×


Իրինա Թովմասյանի հուշերը, դստեր «բացահայտումն» ու Օռեոն

«Միսս Հայաստան 2001» տիտղոսը կրող գեղեցկուհի, երեք երեխաների մայր Իրինա Թովմասյանի բնակարանում նախատոնական եռուզեռ է, որին ականատես է եղել BRAVO.am-ը: Եվ հետաքրքրությունը սկսվում է հենց դռան զանգը տալուց։ Ես սարսափելի վախենում եմ շներից, ու մեզ դիմավորում է Իրինայի շնիկը՝ Օռեոն։ Բայց Օռեոն հաղթահարում է վախս։ Ու սկսվում է հետաքրքիր իրարանցում։ Իրինայի աղջնակները՝ Մարինան եւ Ալյան, իրար հերթ չտալով, սկսում են սեղան պատրաստել։ Ասում են՝ այդպիսի օր չկա, որ թխվածքաբլիթներ չթխեն, եւ նրանց ձեռքի աշխատանքը միշտ տեղ է գտնում նաեւ տոնական սեղանին։ Վայելում ենք Իրինայի պատրաստած համեղ բլիթներն ու սկսում զարդարել տոնածառը։ Իրինայի հետ տեղափոխվում ենք մանկություն։


- Մանկությունից շատ հուշեր եմ բերել։  Ծնողներս ամեն ինչ անում էին, որ Նոր տարին դառնար իսկական տոն։ Պարզ հիշում եմ՝ մութուցուրտ տարիներն էին,  մայրս «կերոսինկայի» վրա ամեն ինչ հասցնում էր պատրաստել, որպեսզի մեր սեղանին ամեն ինչ լիներ։ Հետո կանչում էինք բակի ընկերներին, ու իրենք այնքան շատ էին, որ անգամ գորգն էինք պտտում ու բոլորով նստում վրան։ Մեր սեղանին պարտադիր պետք է լիներ «Նեգրի ժպիտ» խմորեղենը։ Իմ մանկությունը հենց այդ հոտն ունի։ Երբ ասում ենք՝ Նոր տարի, այն միանգամից ասոցացնում եմ այդ խմորեղենի հետ։ Իսկ նվերների պահը ուրիշ զգացողություն էր, երբ բարձի տակ հայտնաբերում էինք մրգերով ու աղանդերով լի տոպրակները:

- Նամակ գրե՞լ եք  Ձմեռ պապին:

- Տարին սկսվում է, ու ես արդեն մտածում եմ հաջորդ տարի՝ ինչ նվերներ պետք է գնեմ։ Անհամբեր սպասում եմ հատկապես դեկտեմբերին, երբ արդեն սկսում են վաճառել Ամանորի զարդարանքներ, խաղալիքներ։ Այս օրերին մանկանում եմ ու կարծես ամենաշատը ես եմ սպասում տարեմուտին։ Ամեն ինչ անում ենք, որպեսզի տոնական օրերին լինենք Հայաստանում ու ընտանիքով միշտ միասին։


Մեր զրույցն այստեղ ընդհատում է Իրինայի փոքրիկ աղջիկն ու «բացահայտում» անում։

«Ես կարծում եմ, որ մաման ձմեռ պապիկին վարձում է ու նվերները տալիս նրան, որ մեզ բերի», - ասում է նա եւ չարաճճի ժպտալով հավելում․«Նամակ եմ գրել, բայց մի քանի բան մոռացել եմ։ Հիմա ասեմ, գուցե Ձմեռ պապիկը լսի. ուզում եմ մոդայիկ պայուսակ, շորիկ ու էլեկտրական ինքնագլդոր»։

Երեխայի ցանկությունը լսում ենք ու շարունակում մեր զրույցը։ Իրինայի Ամանորի սեղանին պարտադիր պետք է լինի սկեսուրի պատրաստած անմահական խոզի բուդը, մայրիկի՝ խաղողի թփով դոլման, եւ, իհարկե, մայրաքաղաքային աղցանը։


- Ե՞րբ դադարեցիր հավատալ Ձմեռ պապին:

- Չասեմ՝ հիասթափվել եմ, բայց երբ գիշերը տեսա, որ մայրս բարձի տակ է դնում տոպրակները, հենց այդ օրից դադարեցի հավատալ։ Ցավոտ չեմ տարել, բայց մեծ աղջկաս՝ Մեգիի դեպքն այլ էր։ Մինչեւ 10 տարեկան նա հավատում էր, որ Ձմեռ պապիկ կա, քանի որ միշտ նույն Ձմեռ պապն էր մեզ այցի գալիս, ու այդ ամենն իր համար շատ կարեւոր էր։

- Առաջին մաղթանքը:

- Տարիներ շարունակ մենք երազանքները գրում ենք թղթի վրա, այրում այն, լցնում շամպայնի բաժակի մեջ ու խմում։ Վերջին  երկու տարիներին բոլորիս երազանքն ու մաղթանքները փոխվել են. այսօր ամենաշատը մեզ պետք է խաղաղություն եւ առողջություն։ Այդ երկուսը երբ լինեն, մեր կյանքն այլ երգ ու գույն կստանա։


Այստեղ ավարտում ենք մեր զրույցն ու հավատում, որ 2022-ը կլինի խաղաղության ու առողջության տարի։

Զրուցեց Արմինե Գեւորգյանը
Լուսնկարները՝ Էլեն Գասպարյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW