×


Կարեն Դուրգարյան. «Պետք է այնպիսին դառնանք, որ որեւէ մեկի մտքով չանցնի մեր երկրի հետ խաղ անել»

Դիրիժոր Կարեն Դուրգարյանի կարծիքով՝ երաժշտությունն ամենակարող է։ Այն ընդունակ է փոխել մարդուն՝ դարձնել ավելի բարի, իսկ երաժշտության ներքո պատրաստվող կերակուրն՝ ավելի համեղ։ Պարոն Դուրգարյանը, չնայած հոռետեսական բազմաթիվ կանխատեսումներին, վստահ է՝ մեր երկիրն ունի ապագա, եւ այն պայմանավորված է աշխարհասփյուռ հայերի ջանքերի մեկտեղմամբ։

- Դիրիժոր դառնալու համար բնավորության ի՞նչ գծերի համադրություն է պետք։

- Սա այն մասնագիտությունն է, որ դժվար է կանխատեսել։ Չեմ կարծում, թե որեւէ երեխա մանկուց կերազի կամ կենթադրի, որ դիրիժոր կդառնա:

Կարեն Դուրգարյանը


- Հիմա, երբ Դուք արդեն դարձել եք, ի՞նչ եք կարծում՝ դիրիժորին անհրաժեշտ  ամենակարեւոր հատկանիշը ո՞րն է։

- Դեռ չեմ դարձել. ճանապարհին եմ։ Այս գործում ամենակարեւորը կարգապահությունն է: Եթե չունես այն, պետք է պարտադրես ինքդ քեզ եւ երբեք անպատրաստ չգնաս փորձի։ 21-րդ դարում, երբ պրոցեսներն ավելի արագ են ընթանում, որեւէ մեկը քեզ 30 փորձ չի տա, որպեսզի նվագախմբի հետ համատեղ ստեղծագործության վրա աշխատես, կատարողականությունը բարձրացնես։ Հաճախ տրվում է մեկ փորձ, որին հաջորդում է համերգային կատարումը։ Հետեւաբար, որքան պետք է պատրաստված լինես, որ կարողանաս շատ ճկուն եւ արագ աշխատել։

- Գործի մեջ պահանջկո՞տ եք։

- Նախ իմ նկատմամբ եմ պահանջկոտ, ինձնից եմ պահանջում, հետո՝ մյուսներից։

- Նշում եք, որ ամեն դիրիժոր երաժշտական ստեղծագործության մեջ իր գույնն է ավելացնում։ Երաժիշտնե՞րն էլ են իրենց գույնն ավելացնում, թե՞ դա միայն դիրիժորը կարող է անել։

- Առաջնայինը ստեղծագործությունն է։ Մենք պետք է ճշգրիտ հետեւենք, թե ինչ է գրել հեղինակը, որովհետեւ ի վերջո իր մտահղացումն է։ Այնուամենայնիվ, գույն ավելացնել հնարավոր է։ Գույնն այստեղ կարծես խոհարարական բաղադրիչ լինի. վայրկյանի ընթացքում է առաջանում այդ համեմունքն ավելացնելու գիտակցությունն ու պահանջը։

- Իսկ հայ եւ այլազգի երաժիշտների աշխատելաոճի մեջ տարբերություն կա՞։

- Իհարկե։ Ազգային գծեր կան, որ դեր են խաղում։ Ռուս, գերմանացի արտիստն ավելի ենթարկվող է, որովհետեւ ավելի կարգապահ է։ Հայ արտիստներին մի քանի անգամ պետք է կրկնես, հուշես, խնդրես, որ ընդգծեն, գրեն։ Մերոնք գրի չեն առնում, ասում են՝ կհիշեն, կսովորեն։

Կարեն Դուրգարյանը


- Դասական երաժշտությունը կարո՞ղ է վերափոխել մարդուն, տեսանելի ազդեցություն ունենալ նրա վրա։

- Երաժշտությունն ամեն ինչի էլ ընդունակ է. այն կարող է ե՛ւ փոխել, ե՛ւ դաստիարակել։ Ի վերջո, երաժշտությունը բարություն է քարոզում։ Երաժշտությունը նույնիսկ կերակուրն է ավելի համեղ դարձնում։

- Երբ կերակուրը երաժշտության ներքո՞ են համտեսում։

- Ո՛չ, երբ երաժշտության ներքո պատրաստում են։ Չէ՞ որ մեր տատիկներն ապուր պատրաստելիս երգել են՝ թեկուզ քթի տակ։ Բայց դա էներգիա է հաղորդել կերակուրին, դրական լիցքեր է փոխանցել, հետեւաբար, ավելի համեղ է դարձրել։

- Պատերազմում պարտության համար շատերը նաեւ մտավորականներին են մատնանշում՝ պատճառաբանելով, որ ժամանակին հասարակությանը չեն կրթել։

- Չեմ ուզում մեղադրել որեւէ մեկին։ Յուրաքանչյուրս մեզ պետք է հարց տանք՝ ինչպիսի՞ քաղաքացի է դառնալու իմ զավակը, եւ դա որոշվում է ոչ թե անձնագրով, այլ՝ մտածելակերպով։ Եթե մենք թույլ ենք տալիս մեզ աղտոտել փողոցը՝ մեր երկրի փողոցը, պատերազմ չէ, ցանկացած ոլորտում էլ պարտություն կկրենք։ Սա էլ է այն նույն կարգապահությունը, որի մասին քիչ առաջ խոսում էինք։ Մենք պետք է կարողանանք դաստիարակել ոչ միայն լավ դիրիժոր, լավ զինվոր, այլ նաեւ լավ քաղաքացի, ով կլինի պարկեշտ եւ ուրիշի նկատմամբ հարգալից։ Երբ կունենանք դաստիարակված, ազգին, երկրին պիտանի քաղաքացի, այն ժամանակ որեւէ ոլորտում պարտություն չենք կրի։

- Իսկ երբ ասում են՝ մեր զենքը մեր մշակույթը պետք է լինի, ի՞նչ նկատի ունեն։

- Կարծում եմ՝ կատարյալ կլինի, եթե որեւէ «զենքի» կարիք չունենանք։ Պետք է դառնանք այնպիսի երկիր, որ որեւէ մեկի մտքով չանցնի մեր երկրի հետ խաղ անել։


- Իսկ մենք այդպիսի ներուժ ունե՞նք։ Կարո՞ղ ենք դառնալ այդպիսի երկիր։

-  Իհարկե, ունենք ներուժ: Ամեն մեկը պետք է իր գործն անի։ Իմ փոխարեն որեւէ մեկը երեխայիս չի դաստիարակի, իմ գործը չի անի, աղբը չի մաքրի. յուրաքանչյուրը պետք է պատասխանատվություն կրի իր բաժին անելիքի համար։ Ամեն հայ պետք է իրեն զգա այս երկրի տերը եւ իրեն հասանելիք պատասխանատվությունը կրի երկրում կատարվելիքի համար։ Փոփոխությունը նույնիսկ նիստուկացի մեջ պետք է լինի. եթե կեսգիշերն անց հարսանիք եմ անում եւ խանգարում իմ հարեւանին, նշանակում է՝ լավ քաղաքացի չեմ։

- Բայց ինչպե՞ս հասնել այդ գիտակցությանը:

- Մենք չենք կարող մի օր արթնանալ եւ ասել՝ դաստիարակված ազգ ենք։ Պետք է ազգային քաղաքականության ուղղություն մշակել եւ սերունդների մեջ կարգապահություն սերմանել: Հենց դրա բացակայության պատճառով էլ պատմությունը կրկնվում է։

- Դուք 2020-ին Հայաստանում չէիք։ Հեռվից ավելի՞ ցավալի էր հետեւել իրադարձություններին:

- Որեւէ հայ չկա, որի մեջ հարց չի ծագել, թե ինչու այդպես եղավ։ Մինչեւ մենք չհասկանանք՝ ինչու եղավ, չենք կարող հաջորդ քայլն անել։ Կարծում եմ, որ առաջին օրվանից պետք է ազնիվ լինեինք, ճիշտն ասեինք։ Այդպես միայն հաջորդ քայլը ցավոտ չէր լինի։ Մենք թաքնվել ենք այն պնդումների հետեւում, որոնք անընդհատ կրկնում ենք՝ տաղանդավոր ենք եւ այլն։ Ուզում եմ այդ պնդումների հիմքերը տեսնել։ Մենք մոռացել ենք աշխատել, կառուցել։ Ո՞վ պետք է այդ ամենը մեր փոխարեն անի։

- Իսկ այս պահին իրապես ի՞նչ ունենք։

- Մենք ունենք շատ լավ երիտասարդություն եւ պետք է փորձենք նրանց ճիշտ ուղի ցույց տալ։ Մեր մոդելը մեր ընտանիքն է, որից այսօր կարծես մի փոքր հեռացել ենք։ Ինչո՞ւ չենք կարողանում այդ մոդելը պաշտպանել։ Պատկերացրեք, որ Հայաստանը մի մեծ ընտանիք է, եւ այդ ընտանիքում չենք կարողանում ինքներս մեզ օգնել։

Կարեն Դուրգարյանը


- Լավատե՞ս եք։

- Վստահ եմ, որ լավ է լինելու։ Իմ տեղում ես առավելագույնն եմ անում, որովհետեւ գիտեմ՝ իմ տղան այստեղ պետք է մեծանա։ Դա իր ցանկությունն է, ոչ թե ես եմ իրեն պարտադրել։

- Ձեր տեսլականն ինչպիսի՞ն է ։

- Այն Հայաստանը, որը ես տեսնում եմ, բոլորիս ամենօրյա աշխատանքի արդյունքում պետք է կառուցվի։ Հայն ուր էլ լինի, պետք է դիտարկի Հայաստանը՝ որպես իր տուն։ 10 միլիոն հայերով պետք է ձգտենք դեպի Հայաստան։ Սա մեր տունն է, եւ որեւէ մեկը չի կարող է մեր տունը մեր ձեռքից վերցնել։ Եթե բոլորս դիտարկենք Հայաստանն իբրեւ կենտրոն, ամեն ինչ կշտկվի։

- Դասական երաժշտությամբ զբաղվողի համար կարեւո՞ր է ժողովրդական երգի իմացությունը։

- Ոչ միայն կարեւոր է, այլեւ պարտադիր է։ Մենք Արամ Խաչատրյանին համարում ենք դասական կոմպոզիտոր, իսկ նա որտեղի՞ց է սնվել։ Այո, երաժիշտը պարտադիր պետք է ժողովրդական երգ իմանա, եւ ոչ միայն երաժիշտը։ Ինչպե՞ս կարող ես քոնը չսիրել ու չիմանալ։ Եթե դու քոնը չես սիրում, ուրեմն՝ քեզ հայ մի կոչիր:

- Երբ ամեն ինչ վերաիմաստավորելու կարիք եք ունենում, ի՞նչ երաժշտություն եք լսում:

- Հոգեւոր երաժշտություն, որովհետեւ այն մաքրում է:

-  Ըստ Ձեզ՝ արդարություն կա՞։

- Վստահ եմ, որ կա։ Եթե Աստված կա, իսկ Աստված բարի է, ուրեմն՝ արդարություն էլ կա։ Եվ դա աքսիոմ է՝ ապացուցելու կարիք չունի։ Այն մարդը, որն ասում է՝ արդարություն չկա, նրա մեջ միայն վախն է խոսում։ Եթե վախ չունես, վաղ թե ուշ, ամեն ինչ իր տեղը կընկնի։

- Իսկ գեղեցկությունը Ձեզ համար որտե՞ղ է։

- Բնության մեջ։ Ցավոք, մենք կտրվում ենք բնությունից եւ փորձում այլ տեղ գեղեցկություն փնտրել։ Մինչդեռ գեղեցկությունը հենց բնությունն է։ Առօրյա գործերով տարված՝ նույնիսկ չենք նկատում, թե աշունն ինչպես անցավ։ Չենք էլ նկատում, թե ձմեռն ինչպես սկսվեց, գարունը երբ անցավ։

Կարեն Դուրգարյանը


- Իսկ այդ զգացողությունը Ձեզ համար կարեւո՞ր է։

- Իհարկե: Եթե այն չես զգում, կյանքից հետ ես մնում, կամ ընդհակառակը՝ քեզ թվում է, թե կյանքից առաջ ես ընկել։ Իսկ բնությունն իրական կյանքն է, այն ամեն ինչ հավասարակշռում է։

- Բիզեի Կարմենը վաղուց դարձել է կրքոտ, համարձակ ու գեղեցիկ կնոջ խորհրդանիշ։ Ինչո՞ւ են տղամարդիկ «Կարմենին» ձգտում, չէ՞ որ նրա հետ հեշտ չէ։

- Երբ մենք «Կարմեն» էինք բեմադրում, երգչախմբից յուրաքանչյուրին ասում էինք՝ ինքն էլ կարող էր Կարմեն լինել։ Բոլոր կանանց մեջ գաղտնիք կա, եւ տղամարդուն այդ գաղտնիքն է հետաքրքրում, նա այդ հարցերի պատասխաններն է փնտրում: Իսկ կրքոտ Կարմեն ասելով՝ պատկերացնում եմ կյանք սիրող Կարմեն, հասկանում եմ արդարություն փնտրող Կարմեն, որովհետեւ նա արդարության համար էր կռիվ տալիս։ Կարմենը սիրում էր, նշանակում է՝ նրա մեջ կիրք կար։ Այդպիսի կին չկա, որի մեջ Կարմեն չլինի։ Կինը կարող է ասել՝ այ, իրեն չնկատեցին, իր մեջ կիրք չտեսան, այդ դեպքում իր մեջ վախն է խոսում։

Զրուցեց՝ Լենա Գեւորգյանը
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին