×


«Այն, ինչ կատարվում է բեմում, կախարդանք է». Օպերային թատրոնում բեմադրվել է «Մարդուկ-Ջարդուկը»

Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնն այս օրերին իրականության եւ հեքիաթի յուրօրինակ խաչմերուկ է. «Մարդուկ-Ջարդուկ» («Շչելկունչիկ») բալետային ներկայացման պրեմիերայից առաջ գլխավոր դերում հանդես եկող Գարեգին Բաբելյանը հետնաբեմում ամրացնում էր գլխարկն ու ջերմ զրուցում մկների թագավորի կերպարը մարմնավորող Արմեն Զաքարյանի հետ, իսկ րոպեներ անց նրանք բեմում մահացու մարտի էին բռնվելու:


Չայկովսկու հանրահայտ ստեղծագործության հայաստանյան բեմադրությունում արքայադուստր Մարիի կերպարում Կարինա Շիկանյանն է, առանցքային կերպար Դրոսելմեյերը Միլիտոն Կիրակոսյանն է, փերին՝ Սոնա Վարդանյանը, իսկ արքայազնի դերում է Ռազմիկ Մարուքյանը:


Բեմադրությունն իրակացրել է Ռուսաստանից հրավիրված բալետմայստեր Գեորգի Կովտունը, հագուստները եւ դեկորացիաները պատրաստվել են Հայաստանում՝ բեմանկարիչ Վյաչեսլավ Օկունեւի էսքիզներով: Ներկայացման երաժշտական ղեկավարն ու դիրիժորն է Կարեն Դուրգարյանը, որի խոսքով՝ բանակցություններ են ընթանում՝ բալետը ոչ միայն երեւանյան բեմում, այլ նաեւ մարզերում ցուցադրելու համար:


Գեորգի Կովտունը խոստովանել է՝ ուրախ է, որ հենց իրեն են հրավիրել՝ բեմադրելու «Մարդուկ-Ջարդուկը».«Հայ երեխաները եւս պետք է ունենան ամբողջ աշխարհում պահանջված այս հեքիաթը: Այն նախ եւ առաջ հրաշալի երաժշտություն եւ բովանդակություն է: Այն, ինչ այսօր այստեղ կատարվում է բեմում, կախարդանք է, հրաշք, որը երեխաներին մեծ ուրախություն կպարգեւի: Շատ եմ ուզում՝ հայ մանուկներին այնքան գրավի ներկայացումը, որ չձանձրանան ու կրկին ցանկանան գալ»,-ասել է Կովտունը:


Բեմադրիչը պատմել է, որ վերջին անգամ այս ներկայացումը բեմադրել է շուրջ տասը տարի առաջ, տարիների ընթացքում փոխվել են մոտեցումներն ու վերաբերմունքը. «Այստեղ աչքիս առաջ ունեմ գույներ՝ թատրոնի արտիստները, որոնց մեջ զարմանալի տաղանադավոր երիտասարդներ կան: Հետաքրքիր հակադարձմամբ նաեւ մեծահասակ պարողներ կան, որոնք այլ երկրներում արդեն բեմից հեռացած կլինեին: Ցանկանում եմ, որ երեխաները հետաքրքրվեն բալետով, քանի որ նրանք հիմա համացանցային իրականության մեջ են: Հարկավոր է նրանց ուղղորդել դեպի թատրոն»:


ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանի խոսքով՝ ամիսներ առաջ քննարկման արդյունքում որոշվել էր, որ երեխաների համար Ամանորի լավագույն նվերը կարող է լինել «Մարդուկ-Ջարդուկը»։


«Այսօր մշակույթը միայն գեղարվեստական պահանջմունք չի բավարարում, այլ կատարում է հսկայական թերապեւտիկ դեր: Մեր հասարակությունն այսօր կարիք ունի հեքիաթի, լավատեսության, լույսի, եւ այս ներկայացումը մշակութային ու խաղացանկային քաղաքականության տեսանկյունից ավելի քան անվրեպ է: Կարծում եմ՝ «Մարդուկ-Ջարդուկը» կդառնա թատրոնի խաղացանկային ներկայացում»,-եզրափակել է Արա Խզմալյանը:

Տեքստը՝ Արմինե Բրսոյանի
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի եւ Օպերային թատրոնի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին