×


Ֆիլհարմոնիկի եւ երեք տենորների համերգը՝ գեղեցիկը վերապրելու համար

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը հանդես է եկել «Երեք տենոր» խորագիրը կրող համերգային գեղեցիկ երեկոյով. դեկտեմբերի 24-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում ելույթ են ունեցել միջազգային ճանաչում ունեցող օպերային երգիչներ Արսեն Սողոմոնյանը, Լիպարիտ Ավետիսյանը եւ նոր բարձունքներ նվաճող Տիգրան Հակոբյանը:


Մաեստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ հնչել են սիրված օպերային արիաներ, երգեր եւ օպերային նախերգանքներ:


«Մենք այս շրջանում այլ համերգ էինք մտածում իրականացնել, բայց ծնվեց այս գաղափարը: Արսեն Սողոմոնյանն ու Լիպարիտ Ավետիսյանը Հայաստանում են հիմա, ու մենք օգտվեցինք առիթից՝ ներկայանալով համատեղ համերգով: Մեր մյուս տենորն էլ հաստատուն քայլերով առաջ ընթացող Տիգրան Հակոբյանն է, ով հասնելու է համաշխարհային հաջողությունների, ինչի առաջին փաստերն արդեն կան»,- նշել է դիրիժորը՝ հավելելով, որ 2021-ը բարդ տարի էր բոլորի համար, սակայն համերգառատ էր, իսկ հաջորդ տարում նախատեսում են հյուրախաղեր Եվրոպայում:


Արսեն Սողոմոնյանը կարծում է՝ դասական երաժշտությունն ուրախ ժամանցի համար չէ.«Այն օգնում է հաղթահարել որոշակի դժվարություններ, զգացմունքներ, վերապրել գեղեցիկն ու հանգստանալ: Այն, ինչ արել ենք Էդուարդ Թոփչյանի հետ, միշտ արժանացել է լավագույն դիրիժորների ու նվագախմբերի ամենաբարձր գնահատանքին։ Այսօրվա համերգի ծրագրում էլ գեղեցիկ ստեղծագործություններ են: Հրաշալի երեւույթ է, որ հայ հանդիսատեսից կարող ենք լսել նաեւ քննադատություն. կիսվում են իրենց մտքերով»:


Լիպարիտ Ավետիսյանն ուրախ է, որ այսպիսի համերգներն ավանդույթ են դառնում. «Միշտ պետք է ցույց տանք, որ դասական երաժշտությունը կարեւոր է. այն բուժում է: Հատկապես հիմա մեր ազգին անհրաժեշտ է դասական երաժշտության փոխանցած էներգիան»:


Ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ արդեն բազմաթիվ ելույթներով հանդես եկած Տիգրան Հակոբյանն առաջին անգամ էր բեմում Արսեն Սողոմոնյանի ու Լիպարիտ Ավետիսյանի հետ: Ինչպես անկեղծորեն նշել է՝ մեծ պատասխանատվություն է, հաճելի փորձառություն ու նորը սովորելու հնարավորություն:

Տեքստը՝ Արմինե Բրսոյանի
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին