Տիգրան Ներսիսյանը բեմական հագուստով է, որովհետեւ փորձից անմիջապես հետո ենք հանդիպել։ Այս անգամ մարմնավորում է Բերտոլդ Բրեխտի «Արթուրո Ուիի կարիերան, որ պետք է կանխվեր» պիեսի հիման վրա բեմադրված ներկայացման գլխավոր հերոսին։ Այսօր մեր զրույցն ամենեւին էլ թատրոնի մասին չէ, թեեւ կռահելը դժվար չէ։ Ընտանեկան լուսանկարների կողքին հատուկ այս առիթով նրա աշխատասենյակում են հայտնվել Շառլ Ազնավուրի երգերի ժողովածուները։ «Սիրով՝ զարմիկիս՝ Տիգրանին, Շառլ»՝ ահա այս մակագրության պատմության հետքով էլ գնացինք։
Դեպի տոհմածառի արմատները
Հայրական արմատներս Մուշից են՝ Լիս գյուղից: Պողոս պապս եւ Եղիսաբեթ տատս ջարդերի ժամանակ փախել են Թիֆլիս։ Այստեղ ստեղծվել է նրանց ընտանիքը եւ ծնվել են երեխաները՝ Մամիկոնը, Շողիկը, Շուշանը եւ հայրս՝ Բաբկենը: Մայրս՝ Ժենյան, որի նախնիները Դոնեցկից ու Ախալցխայից էին, նույնպես Թիֆլիսում էր ապրում։ Այստեղ էլ ծնողներս ամուսնացել են, հետո եկել Երեւան։
Տիգրան Ներսիսյանը
Շառլ Ազնավուրը՝ տոհմածառի մի ճյուղ
Ազնավուրը Հայաստանում շատ ազգականներ ունի, ընդ որում՝ ավելի մոտ ազգակցական կապով։ Մայրս ու Շառլը երկու եղբայրների թոռներ են։ Առաջին անգամ նրանք հանդիպել են 1964-ին, երբ Ազնավուրը եկել էր Երեւան։ Համերգին, որը Հայֆիլհարմոնիայի դահլիճում էր, Ազնավուրը հրավիրել էր իր բոլոր բարեկամներին։ Համերգից հետո իր ազգականների համար ճաշկերույթ է կազմակերպել, որին ներկա է եղել նաեւ մայրս։ Չգիտեմ, թե ինչպես է կազմակերպվել այդ հանդիպումը, բայց գիտեմ, որ նախաձեռնողը հենց Ազնավուրն է եղել։ Մինչ այդ հանդիպումն ու դրանից հետո էլ նամակագրություն չի եղել մորս եւ Ազնավուրի մեջ։ Գիտեք, այստեղ նուրբ հարց կա. նախ՝ մայրս չէր հանրայնացնում իրենց ազգակցական կապը՝ շահարկումներից խուսափելու համար։ Խուսափում էր նաեւ նամակագրություն նախաձեռնելուց, ասում էր՝ պետք չէ, գուցե սխալ հասկանան, մտածեն՝ ակնկալիք ունենք: Դրա համար այդ հարցում շատ համեստ էր պահում իրեն:
Ազնավուրը՝ Բաբկեն Ներսիսյանի մասին
1992 թվականն էր, երբ Ազնավուրն էլի եկավ Երեւան: Մայրս հեռուստացույցով տեսավ նրան ու որոշեց հանդիպել։ Ասաց՝ «Գնալու եմ, Շառլին տեսնեմ, ի՞նչ իմանամ, թե մեկ էլ երբ կտեսնեմ, չէ՞ որ նա իմ հարազատն է»: Մի օր եկա տուն, տեսնեմ՝ տանը չէ։ Նելլիին հարցրի, ասաց՝ գնացել է Շառլին տեսնելու: Մտածում էի՝ խառը ժամանակներ են, դժվար կլինի մոտենալը, բայց նաեւ մորս լավ գիտեմ․ եթե մի բան ուզում էր, անում էր, օրինակ՝ որեւէ պաշտոնյայի էր ուզում տեսնել, կարող էր գնալ, դուռը բացել, ներս մտնել: Որքան էլ տարօրինակ էր կամ օրինաչափ, հաջողացրել էր տեսնել։ Ազնավուրը հյուրանոցից դուրս գալիս է եղել, մայրս մոտեցել է։ Չնայած՝ իրենց վերջին հանդիպումից շատ տարիներ էին անցել, մայրս փոխվել էր, Ազնավուրը ճանաչել է։ Ինձ համար շատ կարեւոր է, որ այդ պահին կողքին թղթակիցներ են եղել, եւ Նարինե Թուխիկյանը նկարել է այդ հանդիպումը՝ ինչպես են խոսում, ինչպես են ծիծաղում։ Վերջում էլ մայրս ասում է՝ «Շառլ ջան, կկանչե՞ս մոտդ գամ», Ազնավուրն ասում է՝ անպայման։ Պայմանավորվում են ու մինչ Ազնավուրի մեկնելը մի անգամ էլ են հանդիպում։
Իմանալով, որ մայրս կրկին հանդիպելու է Ազնավուրին՝ ասացի, որ վերցնի իմ հավաքածուի այս վինիլային սկավառակը եւ խնդրի մակագրել։ Մայրս առաջարկեց իր հետ գնալ, ասաց՝ կտեսնեմ, կծանոթանամ Շառլի հետ։ Բայց ես, էլի մեր բնավորության համաձայն, չցանկացա օգտագործել հանդիպման առիթը, չնայած՝ ինձ համար դա երջանկություն կլիներ։ Մորս եւ Ազնավուրի երկրորդ հանդիպումն ավելի երկար է տեւել. նստել են, սուրճ խմել, զրուցել։ Ներկա է եղել նաեւ նրա դուստրը։ Երբ մորս հարցուփորձ է արել ընտանիքի մասին, շատ է ուրախացել՝ իմանալով, որ Բաբկեն Ներսիսյանն իր ազգականուհու ամուսինն է, իսկ ինքը լավ գիտեր հորս եւ հատկապես՝ նրա կերտած Սայաթ-Նովայի կերպարը: Այդ պահին իր ընկերների մոտ անգամ կատակել է, թե տեսնո՞ւմ եք՝ մեր գերդաստանում միայն մեծեր են, միայն հանճարներ են, նույնիսկ իմ հարազատի ամուսինն է մեծ դերասան։
Տիգրան Ներսիսյանը
Հանդիպման ժամանակ մայրս խնդրում է մակագրել իմ ուղարկած սկավառակը։ Ինքը զարմանում է, որ վինիլ ունեմ դեռ, իսկ ես դրանք գնել էի, երբ պատանի էի ու տարված էի Deep Purple, Pink Floyd ու այլ խմբերով, Ազնավուրն էլ իր տեղն ուներ այդ շարքում։ Նա այսպես է մակագրում՝ սիրով, իմ զարմիկ Տիգրանին, Շառլ։ Նա նաեւ իր СD-ներից է նվիրում, մեկը՝ մակագրված։ Ինձ համար, իհարկե, մեծ ուրախություն էր։ Դրանք ես մասունքի պես եմ պահում։ Ի դեպ, Սեդա Ազնավուրն էլ մորս օծանելիք էր նվիրել՝ ասելով, թե այս բույրը թող միշտ հիշեցնի իրենց մասին, իր հայրիկի մասին։ Ցավոք, դա նրանց վերջին հանդիպումն էր։ Հետո, երբ Շառլը գալիս էր Հայաստան, մայրս չէր ցանկանում նրան անհանգստացնել։
Տիգրան Ներսիսյանը
Ազնավուրը՝ Ներսիսյանների «տան անդամ»
Ինքը մեր տան անդամն էր. ես աչքս բացել եմ, իրեն տեսել եմ, մեր պատերին իր համերգների նկարներ էին փակցված։ Նա մեզ համար հարազատ էր, բայց ոչ այն պատճառով, որ մայրիկիս հետ ազգակցական կապ կար. Ազնավուրը բոլորինս էր։ Եվ իմ սերն իր արվեստի նկատմամբ դեռ պատանի տարիքից էր։ Մինչեւ հիմա էլ այս սկավառակները՝ նրա ստորագրությամբ, իմ տունն են զարդարում։ Դրանք ինձ միշտ հիշեցնում են այն գեղեցիկ պահերը, որ նա պարգեւել է իմ ընտանիքին։ Իսկ այն, ինչ արել է, հայրենիքի համար՝ որպես հայ, անգնահատելի է։
Զրուցեց Անահիտ Փիլոսյանը
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: