ ծանր ընթացքով սուր հիվանդությունները, ինչպես նաեւ քրոնիկական հիվանդությունները սուր փուլում։ Այս դեպքում պետք է սպասել վիճակի կայունացմանը, ապա նոր պատվաստվել։

Բժշկուհի Նաիրա Սարգսյանը


Հղիները

Հղիները գտնվում են Քովիդ-19-ի ծանր ընթացքի ռիսկի խմբում եւ իրենց դեպքում պատվաստման օգուտը գերակշռում է հնարավոր վտանգներին։ Ուստի, ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս հղիներին պատվաստվել։ Ընդ որում, նախընտրելի ժամկետ չկա։

Հակամարմինների թե՞ստ

Հակամարմինների դրական պատասխանը հակացուցում չէ կամ հիմք չէ պատվաստումը հետաձգելու։ Գիտեմ, շատերը կասեն, որ այլ երկրներում նոր հիվանդացածներին հետաձգում են պատվաստումը 3-6 ամսով, սակայն այստեղ պետք է ընդգծել, որ այդ երկրներում հաշվի է առնվում պատվաստանյութի սահմանափակ քանակը, այսինքն՝ առաջնահերթությունը տրվում է հակամարմին չունեցողներին, ովքեր, փաստորեն, չունեն որեւէ պաշտպանություն։ Իսկ դրական հակամարմինների թեստով անհատները կարող են սպասել։ Մեր երկրում պատվաստման ցածր տեմպերի պարագայում նման խնդիր չունենք։

Ի՞նչ հետազոտություններ անցնել

Նախքան պատվաստումը որեւէ հետազոտության կարիք չկա։ Հատկապես արյան մակարդելիության գործոնների (արյան խտության) անալիզը սկսվեց մեր հասարակությունում շատ կարեւորվել այն բանից հետո, երբ Դանիան ամիսներ առաջ հայտնեց, որ Աստրա Զենեկայի պատվաստանյութից դիտվել են թրոմբոզի դեպքեր։ Սակայն նշեմ, որ նման դեպքերը խիստ հազվադեպ են եղել, ու բացի այդ, նման պացիենտների տվյալների վերլուծությունը որեւէ ընդհանուր շեղում չի հայտնաբերել։ Սա նշանակում է, որ նախօրոք անալիզ հանձնելով, հետազոտություն անցնելով, ցավոք, հնարավոր չէ կանխագուշակել, թե ինչ բարդություն կզարգանա կամ առավել եւս կանխարգելել այդ բարդությունը։ Ուստի, եթե չկա ցուցում, միայն պատվաստման համար հետազոտություն անելու իմաստ չկա։

Վիտամին  D, C, Zinc

Վիտամին C-ն, D-ն, ցինկը թեթեւ ընթացքով Քովիդ-19 հիվանդության ժամանակ հաճախ նշանակվող պրեպարատներ են։ Համարվում է, որ դրանք ունեն դիմադրողականությունը բարձրացնող նշանակություն։ Սակայն որեւէ նշանակալի դեր չունեն հիվանդության բուժման հարցում։

Հայաստանում առկա պատվաստանյութերի մասին

Համեմատական հետազոտությունները ցույց են տվել, որ առավել բարձր արդյունավետություն ունեն mRNA-պատվաստանյութերը, որոնցից Հայաստանում կիրառվում է Մոդերնան։ Պետք է նշել, որ պատվաստանյութերի արդյունավետությունը իր մեջ ներառում է ոչ միայն պաշտպանությունը հիվանդությունից, այլ նաեւ վարակի տարածման կանխումը, ծանր ընթացքի ու մահվան կանխարգելումը։ Վերջին երկու կետով առկա պատվաստանյութերի ցուցանիշները պրակտիկորեն մոտ են։

Ցիկլի խանգարում

Նման խանգարումներ դիտվել են, սակայն ուսումնասիրության կարիք կա, քանի որ պետք է տարանջատել՝ խախտումը պայմանավորված է եղել պատվաստմամբ պայմանավորված սթրեսային իրավիճակով, հետպատվաստումային ռեակցիայով, թե պատվաստանյութով։

Հետպատվաստումային սիմպտոմները

Կողմնակի երեւույթները շատ տարբեր կարող են լինել. առավել հաճախ հանդիպում են ներարկման տեղում ցավ, կարմրություն, այտուցվածություն, ընդհանուր թուլություն, ջերմության բարձրացում մինչեւ 37․5°C, գլխացավ եւ այլն։

Պատվաստման նպատակը եւ իմաստն օրգանիզմում յուրահատուկ իմունիտետի ձեւավորումն է կոնկրետ ինֆեկցիայի նկատմամբ, տվյալ դեպքում՝ կորոնավիրուսի։ Այդ իմունիտետի ձեւավորումն իրականանում է մի շարք մեխանիզմների արդյունքում, որոնց գործարկման համար արտադրվող նյութերը հենց պայմանավորում են հետպատվաստումային ռեակցիան։ Հետազոտությունները հստակ օրինաչափություն չեն ֆիքսել պատվաստանյութի կողմնակի երեւույթների արտահայտվածության աստիճանի եւ ձեւավորվող իմունիտետի «ուժգնության» միջեւ։

Ում մոտ ավելի ուժեղ է իմունային ռեակցիան, նրա օրգանիզմն ավելի պաշտպանվա՞ծ է

Ինչպես նշեցի, նման հստակ կորելյացիա չունենք։

Ինչպես թեթեւ տանել

Լավ տրամադրվել, պատվաստման օրը խիստ սահմանափակումների մեջ չընկնել, ըստ անհրաժեշտության՝ խմել ցավազրկողներ։

Ինչո՞ւ են Մոդերնայով պատվաստման ժամանակ հետեւանքներն ավելի շատ ու ցավոտ, քան չինական պատվաստանյութերի. արդյո՞ք դրանք թույլ են։

Հետպատվաստումային ռեակցիան կախված է պատվաստանյութի տեսակից, բաղադրությունից, ինչպես նաեւ ընդունող օրգանիզմից։ Չինական պատվաստանյութը որոշակի զիջում է արդյունավետությամբ Մոդերնային, սակայն դրա հետ կապել կողմնակի էֆեկտների արտահայտվածությունը, կարծում եմ, այդքան էլ ճիշտ չէ։

Ի՞նչ վատ հետեւանքներ կունենա մի դեղաչափի ընդունումը։

Չի ձեւավորվի իմունիտետ կորոնավիրուսային վարակի նկատմամբ ու վարակվելու դեպքում օրգանիզմը կլինի «անզեն»։

Ուշացումը

Պատվաստանյութերի օրացույց կազմելիս ընտրվում  է այն ինտերվալը, որն առավել արդյունավետն է ձեւավորում կայուն իմունիտետ, այսինքն, ցուցված ժամկետից ուշացման դեպքում պաշտպանվածությունը կարող է լինել ավելի ցածր ու կարճատեւ։ Մոդերնայի դեպքում ուշացումը մինչեւ 42 օրն է թույլատրվում։

Բուսթեր

Այլ երկրների փորձը թույլ է տալիս ենթադրել, որ բուսթերի կարիք կլինի։ Հարցն այն է, թե որ պատվաստանյութի դեպքում ինչ ժամկետներ կլինեն, ինչ դեղաչափեր ու արդյոք կվերաբերվի բոլորին, թե միայն խոցելի խմբերին։

Ինչո՞ւ պատվաստվել

Որպեսզի կանգնեցնենք համաճարակը։

Սերինե Միքայելյան
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին