×


Եվա Գեւորգյանը՝ կոտրած ջութակի, դաշնակահարուհու կարիերայի, ծնողների եւ Սեւանավանքի մասին

«Թե ինչպես ժյուրին կորոշի գնահատել նրան, մեծ նշանակություն չունի: Նա Շոպենի 18-րդ մրցույթի բացահայտումն է: Նրան այլեւս չեն մոռանա… Նրա նվագն արտասովոր հնչողություն ունի: Նա ստիպում է դաշնամուրին խոսել, պատմել: Նրա հասունությունը, մտքի թռիչքը, հանդարտությունը հիասքանչ են: Նա հետ սանրած սանրվածք ունի, երբեմն սլավոնական երկար հյուսքով է, երբեմն էլ նրա վարսերը ոսկյա ջրվեժի պես են: Աղջիկ՝ հյուսիսային հեքիաթից»՝ այսպես է բնութագրում նրան երաժշտաքննադատ, գրող, ձայնագրման պրոդյուսեր Ատեշ Օրգան (colinscolumn.com, 20.10.2021): 

17-ամյա մեր հայրենակիցը՝ Հայաստանն ու Ռուսաստանը ներկայացնող տաղանդավոր դաշնակահարուհի Եվա Գեւորգյանը, Շոպենի անվան 18-րդ միջազգային մրցույթի ֆինալիստ է: Հոկտեմբերին Վարշավայում տեղի ունեցած մրցույթին մասնակցել է 164 դաշնակահար, որոնցից եզրափակիչ փուլ են անցել ընդամենը 12-ը: Կազմակերպիչները հայտարարել են, որ Եվան հեղինակավոր մրցույթի պատմության մեջ ամենաերիտասարդ ֆինալիստն է:

Եվա Գեւորգյանը վերջերս Հայաստանում էր, եւ մենք առիթ ունեցանք զրուցել նրա հետ:

- Հեշտ չէ մրցույթի մասնակցելը, այն էլ՝ դաշնակահարների ամենահեղինակավոր մրցույթներից մեկին: Ինչպե՞ս է անցել նախապատրաստական շրջանը, որքա՞ն ժամանակ եք պատրաստվել ելույթներին:

- Ճիշտն ասած՝ մասնակցելու որոշումս փոքր-ինչ ինքնաբուխ էր: Շատ զբաղված էի տարբեր ելույթներով եւ ստիպված էի հենց համերգների ժամանակ պատրաստվել մրցույթին, չնայած՝ նվագում էի ոչ միայն Շոպեն: Փորձում էի մրցույթի համար պահանջվող ստեղծագործությունները լիարժեքորեն իմը դարձնել եւ կատարելագործել ելույթներիս ժամանակ, այդպես՝ մոտ կես տարի:

Եվա Գեւորգյանը


- Սա ուղղակի մարաթոն է. Դուք նվագել եք Շոպենի 16 ստեղծագործություն՝ նոկտյուրներ, մազուրկաներ, վալսեր, պոլոնեզներ, եզրափակչում՝ Դաշնամուրի թիվ 1 կոնցերտը՝ Վարշավայի Ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ: Որքա՞ն ժամանակ տեւեց բուն մրցույթը:

- Սկզբում նախընտրական փուլն էր՝ տեսանյութերով, հուլիսին հանդես եկանք կենդանի կատարումներով, իսկ արդեն ողջ հոկտեմբերին մրցույթի հիմնական չորս փուլերն էին:



(Այս տարի մասնակցության հայտ էին ներկայացրել մինչեւ 29 տարեկան ավելի քան 500 դաշնակահար ամբողջ աշխարհից, սա ռեկորդային ցուցանիշ է մրցույթի պատմության մեջ: Մրցույթի յուրահատկությունն այն է, որ բոլոր փուլերում պետք է կատարել բացառապես Շոպենի ստեղծագործությունները: Այն անցկացվում է հինգ տարին մեկ: Միակ հայը, որն արժանացել է Շոպենի անվան մրցույթի մրցանակին, Երեւանի կոնսերվատորիայի շրջանավարտ, դաշնակահար Հարություն Փափազյանն է: Նա 1980-ին մրցույթում ներկայացրել է Խորհրդային Միությունը եւ արժանացել 3-րդ մրցանակին,- խմբ.):

- Մրցույթները հաճախ ուղեկցվում են հանձնաժողովի անդամների անարդար որոշումներով, ֆավորիտիզմի դրսեւորումներով, կոռուպցիայով, մանիպուլյացիաներով: Հատկապես արվեստում դա հեշտ է անել, քանի որ այն ավելի աբստրակտ երեւույթ է, քան՝ ճշգրիտ: Շատ մասնագետներ նշում են, որ Դուք արժանի էիք մրցանակի, ի՞նչ եք կարծում՝ արդարացի՞ էին հանձնաժողովի որոշումները:

- Դժվարանում եմ պատասխանել այս հարցին, քանի որ երաժշտության ընկալումն ավելի սուբյեկտիվ երեւույթ է, քան՝ օբյեկտիվ: Եվ դժվար է հստակ սահմանել, թե ով է ավելի լավ կամ վատ կատարում: Դե, սպորտի նման չէ. ով արագ վազեց՝ նա հաղթեց: Յուրաքանչյուրն իր ճաշակն ունի, իր կարծիքը, իսկ հանձնաժողովի անդամները բավական շատ էին՝ 18 հոգի:

Եվա Գեւորգյանը


- Հաշվի առնելով Ձեր խոսքերը, որ երաժշտությունը սպորտ չէ, արդյո՞ք արժե մասնակցել մրցույթների, չէ՞ որ դա նաեւ հսկայական ճնշում է եւ ուժերի գերլարում է պահանջում:

- Գիտեք, մեր ժամանակներում արժե. երիտասարդ արտիստը կարող է իր մասին հռչակել՝ մասնակցելով նման մեծ միջոցառումների: Բոլոր փուլերն ուղիղ հեռարձակվում էին, եւ աշխարհի ցանկացած կետից յուրաքանչյուրը կարող էր հետեւել մրցույթին. ուղղակի րոպեների ընթացքում դու հայտնի ես դառնում, ինչը միջոց է հետագայում ավելի հեշտ համերգների եւ փառատոների մասնակցության հրավերներ ստանալ: Հետո սա ինձ համար Շոպենի երկացանկին ավելի լավ տիրապետելու խթան էր:

- Իսկ Ձեր մոտեցումը Շոպենին փոխվե՞ց մրցույթի փուլերը հաղթահարելուց հետո:

- Այո, միանշանակ: Վերջում բոլորովին այլ կերպ սկսեցի նվագել: Երբ գալիս ես կոմպոզիտորի հայրենիք, շփվում լեհերի, լեհական մշակույթի հետ, լսում, թե ինչպես են մյուս մասնակիցները նվագում, շատ է փոխվում ընկալումդ: Շոպենի մրցույթը Լեհաստանում ազգային տոնի պես մի բան է, եւ հանդիսատեսը գալիս է մասնակիցներին լսելու, գոտեպնդելու: Այնտեղ այնքան փառատոներ կան Շոպենին նվիրված, Լեհաստանը բառացիորեն ներծծված է Շոպենով:

Եվա Գեւորգյանի ելույթը Վարշավայի ֆիլհարմոնիկի հետ՝ Շոպենի անվան 18-րդ միջազգային մրցույթում


- Եզրափակչում նվագեցիք 1-ին կոնցերտը Վարշավայի ֆիլհարմոնիկի հետ՝ Անդրեյ Բորեյկոյի ղեկավարությամբ: Հրաշալի մարդ եւ երաժիշտ, որը ջերմ կապվածություն ունի Հայաստանի եւ հատկապես մեր Ազգային ֆիլհարմոնիկի հետ: Ինչպե՞ս ընթացավ ձեր համագործակցությունը:

- Ինձ համար հատկապես հաճելի էր նրա հետ աշխատելը, քանի որ ես միակ ֆինալիստն էի Հայաստանից եւ Ռուսաստանից, եւ ռուս հայրենակցի հանդիպելը հրաշալի էր: Մեր մեջ անմիջապես կապ ստեղծվեց: Նա շատ հոգատար երաժիշտ է եւ հաշվի էր առնում յուրաքանչյուր մասնակցի առանձնահատկությունները:



- Որո՞նք էին մրցույթի ամենադժվար եւ հաճելի պահերը:

- Դժվար էր կենտրոնանալը. գիտակցում ես, որ բացի լեփ-լեցուն դահլիճից, ուղիղ հեռարձակմամբ կատարումդ դիտում են միլիոնավոր մարդիկ, ինչն, իհարկե, մեծ ճնշում էր: Ես աշխատում էի չմտածել այդ մասին, այլ պատկերացնել, որ ուղղակի համերգ եմ նվագում դահլիճի ունկնդրի համար: Հուզմունքը շատ մեծ էր: Հաճելի պահն այն է, որ միանգամից շատ ընկերներ ես ձեռք բերում, ծանոթություններ, երբ ուղղակի անծանոթ մարդիկ մոտենում են ու քաջալերում քեզ: Հաճելի էր նաեւ, որ հենց մրցույթի ավարտից հետո հրավեր ստացա առաջին մրցանակակրի հետ համերգ նվագել Կատովիցայում, իհարկե, մամուլում արձագանքներ եղան, թե ինչո՞ւ հենց ես պիտի նվագեմ:  (Կատովիցայի համերգից հետո երաժշտության տեսաբան, երաժշտագետ Ագնեշկա Միսիակը գրեց.«Ինչո՞ւ, քանի որ երկուսն էլ մրցույթի ողջ ընթացքում մեծ ճանաչում են ձեռք բերել թե՛ հանդիսատեսի, թե՛ քննադատների շրջանում։ Երկուսն էլ համարվում էին ֆավորիտներ ու առաջատար հորիզոնականների հավակնորդներ», -խմբ.): Մրցույթից հետո մոտ տասից ավելի համերգ եմ արդեն նվագել: Հնարավոր է՝ գարնանը Ճապոնիա գնամ համերգներով, հունվարին Իսպանիայում ելույթ կունենամ, Ռուսաստանում շատ համերգներ ունեմ: Իմ առաջին ձայնասկավառակը լույս կտեսնի՝ Շոպենի եւ Սկրյաբինի մենանվագներով:

Եվա Գեւորգյանը՝ Շոպենի անվան 18-րդ մրցույթի առաջին մրցանակակիր Բրյուս Լյուիի (աջից) հետ


- Մոտ ժամանակներում հնարավորություն կունենա՞նք ունկնդրել Ձեզ Հայաստանում:

- Այո, մաեստրո Թոփչյանն առաջարկեց ելույթ ունենալ Ֆիլհարմոնիկի հետ: Միգուցե գարնանը գեղեցիկ ծրագրով հանդես կգամ Երեւանում (առաջին անգամ Եվան Հայաստանում հանդես է եկել ՀԱՖՆ-ի հետ, 2019թ.-ին,-խմբ.):

Եվա Գեւորգյանը եւ Էդուարդ Թոփչյանը


- Ձեզ համար կարեւո՞ր է միջազգային հարթակներում ներկայացնել նաեւ Հայաստանը:

- Ծնվել եւ սովորում եմ Մոսկվայում, բայց ամեն տարի գալիս եմ Հայաստան՝ իմ հայրիկի հայրենիքը (Եվայի հայրը ճարտարապետ Բաբկեն Գեւորգյանն է,-խմբ.): Անպայման գնում եմ Սեւան, որտեղ նա ծնվել է: Իմ ամենասիրելի վայրը հնագույն Սեւանավանքն է, որտեղից հիասքանչ տեսարան է բացվում: 2019-ին ստացել եմ Հայաստանի քաղաքացիություն հենց այն նպատակով, որպեսզի միջազգային ասպարեզում պաշտոնապես ներկայացնեմ նաեւ Հայաստանը: Գիտեմ, որ իմ ստեղծագործական ուղուն հետեւում են Հայաստանում, ինչն ինձ անչափ հաճելի է: Ես հայկական Արտիստ Ֆուտուրա, Հայկական ասամբլեա եւ YerazArt ֆոնդերի կրթաթոշակառու եմ: Այս հրաշալի ֆոնդերն օգնում են իմ մասնագիտական աճին, եւ շատ շնորհակալ եմ այն ամենի համար, ինչ նրանք անում են ինձ համար: Ներկայացնելով երկու երկիր՝ ինձ կրկնակի ուժեղ եմ զգում:

- Ինչպե՞ս ընտրեցիք դաշնամուրը:

- Մայրս՝ Կսենյա Չերենկովան, ալտահարուհի է, եւ ես փոքրուց ցանկանում էի նրան նմանվել, իր պես նվագել: Երեք տարեկանում ինձ փոքրիկ ջութակ նվիրեցին, որն անմիջապես մասերի բաժանեցի եւ կոտրեցի. ձայնը դուրս չեկավ: Մայրս ասաց, որ այսուհետ միայն դաշնամուր կնվագեմ, քանի որ այն չեմ կարող կոտրել: Հինգ տարեկանում ընդունվեցի Մոսկվայի կոնսերվատորիային կից կենտրոնական երաժշտական դպրոցը: Դաշնամուրը միանգամից սիրեցի:

Եվա Գեւորգյանը՝ ծնողների հետ


- Ինչպիսի՞ նշանակություն ունի արտիստի կյանքում ընտանիքը եւ ուսուցիչը:

- Ինձ շատ է աջակցում իմ ընտանիքը՝ մայրս, հայրս, նաեւ տատիկս ու պապիկս. նրանց ամառանոցում հատուկ սենյակ է հատկացված իմ պատվոգրերի, մեդալների եւ մրցանակների համար, դրանք տանը չեն տեղավորվում: Հյուրախաղերի ժամանակ մայրս միշտ ճամփորդում է ինձ հետ: Իմ պրոֆեսորը՝ Նատալյա Տրուլլը, ուղղակի «մոնստր» է աշխատանքի մեջ. երեւի օրական 18 ժամ աշխատում է, եւ ինձ էլ է վարակում: Նա միշտ հետաքրքրվում է ինձնով, նաեւ իմ անձնական հարցերով ու խնդիրներով, կարծես երկրորդ մայրս լինի: Կատարողի կայացման հարցում հավասարապես մեծ դեր են խաղում ընտանիքը եւ ուսուցիչը, որոնք միասին ապահովում են հաջողությունը:



Եվա Գեւորգյանը միջազգային տասնյակ մրցույթների հաղթող է, հանդես է եկել Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ, Դալլասի սիմֆոնիկ, Սվետլանովի անվան պետական ակադեմիական սիմֆոնիկ, Ռուսական ազգային, Լյուցեռնի սիմֆոնիկ, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբերի հետ: Աշխատել է դիրիժորներ Վալերի Գերգիեւի, Ալեքսանդր Սլադկովսկու, Վասիլի Պետրենկոյի, Լոուրենս Ֆոսթերի, Գերհարդ Ցիմմերմանի, Էդուարդ Թոփչյանի եւ այլոց հետ: 2019-ին ստացել է ICMA (International Classical Music Award) հատուկ մրցանակ՝ «Տարվա հայտնություն» անվանակարգում: 2020-ին Եվգենի Կիսինն ընտրել է նրան՝ որպես Ռուրի դաշնամուրային փառատոնի կրթաթոշակառու: 2021-ին արժանացել է «Yamaha ընկերության երիտասարդ արտիստ» կոչմանը:

Զրուցեց Աստղիկ Դալլաքյանը
Լուսանկարները՝ Եվա Գեւորգյանի անձնական արխիվից
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին