×


Մատուցող, կոշկակար, հսկիչ. Արուսիկ Մկրտչյանի մեկօրյա աշխատանքները՝ հանուն բարեգործության

Ամեն օր նոր մասնագիտություն, նոր աշխատավայր, նոր մարտահրավերներ, իսկ արդյունքում աշխատավարձ, որը բարի նպատակների կծառայի. Արուսիկ Մկրտչյանը նախաձեռնել է «Ի գործ» բարեգործական արշավը, որի շրջանակում, իր հիմնական զբաղվածությանը զուգահեռ, տարբեր կազմակերպություններում մեկ օր աշխատելով՝ ստացած հասույթը փոխանցում է Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամին (HFC Armenia), որն օգնում է առողջական ծանր խնդիրներ ունեցող երեխաներին։

Նա արդեն հասցրել է աշխատել որպես լրագրող, կոշկակար, հսկիչ, վաճառող, մատուցող եւ այլ մի շարք մասնագիտություններով։ BRAVO.am-ի հետ զրույցում Արուսիկը պատմել է նախագծի գաղափարի եւ սպասելիքների մասին։

Արուսիկ Մկրտչյանը


«Տոնական օրերին երեկոյան թեյի շուրջ ծնվեց գաղափարը։ Ինքս ինձ հետ մնալու կարճ ժամանակ ունեի, երբ երեխաներս արդեն քնել էին։ Մտածում էի տարբեր բաների մասին, եւ միտք առաջացավ, որ կարելի է օգտակար շղթա ստեղծել։ Ես լրացնում եմ իմ հետաքրքրությունն այդ մասնագիտությունների ու ոլորտների նկատմամբ, հասկանում, թե ինչ է կատարվում տարբեր աշխատանք կատարող մարդկանց առօրյայում։ Միաժամանակ այդ աշխատանքի դիմաց ստանում եմ գումար, որն ուղղվում է բարեգործության։ Այսպիսով, կազմակերպությունները եւս մասնակից են դառնում բարեգործության, նաեւ ստանում գովազդ, քանի որ այս արշավին հետեւում են արդեն բավական մեծ թվով մարդիկ»,-նշել է նա։

Այս պահի դրությամբ հավաքվել է 1 միլիոն 200 հազար դրամից ավելի գումար: Նախագիծը շարունակական կլինի։ Արուսիկի խոսքով՝ ավարտի ժամկետները մոտակա երկու ամսում չեն նշմարվում, ավելին՝ արշավը նոր թափ է ստանում եւ ձնագնդի նման մեծանում։

Արուսիկ Մկրտչյանը կոշիկ կարել է սովորում


«Շատ գործատուներ կան, որոնց հետ դեռ կաշխատեմ։ Հույս ունեմ՝ վաստակածս գումարի չափն էլ կմեծանա, որ ավելի շատ երեխաների օգնենք։ Կարեւորում եմ այս նախագիծն այն առումով, որ այն վարակիչ է, մոտիվացնում է այլոց։ Ուրախ եմ, որ թե՛ անհատները, թե՛ կազմակերպությունները սիրով են ուզում միանալ։ Բոլոր նրանք, ովքեր ժամանակ եւ ցանկություն ունեն, կարող են գրել իմ անձնական էջին եւ միանալ արշավին: Յուրաքանչյուր մարդ պետք է փորձի ապրել ոչ միայն իր, այլ նաեւ իր կարիքն ունեցողների համար: Ինքս գերզբաղված եմ, բայց յուրաքանչյուր օր մի քիչ ժամանակ տրամադրելով՝ կարելի է մեծ ազդեցություն ունենալ մարդկանց ճակատագրի վրա։ Պետք չէ թերագնահատել սեփական հնարավորությունները, հարկավոր է համարձակ լինել, օգտակար լինել, գիտակցել, որ պարզ հարցերով փոխօգնությունն ու աջակցությունը պետք է կյանքի ոճ դարձնել»,-նշել է Արուսը։

Արուսիկ Մկրտչյանը եւ Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի հիմնադիր-տնօրեն Արմեն Մարտիրոսյանը


Բարեգործական արշավն արձագանքներ է գտնում նաեւ արտերկրում. «Ռուսաստանից եւ Վրաստանից բարեգործական հիմնադրամներից դիմել են ինձ՝ որպես գաղափարի հեղինակի, որ թույլ տամ իրենց մոտ իրականացնել։ Դե, բնականաբար, համաձայնել եմ, քանի որ այն բարի նպատակների համար է։ Հուսով եմ՝ նրանք էլ կհաջողեն»։

Տեքստը՝ Արմինե Բրսոյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Անդրանիկ Բեգլարյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին