Աշխարհի շատ բեմերում ու ամենատարբեր ռեժիսորների կողմից բեմադրված «Համլետը» ՀՀ ժողովրդական արտիստ Արա Երնջակյանի ձեռագրով բեմ է բարձրացել Երեւանի կամերային պետական թատրոնում: BRAVO.am-ը դեկտեմբերի 4-ին ներկա է եղել առաջնախաղին, զրուցել բեմադրող ռեժիսորի, դերակատարների հետ, նաեւ լուսանկարել հետաքրքիր դրվագները: Երնջակյանի խոսքով՝ մոտ 400 տարի առաջ գրված այս գործի հեղինակը, եթե այսօր բեմադրեր այն, ապա հաստատ շատ այլ ու նորովի կմատուցեր, իսկ իրենց թատրոնը յուրովի է մոտեցել գործին։
«Շատերը գիտեն, որ մեր թատրոնը մի քիչ անհանգիստ ու աննորմալ է, եւ բեմադրել Շեքսպիր այնպես, ինչպես գրված է, հետաքրքիր չէր լինի ո՛չ մեզ, ո՛չ հանդիսատեսին, եւ այս պատճառով անսովոր բեմադրություն եղավ: Հանդիսատեսը կհասկանա եւ կընդունի այս գործը. ես այդպես եմ կարծում»,- նշել է Երնջակյանը եւ հավելել, որ ներկայացումը փառատոնային է.«Արդեն կան հրավերներ արտերկրից: Հույս ունեմ, որ հաջողություն կունենա դրսում: Արվել են իմպրովիզացիաներ ու շատ բաներ այլ ձեւ է մատուցվել, ինչը հետաքրքրություն կառաջացնի»:
Սենիկ Բարսեղյանը ներկայացման երկրորդ ռեժիսորն է, իսկ կոմպոզիտորը Վահե Գրիգորյանն է: Ներկայացման առանցքային կերպար Համլետի դերում երիտասարդ դերասան Ավետ Զոհրաբյանն է, որը նոր է ավարտել Թատերական ինստիտուտը եւ այս ներկայացումը նրա համար դեբյուտային է: Երնջակյանի գնահատմամբ՝ դերասանն արդարացրել է իրեն:
«Բոլորը սպասում էին, որ Սենիկ Բարսեղյանը պետք է խաղար Համլետի կերպարում, բայց ես շատ ուրախ եմ, որ հենց նա էլ հասկացավ, որ այստեղ ավելի երիտասարդ ու խենթ դերասան է հարկավոր: Կարծում եմ՝ Ավետը կարողացավ ստանալ աննորմալ կերպար»,-նշել է թատրոնի գեղարվեստական ղեկավարը:
Երիտասարդ դերասանն առաջնախաղից առաջ հուզված էր: Ստացած հնարավորության ու դերի համար Ավետ Զոհրաբյանը շնորհակալ է թատրոնի ռեժիսորներ Լուսինե Երնջակյանին եւ Արշո Հարությունյանին:
«Նրանք ինձ ծանոթացրին Արա Երնջակյանի հետ: Առաջարկը ստանալուց հետո սրտխփոցս չի դադարել: Բառերով հնարավոր չէ նկարագրել, թե ինչպիսի պատասխանատվություն ես զգում այն պահին, երբ քեզ միանգամից գլխավոր դեր են առաջարկում, ու պետք է խաղաս մի թատերախմբում, որտեղ միշտ բոլոր դերասանները փայլել են բեմում ու հաջողություններ գրանցել: Նոր բան ասելը շատ դժվար է, իսկ լարվածությունը՝ մեծ»,- անկեղծացել է դերասանն ու հավելել.«Համլետի կերպարը միշտ քննարկվելու է, քանի որ նրա քայլերը հանգեցրել են մեծ աղետի՝ Դանիայի կործանմանը»:
Երնջակյանական ոչ ստանդարտ լուծումներն իրենց խաղով ամբողջացրել են ՀՀ վաստակավոր արտիստ Գրիգոր Բաղդասարյանը, Վահե Զիրոյանը, Լուիզա Ներսիսյանը, Ներսես Մարկոսյանը, Մխիթար Ավետիսյանը, Մարիկա Դովլաթբեկյանը, Ժորա Մարտիրոսյանը, Դավիթ Աբրահամյանը, Նարեկ Ալեքսանյանը եւ Մհեր Ալաբեգյանը:
Լուիզա Ներսիսյանը Համլետի մոր՝ Գերտրուդի դերակատարն է: Դերասանուհու խոսքով՝ Շեքսպիրը դասական հեղինակ է, որին շատերն են անդրադառնում, քանի որ նրա գործերում կան շերտեր, որոնք մեկնաբանությունների հնարավորություն են տալիս:
«Հաջողում են այն ռեժիսորները, որոնք շեքսպիրյան աշխատանքի միջոցով կարողանում են իրենց պատմությունը պատմել: Շեքսպիրյան լեզուն պահելով՝ ռեժիսորը ներկայացնում է այն, ինչի կարիքն այսօր հանդիսատեսն ունի, իսկ Կամերային թատրոնը հետաքրքիր է միշտ, որովհետեւ երբեք ժամանակավրեպ չէ: Ես սիրում եմ Արա Երնջակյանի անսովոր ձեռագիրը, երբ ոչ մի բառ պատահական չէ: Բեմադրությունն ունի երաժշտականություն, ինչը վերաբերում է ե՛ւ գործողություններին, ե՛ւ խոսքին, ե՛ւ տեսարանը կառուցելուն: Դժվար աշխատանք է այն առումով, որ եթե չես պահում երաժշտականությունը, ապա ներկայացումը կարող է փլվել»,-եզրափակել է Ներսիսյանը:
Տեքստը՝ Արմինե Բրսոյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: