×


Զարուհի Բաբայանի ջազային երեկոն ու ծնողների եւ սկեսրոջ մասին հուզիչ խոսքերը

Երեւանյան ակումբներից մեկում ջազային ելեւէջներ են եւ հանդիսատեսին փոխանցվում է ոչ թե ամերիկյան, այլ հայկական ջազի հնչյունները:

«Շատ կարոտել էի ու այնպես եմ հուզված, որ կարծես առաջին անգամ եմ բեմ բարձրանում»՝ մինչ համերգը՝ հետնաբեմում, BRAVO․am-ի հետ զրույցում  անկեղծանում է Զարուհի Բաբայանը, որն այս անգամ ներկայացավ միանգամայն ուրիշ ամպլուայում: «JAZZARA». նոր կամ ավելի ճիշտ՝ հին Զարուհի Բաբայան՝ այսպես էր համերգը վերնագրված:

«Վերջապես երազանքս իրականացավ»,- ասում է երգչուհին եւ հավելում. «Կարծում եմ՝ այսուհետ կներկայանամ հենց այս ոճում ու այս կերպարով: Առայժմ ընտրել եմ ակումբային ձեւաչափը, այն ավելի մտերմիկ ու անմիջական շփում է ներկաների հետ: Իսկ ես իսկապես կարոտել էի իմ հանդիսատեսին: Ուզում եմ իմ դրական լիցքերը փոխանցել նրանց՝ մեկ անգամ եւս մեր կապն ամրապնդելով»:

Զարուհի Բաբայանը


Զարուհին այս ոճում իրեն ավելի անկաշկանդ է զգում, ասում է՝  ջազն ազատություն է, կիրք, պոռթկում է եւ սահմաններ չունի:

Արդեն  բեմում նա շուրջ երկու ժամ հանդիսատեսին փոխանցեց ջազային ազատությունը.«Անչափ ուրախ եմ այս դահլիճում տեսնել սիրուն դեմքեր. սիրուն մարդիկ կան մեր սիրուն քաղաքում: Պետք է փորձենք սիրուն ապրել: Եվ եթե դուք չլինեիք, երեկոն այսքան համուհոտ չէր ունենա»:

Համերգային ծրագրում ընդգրկվել էին հայկական ջազի հանրահայտ ներկայացուցիչների՝ Մարտին Վարդազարյանի, Ստեփան Շաքարյանի եւ մյուսների, ու նաեւ երիտասարդ ստեղծագործողների գործերից՝ երգեր, որոնք վայելում են հանդիսատեսի սերը:


Համերգն ինտերակտիվ էր՝ խոսք ու զրույցով հանդիսատեսի հետ: «Իրիկնային Երեւան» երգը մեր սիրելի քաղաքին էր նվիրված, բայց մինչ այն կատարելը երգչուհին կիսվեց իր մտահոգություններով.

«Այսօր հնչող բոլոր երգերն իմ հոգուց են, իմ սիրելիներն են: Թեմաներ կան, որոնց   մասին շատ է երգվում, իսկ ասելիքն այդպես էլ չի վերջանում: Խոսքը մեր քաղաքի մասին է: Վերջերս սկսել են չսիրել մեր քաղաքը, բայց այդպես չպետք է լինի: Ուզում եմ, որ մենք շատ սիրենք, ապրենք մեր սիրո քաղաքում, չպակասենք մեր սիրելի Երեւանից»:

Երեկոյի ընթացքում հնչեց մի երգ, որում շատերը գտան իրենց հարազատ ու հուզիչ տողեր: «Հոգուս կարոտ» երգի երաժշտության հեղինակը ջազմեն Սերգեյ Մանուկյանն է, խոսքերինն՝ Ավետ Բարսեղյանը:

Զարուհի Բաբայանը


«Այս տարի  բոլորիս սրտում դաջվեց կարոտի նոր անկյուն: Չկա մի ընտանիք, որին կորուստ բառն այս տարի չի դիպչել: Շատ դժվար ու տառապանքներով տարի էր բոլորիս համար, բայց ինձ համար՝ առավել եւս: Կորցրի մայրիկիս... Միշտ ցանկացել եմ երգացանկումս ունենալ նրան նվիրված ստեղծագործություն, բայց չէի կարող պատկերացնել, որ այդ երգը կհնչեր այս համատեքստում: Իսկ տղաների կորուստը մեր կյանքում դառն ու խոր հետք թողեց, իմ լավ ընկերը՝ Հայկոն, հեռացավ... Ու այս կորուստները ստիպեցին մեզ, որ ուրիշ աչքով նայենք այս ամենին: Երգը նվիրում եմ մայրիկիս, բայց ուզում եմ, որ հոգու կարոտը հասնի բոլոր այն մարդկանց, ովքեր այսօր մեզ հետ չեն»:


Զարուհին խոստովանեց, որ մեկ ամիս շարունակ աշխատել է, որպեսզի կարողանա ներկայացնել այս երգը.

«Այս երգում չկա մի բառ, մի նախադասություն, որ հենց այնպես գրված լինի: Սա  նաեւ կենսագրական երգ է: Առանձնահատուկ ուզում եմ ասել. «Պապ ջան, քեզ շատ սիրում եմ, ցավդ տանեմ»: Թերեւս առաջին անգամ է, որ մայրս համերգիս ներկա չէ, բայց սկեսուրս է ներկա, ով մոր պես է ինձ վերաբերվում»:


Համերգը եզրափակվեց Զարուհու համար այցեքարտ դարձած «Կիլիկիա» երգով:  Երգչուհին որոշել է «JAZZARA» համերգային ծրագրով պարբերաբար հանդես գալ ակումբներում, իսկ արդեն հաջորդ տարի այն կներկայացնի մեծ բեմում:

Արմինե Գեւորգյան
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին