×


Հայտնիների օնլայն մեդիա վարկանիշը հունիսին

BRAVO.am-ը ներկայացնում է, թե հայկական շոու-բիզնեսի որ ներկայացուցիչներին են ամենաշատն անդրադառնում մեդիայում եւ ինչ թեմաների շուրջ:

Մեդիամաքս մեդիա ընկերության ԶԼՄ-ների մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման MaxMonitor համակարգի օգնությամբ պարզեցինք այն հայտնիներին, ովքեր ամենաշատն են գտնվել լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում հունիս ամսվա ընթացքում: 

Մոտ 150 լրատվական կայքերի հունիս ամսվա դիտարկման արդյունքներով ամենից շատ հիշատակված հայտնիների եռյակն է՝


•    Նազենի Հովհաննիսյան՝ 45 հիշատակում,

•    Խորեն Լեւոնյան՝ 30 հիշատակում,

•    Միհրան Ծառուկյան՝ 29 հիշատակում:


Ներկայացնենք հիշատակումների հիմնական բովանդակությունը.

Հունիսին հայկական մեդիայում հիշատակումների թվով առաջատարը Նազենի Հովհաննիսյանն է: Լրատվամիջոցները տարածել են դերասանուհու գրառումները,  որոնք վերաբերում են Հայ Առաքելական Եկեղեցու հոգեւորականների թիրախավորմանը:

«Եկեղեցու հոգեւոր հայրերի նկատմամբ որեւէ քննադատական խոսք հղող աշխարհիկ առաջին հերթին թող ինքն իրեն նայի՝ իր ապրած կյանքին, իր գործած արհավիրքներին եւ իր անազնիվ վարվեցողությանը սեփական երկրի նկատմամբ»,-ինստագրամյան «սթորի» բաժնում նշել է նա:


Հովհաննիսյանը ցավալի է համարում, որ Հայ Առաքելական Եկեղեցին այսպիսի գրոհի է ենթարկվում. «Դա այն եկեղեցին է, որը դարերով պահել է հայկական ինքնությունը: Սա բոլորիս թուլությունն է, բոլորիս թույլ տված մեծագույն սխալն է եւ այն ողբերգությունն է, որը դառնալու է վերջնական կետը՝ խարանը, յուրաքանչյուրիս համար՝ լինի Հայաստանում, Սփյուռքում, որեւէ վայրում…»:

Մեկ այլ տեսանյութում Նազենին անդրադարձել է Քոբայրի վանական համալիրին ու դրա շուրջ քննարկումներին. «Այն պատմամշակութային անշարժ արժեք է եւ գտնվում է պետության հոգածության ներքո: Այսինքն, եթե այդ կիսականգուն վանական չքնաղ համալիրի հետ ինչ-որ բան այն չէ, ցավոք սրտի, դա պետության անելիքն է եւ պետության թերացումն է: Ինչքա՞ն կարելի է մանիպուլացնել՝ պետության աշխատանքը բարդելով այլ հաստատությունների վրա»:

Երկրորդ հորիզոնականում Խորեն Լեւոնյանն է: Հունիսի 19-ին տեղի ունեցավ Արշո Հարությունյանի «Անհայտ բաժանորդ» ներկայացման պրեմիերան, որում խաղում է նաեւ Լեւոնյանը: 

Իսկ արդեն ամսվա վերջին լրատվամիջոցները գրեցին դերասանի ամուսնության մասին: Խորեն Լեւոնյանի կինը երգչուհի, դերասանուհի Էմմա Ազիզյանն է։ Զույգը պսակադրվել է Վազգեն Սարգսյանի եղբոր դստեր՝ Նոնո Սարգսյանի եւ նրա ամուսնու՝ Գրիգոր Տեր-Ղազարյանի քավորությամբ:



Միհրան Ծառուկյանը երրորդ հորիզոնականում է: Երգիչը անդրադարձել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցած իրադարձություններին։ Նա հրապարակել է տեսանյութ, որում հնչում են Մայր Աթոռի զանգերը եւ գրել է. «Սուրբ Էջմիածին՝ մեր հոգու տաճարը։ Ոչ ոք իրավունք չունի բռնությամբ մտնել սրբություն»։ Ծառուկյանը օգտագործել է «ամոթ»: հեշթեգը:


Հունիսին Միհրան Ծառուկյանը եւ Արփի Գաբրիելյանը համերգով են հանդես եկել Գերմանիայի Համբուրգ քաղաքում եւ արժանացել են ջերմ ընդունելության:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW