×


Աննա Մանուչարյանը՝ դստերն ուղղված քննադատությունների, նոր բիզնեսի, ընտանիքի եւ կյանքի մասին

«Ժամանակավոր դադար եմ վերցրել ու գործունեություն եմ ծավալում այլ ոլորտում»,- BRAVO.am-ի հետ զրույցն այս լուրով սկսեց դերասանուհի Աննա Մանուչարյանը: Նրան շատերը ճանաչում են «Քարե դարդ» սիթքոմից եւ մինչ օրս փողոցում կարող են դիմել հենց «Նինի»՝ կերպարի անունուվ:

- Բացարձակ վատ չեմ զգում, որ այդպես են ճանաչում, բայց նաեւ նշաձող եմ սահմանել՝ այսուհետեւ դերերը շատ խիստ եմ ընտրելու: Գաղտնիք չէ, որ երկարատեւ սերիալների սցենարները գրվում են նկարահանումների ընթացքում, ու հաճախ կերպարդ կարող է այնպիսի զարգացում ապրել, որի հետ համաձայն չես, բայց ոչինչ անել չես կարող: Հետեւաբար, հիմա եթե սկսեմ նկարահանվել սերիալում, պահանջներս այլ կլինեն:

- Ավարտեցիր Կոնսերվատորիայի դասական վոկալի բաժինը, բայց այդպես էլ օպերային երգչուհու կարգավիճակում չտեսանք:

- Տրամադրված չէի օպերային երգչուհի դառնալ, պարզապես հայրս վստահ էր, որ եթե ձայնս մշակեմ, կարող եմ երգել տարբեր ժանրերում: Բայց օպերային երգեցողությունն ինձ խանգարում էր. չէի կարողանում էստրադային ժանրում երգել: «Գոհարափայլ» երգչախմբում մեներգչուհի էի եւ օպերայից էստրադա անցումը դժվար էր տրվում: Բացի այդ, ամուսնացա, բալիկ ունեցա եւ ուսումս մնաց կիսատ: Հետո ամուսնալուծվեցի եւ ընդունվեցի Թատերական ինստիտուտ: Թատրոնի բեմն ինձ ավելի հոգեհարազատ էր: Դպրոցն ավարտելուց հետո էի որոշել ընդունվել, բայց ծնողներս համաձայն չէին, հատկապես հայրս: Սակայն կյանքն ի վերջո քեզ տանում է այնտեղ, որտեղ ուզում էիր լինել:  

Աննա Մանուչարյանը


- Ձեր ընտանիքում միակը չես, որ արվեստի ուղին է ընտրել. հայրդ՝ Վյաչեսլավ Մանուչարյանը, կլառնետահար է, ՀՀ վաստակավոր արտիստ, եղբայրդ էլ է երաժիշտ: Պատճառը ո՞րն էր:

- Հայրս Կոնսերվատորիային դեմ չեմ չեղավ, քանի որ այնտեղ դասավանդում էր, եղբայրս այնտեղ էր սովորում: Հավանաբար, ուզում էին, որ իրենց աչքի առաջ լինեի: Հայրս նաեւ տղամարդու այն տեսակն է, որ կնոջը տեսնում է ընտանիքում՝ երեխաներով շրջապատված:  

- Մի անգամ ասել էիր, որ նուրբ դիվանագիտության շնորհիվ կարողացար ուսում ստանալ Թատերական ինստիտուտում, հիմա արդեն խաղում ես թատրոնում, նկարահանվում սերիալներում, հայրդ ինչպե՞ս է դրան վերաբերվում: Դիտե՞լ է քո մասնակցությամբ ներկայացումները:

- Երբեք չի դիտել, չի հետեւել հեռուստատեսային նախագծերին: Նախընտրում է զերծ մնալ, որպեսզի շատ խիստ մեկնաբանություններ չանի: Բացի այդ, հայրս, լինելով արվեստի մեջ ու ծանոթ լինելով այս ոլորտի դժվարություններին, անցուդարձին, ուզում էր ինձ հեռու պահել այդ ամենից:

- Բայց այս ուղին դժվար է, չէ՞:

- Անկեղծ ասած՝ ինձ համար՝ ո՛չ: Այդպիսի կարծրատիպ կա, որ թատրոններում անառողջ մթնոլորտ է, հարաբերությունները միշտ լարված են, բայց ես այդ ամենը չեմ զգացել ո՛չ թատրոնում, ո՛չ  ինստիտուտում, ո՛չ էլ նկարահանման հրապարակում: Հիշում եմ՝ տարիներ առաջ, երբ եկա ընդունվելու Կամերային թատրոն, ձայնային վարժություններ էի անում, եւ ինձ ասացին՝ եթե սկզբնական փուլի մրցակցությանը դիմանամ, ուրեմն հաղթել եմ: Դա ինձ մի փոքր վախեցրեց, բայց իրականում այդպես չէր. թատրոններում էլ կա առողջ մթնոլորտ:
 
- Կամերային թատրոնի բեմում հայտնվեցիր վերջերս, ինչպե՞ս կամերայինցիներն ընդունեցին քեզ։

- Կամերայինը միակ թատրոնն է, որտեղ ցանկացել եմ խաղալ: Շատ թատրոններից են առաջարկներ եղել, բայց ես միայն ուզում էի խաղալ Կամերայինում: Պարբերաբար ներկա էի լինում ներկայացումների փորձերին այն հույսով, որ մի օր ինձ հաստատ կնկատեն: Եվ ահա տեղեկանում եմ՝ քասթինգ է հայտարարվել մի հաստիքի համար:

Աննա Մանուչարյանը եւ Արմինե Գեւորգյանը


Դերասանուհին պետք է շոու-ներկայացումներում խաղար: Զանգահարում եմ թատրոն, բայց ինձ մերժում են՝ ասելով, որ մեծ եմ արդեն այդ հաստիքի համար: Հույսս չէի կորցնում, զգում էի, որ մի օր լինելու եմ Կամերայինի բեմում: Եվ եկավ այդ օրը․ «Կաբարե» ներկայացման քննություն էի հանձնում հանդիսատեսով լի դահլիճի առջեւ, շատ անհանգիստ էի, լարված, բայց բեմում դա չէր զգացվել: Քննությունից հետո հանդիպեցի Լուսինե  Արայովնային, ասաց. «Շնորհավորում եմ, ընդունվել եք»: Այնքան անսպասելի էր, որ զարմացած, քարացած կանգնել էի ու չգիտեի՝ ինչ անել:

Թատրոնում ինձ շատ ջերմ են ընդունել, ու եթե չլիներ խաղընկերներիս այդպիսի վերաբերմունքը, հաստատ այդքան լավ չէի զգա: Հիմա ամեն ներկայացում խաղալուց հետո աշխարհի ամենամեծ էներգիայով եմ լցվում: Դա ինձ ապրեցնում է:

- Աննա, որոշ ժամանակ առաջ Վարդան Զադոյանի եւ Տիգրան Պետրոսյանի հետ ներկայացաք «Three Trees» երաժշտական նախագծով: Ինչպե՞ս ստացվեց համագործակցությունը:

- Ես եւ Տիգրան Պետրոսյանը միասին աշխատել  ենք Հանրային ռադիոյում. մեր սենյակներն իրար հարեւանությամբ էին: Այնպես ստացվեց, որ եղբայրս Տիգրանին գործիքավորումներ էր տրամադրել, որոնցից մեկի համար վոկալ էր անհրաժեշտ, Տիգրանն էլ խնդրեց, որ կատարեմ։ Երբ երգեցի, շատ զարմացավ, հավանեց։ Ու միասին երգելու առաջարկ ստացա։ Սիրով ընդունեցի, մեզ միացավ Վարդան Զադոյանը, իսկ նախագծի պրոդյուսնիգով զբաղվում էր Արթուր Ջանիբեկյանը: 19 երգ ձայնագրեցինք՝ նոր շունչ հաղորդելով հայկական ֆոլկ եւ էթնո երաժշտությանը։ Մի ամբողջ ալբոմ ազգային ստեղծագործություններ էին այլ մատուցմամբ:

- Համացանցում շատ պատահաբար լսեցի, որ «Օրոր» ես երգում: Աղջկադ համար երգե՞լ ես:
 
- Իհարկե, ու այնքան էի տարվում երգելով, որ աղջիկս քնում էր, իսկ ես դեռ երգում էի: Հիմնականում երգում էի Կոմիտաս:

- Երեւի երգդ է «մեղավոր», որ Արփին ընտրեց երգչուհու ուղին: Կարծես աղջիկդ «ստվերում» է քո ճանաչվածությունը. վերջին շրջանում քեզ ճանաչում են նաեւ նրանով: Ինչպե՞ս Արփին հայտնվեց «Եվրատեսիլ»-ում:

- Գեները խոսում են Մալենայի մեջ: 2018-ին հայտ ներկայացրինք, բայց նա չանցավ «Դեպի մանկական Եվրատեսիլ» նախագծի եզրափակիչ փուլ: Այնտեղ հանդիպեց Դավիթ Բադալյանին, որն էլ հետագայում դարձավ պրոդյուսերը: Շատ ուրախ եմ իրենց համագործակցության համար, քանի որ երկուսն էլ նույն կերպ են ընկալում երաժշտությունը, նույն ոճի ջատագովն են ու դեռ շատ հետաքրքիր  պահեր են պարգեւելու մեզ. նոր ու գեղեցիկ երգեր են ծնվելու: Փոքրուց աղջիկս շատ կազմակերպված էր ու հստակ գիտեր՝ ինչ է ուզում: Միշտ մերժել է սերիալներում նկարահանվելու առաջարկները, քանի որ իրեն երգարվեստում է տեսնում: Նա նաեւ հրաշալի թավջութակ է նվագում: Ի դեպ, երբ պետք է ընդունվեր երաժշտական դպրոց, ուզում էր կիթառի բաժնում սովորել: Ես մտածում էի, որ թավջութակը հեռանկարային գործիք է, ու հնարավոր է՝ մի օր  նվագեր սիմֆոնիկ նվագախմբում: Արփին ավարտեց թավջութակի դասարանն ու ինքնուրույն սովորեց կիթառ նվագել: Հիմա այնպես է նվագում, որ երբեմն ամաչում եմ, որ ժամանակին չլսեցի իրեն:

Աննա Մանուչարյանը


- Աննա, քննադատություններին ինչպե՞ս ես վերաբերվում, հատկապես, երբ աղջկադ են վերաբերվում: Օրեր շարունակ քննարկվում էր Մալենայի եվրատեսիլյան երգը:

- Ինձ ուղղված քննադատությունները չեմ նկատում, երեխայիս դեպքում մի քիչ այլ է։ Բայց Մալենան այս տարիքում զարմանալիորեն ուժեղ է ու բացարձակ չի նեղվում: Շատ սառնասիրտ է ու անտարբեր: Ինքն իր գործն է անում ու շատ կազմակերպված:

- Հանրային ռադիոյում վարում ես «Գիրք ճանապարհի» հաղորդումը, ու շատ քչերը գիտեն, որ եթերից հնչում է քո ձայնը: Ինչպե՞ս հայտնվեցիր ռադիոյում:

- Տարիներ առաջ հեռուստատեսությամբ լուրեր էի վարում, բայց ինձ կադրում չէի սիրում: Որոշեցի գնալ ռադիո։ Արմեն Ամիրյանն ասաց․«Եթե ուզում ես աշխատել լուրերի հաղորդավար, ապա պետք է նաեւ լրագրությամբ զբաղվես»:  Բայց ես լրագրող չէի ու չէի կարող հանձն առնել մի աշխատանք, որին ընդհանրապես չէի տիրապետում: Հետո պարոն Ամիրյանին առաջարկեցի հեղինակային որեւէ ծրագիր անել: Դեռ փոքրուց հաճախել եմ Սարգիս Նաջարյանի ասմունքի խմբակը, ձայնագրած բանաստեղծություններ ունեի, ու երբ լսեց, ասաց՝ նման հաղորդում անեմ: Կարդում եմ հայ եւ համաշխարհային գրողների ստեղծագործությունները: Իսկական Աննան ռադիոյում աշխատող Աննան է: Ինձ ապրեցնող աշխատանք է, որից երբեք չէի ցանկանա բաժանվել:

- Գեղեցկության սրահ ես բացել՝ միանգամայն այլ ոլորտ, ստացվո՞ւմ է:

- Չզարմանաս, բայց արվեստն ինձ օգնում է: Այստեղ էլ գործ ունենք գեղեցիկի հետ: Իսկ գեղեցկության սրահ ունենալն էլ իմ երազանքներից մեկն էր: Առաջին քայլերի ժամանակ վախ կար, բայց հիմա դա էլ եմ հաղթահարել:

Աննա Մանուչարյանը


- Ինչի՞ց ես վախենում:

- Կորցնելուց:

- Ամաչում:

- Անամոթ մարդկանցից:

- Ինչի՞ համար ես ափսոսում:

- Պահը ճիշտ օգտագործելու հնարավորությունը բաց թողնելու համար:

- Թույլ կողմերդ:

- Հիշողություն չունեմ:

- Ուժեղ կողմերդ:

- Նպատակասլաց եմ:

- Ո՞ւմ կամ ինչի՞ն ես հավատում:
 
- Մեջբերեմ Սահյանին․

Ինչքան խառն ու խրթին,
Ինչքան էլ բարդ ու բիրտ,
Կյանքն ապրվի պիտի,
Ուրիշ հնար չկա:

Զրույցը՝ Արմինե Գեւորգյանի
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին