×


Հնդկաստանի 3-րդ հաղթանակը «Միս Տիեզերքում». հայտնի է այս տարվա գեղեցկուհին

Հոբելյանական 70-րդ «Միս Տիեզերք» մրցույթն անցկացվել է Իսրայելում, եւ հաղթողի կոչման համար պայքարել են 80 գեղեցկուհիներ: Այս տարվա ամենագեղեցիկ կնոջ տիտղոսին արժանացել է 21-ամյա հնդկուհի Հարնաազ Սանդհուն:





Սանդհուն 3-րդ հնդկուհին է, որն արժանացել է «Միս Տիեզերք» տիտղոսին: Նրանից առաջ հաղթել են Այշվարիա Ռայն ու Պրիանկա Չոպրան՝ 1994 ու 2000 թվականներին: Թագը նրա գլխին է դրել նախորդ տարվա հաղթող մեքսիկուհի Անդրեա Մեզան:

Մինչ եզրափակիչը, Սանդհուն տեսանյութ է հրապարակել, որում նա դեղին հագուստով աղոթում է Հնդկաստանում՝ իր հայրենի Փենջաբում:


«Հավատն անտեսանելի է, այն զգում են: Ես հավատում եմ Աստծուն, ընտանիքիս ու այն օրհնանքներին, որոնք ընծայել եք ինձ: Ինձ դուր եկավ ուղեւորությունն ու արդեն մոտենում եմ այդ գեղեցիկ մրցույթի վերջնագծին: Ուզում եմ իմանաք, որ ամեն մեկիդ շնորհակալ եմ փորձառության համար, որը ստացել եմ այս 1,5 ամսվա ընթացքում: Արդեն հաղթող եմ, քանի որ ձեզ ունեմ»,- գրել է նա:

Հնդկուհին շատ հուզիչ ելույթ է ունեցել նաեւ հենց մրցույթի ժամանակ, ինչը եւս օգնել է հաղթել: Սանդհուն կոչ է արել երիտասարդներին հավատալ սեփական ուժերին, չհամեմատել իրենց ուրիշների հետ, չհանձնվել ու չանտեսել աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները:


Հարնաազը գեղեցկության մրցույթների է մասնակցում 2017 թվականից: Նա մոդել է, դերասանուհի ու կամավոր կանանց կենտրոնում: Զբաղվում է յոգայով, պարերով, ձիասպորտով ու շախմատով:

Հնդկուհին ելույթներ է ունենում ու պայքարում հանուն կանանց իրավունքների ընդլայնման ու ածխածնի արտանետման դեմ: Հաղթելուց հետո Սանդհուն բնակվելու է Նյու Յորքում ու մասնակցելու տարատեսակ միջոցառումների:

Պատրաստեց՝  Հասմիկ Բաբայանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին