×


«Պարը կյանք է, կյանքը՝ կիրք»․ Արսեն Սարգսյանը՝ Նյու Յորքում հաջողելու եւ հայրենիքում ծրագրերի մասին

Հայաստան է վերադարձել Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի պարող Արսեն Սարգսյանը, որն ավելի քան 10 տարի է, ինչ բնակվում է Միացյալ Նահանգներում՝ այնտեղ շարունակելով իր մասնագիտական վերելքը:

Այս տարիների ընթացքում Արսենը հասցրել է մասնակցել հեղինակավոր մի շարք մրցույթների եւ գրանցել հաղթանակներ։

BRAVO.am-ը փորձեց պարզել, թե նրա մասնագիտական կյանքն ինչպես է ընթանում Նյու Յորքում։

Կատարելագործվելու համար

Մարդը զարգանում է այն պահից, երբ դուրս է գալիս հարմարավետության գոտուց: Հակառակ դեպքում սկսվում է լճացում: Ընդգծեմ, որ նկատի չունեմ բարեկեցությունը, այլ այն հարմարվողական վիճակը, որ մարդն ունենում է կյանքի ընթացքում եւ չի ցանկանում փոխել՝ թեկուզ ինքն իրեն նեղություն տալով։ Խնդիրների հանդիպելը վկայում է այն մասին, որ ապրում ես, դրանց լուծումը բերում է փորձ եւ հետո՝ հաղթանակ:

Արսեն Սարգսյանը


Փոխելով մարդկանց կյանքերը

Պարը միայն ժամանց չէ, միայն առողջություն չէ, այն առաջին հերթին թերապիա է։ Պարուսույցի մասնագիտությամբ կարողանում եմ փոխել մարդկանց կյանքերը։ Նրանք մտնում են պարասրահ խնդիրներով, դուրս գալիս երջանկացած։ Նյու Յորքում, որտեղ դասավանդում եմ լատինաամերիկյան պարեր, ինձ մոտ ուսանում են տարբեր ազգության ու մասնագիտության մարդիկ: Հիմնական գնահատականս ոգեւորում է. պնդում են, թե պարը փոխել է իրենց կյանքն ու հոգեբանությունը: Երջանիկ եմ, որ իմ մասնագիտությամբ կարողանում եմ օգտակար լինել մարդկանց։

Չի պատկերացնում կյանքն առանց պարի

Դպրոցական էի, երբ դասարանով համերգի էինք պատրաստվում. Կինտոների պարն էինք բեմականացնում, փորձեցի՝ ստացվեց, սիրեցի, այսպես 8 տարեկանում պարը մտավ իմ կյանք եւ մինչ այսօր չեմ պատկերացնում կյանքս առանց պարի։ Պարը կյանք է, կյանքը՝ կիրք:

Առաջին քայլերս սկսել եմ Սոֆի Դեւոյանի Պարի եւ հոգու թատրոնում, ուր ուսանել եմ 3 տարի։ Հետո կրթությունս շարունակել եմ Երեւանի պարարվեստի պետական քոլեջում՝ ժողովրդական պարերի բաժնում։ Զուգահեռ նաեւ դասական պար էի սովորում, քանի որ պարուսույց Հասմիկ Կառլոսովնան խորհուրդ էր տվել լրջորեն կենտրոնանալ բալետի ուղղությամբ, որը համաշխարհային կշիռ ունեցող արվեստի բարդ ճյուղ է։

Արսեն Սարգսյանը


Պարի ու բանակի նմանությունը

Հետաքրքիր զուգահեռներ պիտի անցկացնեմ՝ պար ուսանելն ու հայկական բանակում ծառայելն ունեին նմանություններ. երկու վայրերում էլ խիստ կարգապահություն պիտի պահես, աշխատասեր լինես, որպեսզի հաջողես։ Այն երջանիկներից եմ, որ ծառայության ընթացքում պարից չկտրվեցի։

Մասնագիտական աճ Իսրայելում

Աշխատում էի Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում, երբ առաջարկ ստացա պարելու Թել Ավիվի բալետի պետական ակադեմիական թատրոնում։ Սա մի այլ փորձառություն էր, զբաղվածությունը խիտ էր եւ 2 տարվա մեջ հյուրախաղերով ճամփորդել եմ ամբողջ Իսրայելով։ Մասնագիտական մեծ աճ ունեցա Իսրայելում:

Արսեն Սարգսյանը


Թել Ավիվից՝ Նյու Յորք

Շատ կարեւոր է կյանքում լավ մարդկանց հանդիպելը, որոնք ճիշտ խորհուրդ կտան։ Ընկերներս միջամտեցին, որ ուժերս փորձեմ նաեւ ԱՄՆ-ում։ Խենթանալու քաղաք է Նյու Յորքը. կյանքը շատ արագ ռիթմով է ընթանում եւ պիտի փորձես համընթաց ապրել։ Անցա լատինաամերիկյան պարերի, որն առավել պահանջված էր, սակայն կարոտում էի հայկական ազգային պարերը...

Ամերիկահայերին սովորեցնելով ազգային պարեր

Նյու Յորքի հայկական եկեղեցում կիրակնօրյա դպրոցի աշակերտներին սկսեցի սովորեցնել հայկական ազգային պար։ Երեխաներին դասավանդելը պարտավորեցնող է, միեւնույն ժամանակ՝ ամենամաքուր էներգիայի փոխանակման ընթացք։ Անգամ ԱՄՆ-ում ծնված երեխան հայկական ազգային պարն ուրիշ ջերմությամբ է ընկալում ու սովորում։ Աշխատում եմ պահպանել խիստ կարգապահությունը եւ սովորեցնում եմ այն տարբերակով, ինչպես ես եմ ժամանակին կրթվել Հայաստանում։ Աշակերտներիս ծնողներից լսում եմ միայն դրական արձագանքներ։

Արսեն Սարգսյանը


Լավ մասնագետները գնահատվում են ամենուր

Կապ չունի՝ որտեղ ես ստեղծագործում, աշխատում, լավ մասնագետը գնահատվում է ամենուր։ Կյանքը ոչ մի տեղ էլ հեշտ չէ, թող մարդիկ չկարծեն, թե օտար երկրում ապրողների համար հեշտ է վաստակելը. ամենուր քրտնաջան աշխատանք ու մասնագիտությանը նվիրում է պահանջվում լավ արդյունքի համար։ Հիվանդությունների պատճառը չսիրած աշխատանքով զբաղվելն է։

Ի՞նչ կա Նյու Յորքում, որ չկա Հայաստանում

Հայաստանում էներգետիկան, ջիգյարն ուրիշ է, որը ոչ մի երկրում չես հանդիպի... Նյու Յորքում մարդիկ ձգտում ունեն, պայքարող են, չեն հանձնվում, ինչն այստեղ է քիչ: Հասկանում եմ՝ շատ բան է փոխվել երկրումս, բայց ձգտելու կարողությունը չպիտի կորցնեն, հատկապես՝ երիտասարդները։ Կարեւորը՝ հասկանաս, որն է քո ուղին եւ չհանձնվես, ունենաս նպատակ ու ձգտում։


Մրցույթներ

Այս տարիների ընթացքում չեմ դադարել մասնակցել մասնագիտական մրցույթների, քանի որ կարծում եմ՝ դրանք նոր հնարավորություններ են ստեղծում արտիստի համար։ Կառանձնացնեմ մի քանիսը՝

American Star Ball Competition - 3-րդ հորիզոնական
Ny/NJ regional Fred Astaire Competition - 3-րդ հորիզոնական
Manhattan dance championship - 3-րդ հորիզոնական
A la Carte Dance Competition - 1-ին հորիզոնական
Yankee Classic Competition - 1-ին հորիզոնական
Empire dance championship - 1-ին հորիզոնական

Արսեն Սարգսյանը


Նպատակը

Ուզում եմ ունենալ իմ ստուդիան, ուզում եմ Հայաստանը համաշխարհային պարարվեստում իր ուրույն դերն ունենա։ Նպատակ ունեմ այստեղ միջազգային մրցույթների կազմակերպում նախաձեռնել։ Առաջ Աստված, թող ստացվի միայն բարին։

Արսեն Սարգսյանը


Երազանքը

Ուզում եմ ամուր ընտանիք ունենալ։

Զրուցեց՝ Անի Կարապետյանը
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի եւ Արսեն Սարգսյանի արխիվից
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին