Դիլիջանում ամռան աշխույժ փողոցներն ու լեփ-լեցուն սրճարանները ձմռանը փոխարինվում են ավելի հանդարտ առօրյայով։ Բայց քաղաքն իր հմայքը չի կորցնում նաեւ ցուրտ ամիսներին։ Green Rock հիմնադրամի՝ ձմեռային Դիլիջանում տոնական մթնոլորտ ստեղծելու ցանկությունից 2025 թվականին ծնվել է «Ձմեռը Դիլիջանում» նախագիծը։ Անցած տարի առաջին անգամ կազմակերպված ամանորյա տոնավաճառը ութ օրում շուրջ 10-12 հազար այցելու է ունեցել։ Այս տարի այն կվերադառնա ավելի ընդարձակ տարածքով, համերգներով, ժամանցային ծրագրերով եւ Սուրբ Ծննդյան միջոցառումներով։
Տոնավաճառ, որը դարձավ քաղաքի տոնը
Արմինե Սարգսյան, Green Rock հիմնադրամի մարքեթինգի եւ հաղորդակցության բաժնի ղեկավար
Անցած տարի առաջին անգամ կազմակերպեցինք ամանորյա տոնավաճառը։ Գաղափարը պարզ էր՝ դեկտեմբերի յուրաքանչյուր շաբաթ-կիրակի քաղաքում ստեղծել տոնական տարածք։ Ընդհանուր առմամբ տոնավաճառն անցկացրինք ութ օր: Տեղադրել էինք ամանորյա դեկորացիաներ, տաղավարներ, որտեղ վարպետները վաճառում էին իրենց աշխատանքները, առանձին հատվածում նաեւ տեղական սնունդ էր ներկայացված։
Արմինե Սարգսյանը
Ամենակարեւորն այն էր, որ Դիլիջանի բնակիչներն էլ էին գալիս՝ պարզապես տոնին մասնակցելու, ուրախանալու համար։ Մենք նրանց համար ստեղծել էինք Ամանորը նշելու հնարավորություն՝ այնպես, ինչպես մեծ քաղաքներում։ Սուրբ Ծննդյան տոնավաճառը պարզապես վայր չէ, այլ տրամադրություն ու մշակույթ։ Մեզ համար մեծ հպարտություն էր, որ ամբողջ թիմի ջանքերով կարողացանք այդ տոնական մթնոլորտը ստեղծել Դիլիջանում։ Հուզիչ էր տեսնել, թե ինչպես են մարդիկ ընտանիքներով գալիս, լուսանկարվում ու ժամանակ անցկացնում։ Այդ ժամանակ հասկացանք, որ սա պարզապես տոնավաճառ չէ, այլ մի բան, որի կարիքն իսկապես ունի քաղաքը։
Այս տարվա ծրագիրը՝ ավելի շատ երաժշտությամբ ու ժամանցով
Այս տարի նախատեսում ենք տոնավաճառը սկսել դեկտեմբերի 5-ին եւ կրկին կազմակերպել յուրաքանչյուր շաբաթ-կիրակի։ Այս տարվա նորություններից մեկը համերգային ծրագիրն է։ Դիլիջանում մեծ ռուսական համայնք կա, ուստի քննարկում ենք երեք Սուրբ Ծննդյան ամսաթվերի շուրջ միջոցառումներ կազմակերպելու հնարավորությունը՝ դեկտեմբերի 25-ին, հունվարի 5-ին եւ 6-ին։ Նախատեսում ենք առնվազն երկու համերգ՝ դասական երաժշտությամբ եւ Սուրբ Ծննդյան երգերով։
Քննարկում ենք նաեւ հունվարի 5-ի երեկոյան՝ Ճրագալույցին, եկեղեցու մասնակցությամբ միջոցառում կազմակերպելու գաղափարը։ Հնարավոր է՝ միջոցառումը սկսվի եկեղեցուց, որտեղից մարդիկ ճրագներով կշարժվեն դեպի տոնավաճառի տարածք։
Այս տարի տարածքը շատ ավելի ընդարձակ է, ուստի ավելի մեծ հնարավորություններ կունենանք նաեւ երեխաների համար ժամանցային միջոցառումներ կազմակերպելու։ Ուզում ենք տոնավաճառի առաջին օրը մեծ համերգով բացել միջոցառումների շարքը եւ անցած տարվա համեմատ ավելի շատ երաժշտական ծրագրեր ունենալ։
Ամռանը Green Rock հիմնադրամը համագործակցության հուշագիր է ստորագրել ջութակահար Կարեն Շահգալդյանի հետ՝ Դիլիջանում դասական երաժշտության համերգներ կազմակերպելու նպատակով։ Նրա եւ «Խաչատրյան տրիոյի» մասնակցությամբ արդեն մեկ համերգ ունեցել ենք, իսկ հիմա համերգաշարի հաջորդ փուլը ցանկանում ենք ներառել տոնավաճառի ծրագրում։
Տոնավաճառը կանցկացվի Խանջյանի վիլլայից մի փոքր վերեւ՝ Villa 3-ի հարակից տարածքում։ Այդտեղ ապագայում Green Rock Management Group-ը նախատեսում է կառուցել երաժշտական դահլիճ։
Երգ, պար, գլինտվեյն ու անսպասելի ձյուն
Նախորդ տարվա ամենահիշարժան օրերից մեկը բացման օրն էր։ Մեր թիմում անհանգստություն կար. մտածում էինք՝ իսկ եթե ոչ ոք չգա՞։ Բայց երբ տեսանք, թե որքան մարդ է գալիս, այնքան ոգեւորվեցինք, որ ամբողջ թիմով՝ մեր տնօրենի հետ, կանգնել էինք մուտքի մոտ ու պարելով դիմավորում էինք մարդկանց։ Առաջին օրը ծրագրում ազգային երգ ու պար էինք ներառել։ Մարդկանց ներգրավվածությունը տպավորիչ էր, նույնիսկ հուզիչ։ Հաճելի էր տեսնել, թե ինչպես են նրանք միանգամից միանում ազգային պարերին ու խաղերին։ Մենք շատ ենք համագործակցում Ժողովրդական արվեստների թանգարանի հետ։ Հենց այնտեղից էին մեզ խորհուրդ տվել՝ ում դիմել եւ ինչպես կազմակերպել ծրագիրը, որպեսզի իսկապես ազգային տրամադրություն ստեղծենք։
Ինչպես Սուրբ Ծննդյան մյուս տոնավաճառներում, մեզ մոտ էլ գլինտվեյնն անպակաս էր։ Դիլիջանի սրճարաններից մեկը մեծ կրակամաններ էր բերել, որոնց վրա դրսում գլինտվեյն էր պատրաստում։ Դա նույնպես շատ ինքնատիպ փորձառություն էր։
Տարածքում ունեինք նաեւ «խարույկի անկյուններ», որտեղ այցելուները հավաքվում ու ժամանակ էին անցկացնում։ Երիտասարդները կիթառներով էին գալիս, միասին երգում, եւ երեկոները հաճախ ինքնաբուխ վերածվում էին երգի երեկոների։
Հիշարժան էր նաեւ «Դեդ Մորոզի» անակնկալ այցը։ Ռուսաստանի դեսպանատնից մեզ գրեցին, որ Մասլենիցայի շրջանակում նա Իջեւան էր գնացել եւ ուզում է նաեւ մեր տոնավաճառ այցելել։ Այդպես նա անսպասելիորեն հայտնվեց նաեւ մեզ մոտ։
Մեկ այլ հիշողություն էլ կա, որն ինձ համար առանձնահատուկ է։ Դեկտեմբերին ընդհանրապես ձյուն չէր եկել։ Տոնավաճառի վերջին շաբաթն էր, երբ արթնացանք ու տեսանք, որ քաղաքը ձյան տակ է։ Այնքան ձյուն էր եկել, որ դռները չէին բացվում։ Ամբողջ թիմով տարածքը մաքրում էինք ձյունից։ Այդ ձյունը, կարծես, հերթական հրաշքի զգացողությունն էր բերել։
Մեզ համար շատ կարեւոր է, որ տոնավաճառը, նախեւառաջ, Դիլիջանի համայնքին օգուտ տա։ Մեր առաջնահերթությունը տեղացի վարպետներն ու փոքր արտադրողներն են։ Միաժամանակ, եթե Երեւանից, Վանաձորից կամ այլ վայրերից վարպետներ գան, դա բազմազանություն կհաղորդի տոնավաճառին ու ավելի հետաքրքիր կդարձնի այն այցելուների համար։
Անցած տարի բոլոր տաղավարներն անվճար էինք տրամադրել, թեեւ դրանց կազմակերպումը մեզ համար ծախսատար էր։ Այս տարի դեռ քննարկում ենք տաղավարների համար խորհրդանշական գումար սահմանելու հնարավորությունը։ Մեր հիմնական սահմանափակումը տաղավարների քանակն է. ընդամենը 18-ն ունենք։ Կփորձենք լուծումներ գտնել, որպեսզի հնարավորինս շատ մարդ մասնակցի։
Նախատեսում ենք նաեւ վարպետաց դասեր՝ Ժողովրդական արվեստների թանգարանի եւ այլ վարպետների մասնակցությամբ։ Նրանք կկարողանան ներկայացնել իրենց աշխատանքները, սովորեցնել այցելուներին եւ տոնավաճառի ծրագիրը դարձնել ավելի բազմազան։
Դիլիջանը՝ ձմռանը եւս ապրող քաղաք
Կատյա Բրեդիխինա, Green Rock հիմնադրամի տնօրեն
«Ձմեռը Դիլիջանում» նախաձեռնությունը միտված է ոչ միայն տոնական մթնոլորտ ստեղծելուն, այլեւ մարդկանց համախմբելուն, նոր ավանդույթներ ձեւավորելուն եւ Դիլիջանը դարձնելուն մի վայր, ուր մարդիկ կցանկանան վերադառնալ նույնիսկ տարվա ամենացուրտ ամիսներին։
Կատյա Բրեդիխինան (մեջտեղում)
Մենք հավատում ենք, որ քաղաքն իսկապես կենդանանում է, երբ մարդիկ ունենում են միասին հավաքվելու, տպավորություններով կիսվելու եւ իրենց տան հետ կապն ավելի ամուր զգալու առիթներ։ «Ձմեռը Դիլիջանում» նախաձեռնության միջոցով ցանկանում ենք ձեւավորել մի ավանդույթ, որը կպատկանի քաղաքին եւ նրա բնակիչներին՝ միաժամանակ հյուրերին հնարավորություն տալով զգալ Դիլիջանի ջերմությունը, յուրահատուկ բնույթն ու ոգին։
Մելինե Թովմասյան, մասնակից, «Դարավանդ» հյուրատան հիմնադիր
«Ձմեռը Դիլիջանում» նախագծին մասնակցելու առաջարկը ստացանք Green Rock հիմնադրամի աշխատակիցներից։ Այն գրավիչ էր նաեւ այն պատճառով, որ տաղավարի համար վճարելու կարիք չկար։
Մելինե Թովմասյանը
Դիլիջանում ունենք «Դարավանդ» հյուրատունն ու ռեստորանը։ Մեր խոհանոցն ազգային է՝ հեղինակային մոտեցմամբ, սակայն տոնավաճառի ձեւաչափում միայն ազգային ուտեստներով ներկայանալը բավարար չէր։ Այդ պատճառով առաջարկում էինք նաեւ գլինտվեյն, կակաո, սենդվիչներ, սպաս, նրբերշիկներ եւ գրիլի վրա պատրաստված ուտեստներ։
Green Rock հիմնադրամը հարթակ էր ապահովել, բայց մասնակցությունից որպես բիզնես օգուտ քաղելը կախված էր հենց մեզնից։ Նման միջոցառումների ժամանակ մարդիկ սովորաբար լուրջ ուտելիքներ չեն փնտրում, ուստի կարեւոր էր նաեւ գրավիչ ձեւով ներկայանալը։
Արդեն վեց տարի է՝ ապրում եմ Դիլիջանում։ Ինձ համար նախաձեռնությունը կարեւոր էր նաեւ որպես քաղաքի բնակիչ։ Նման քաղաքներում հաճախ մտածում են, որ ամենակարեւոր իրադարձությունները տեղի են ունենում Երեւանում։ Մեր աշխատակցուհին, որը երեխաներ ունի, անընդհատ մտածում էր՝ ինչպես ազատ օր վերցնի, որպեսզի երեխաներին տանի մի տեղ, որտեղ կզգան ամանորյա տրամադրությունը։ Երբ իմացավ, որ նման հնարավորություն կա հենց Դիլիջանում, երեխաներին բերեց տոնավաճառ, եւ նրանք շատ ուրախացան։
Մենք գոհ ենք մասնակցությունից։ Տեսնելով Green Rock հիմնադրամի նախորդ տարվա փորձն ու այս տարվա գործունեությունը՝ կարծում եմ՝ այս տարի «Ձմեռը Դիլիջանում» տոնավաճառը շատ ավելի լավը կլինի։
Արմինե Սարգսյան, Green Rock հիմնադրամի մարքեթինգի եւ հաղորդակցության բաժնի ղեկավար
Դիլիջանի խնդիրներից մեկը զբոսաշրջության սեզոնայնությունն է։ Հիմնական ակտիվությունը կենտրոնացած է ամռանը, իսկ ձմռանը մարդիկ հաճախ կարճ են մնում քաղաքում, քանի որ իրենց հետաքրքրությունները շուտ են սպառվում։ Եթե դեկտեմբերին եւ հունվարի սկզբին տարբեր միջոցառումներ լինեն, դա լրացուցիչ առիթ կդառնա ձմռանն էլ Դիլիջան այցելելու եւ ավելի երկար մնալու համար։
«Ձմեռը Դիլիջանում»-ը կարող է հետաքրքիր լինել նաեւ երեւանցիների համար։ Երեւանի տոնավաճառներից բացի, նրանք հնարավորություն կունենան Սուրբ Ծննդյան մթնոլորտը վայելելու Դիլիջանի բնության մեջ եւ քաղաքը բացահայտելու մեկ այլ տեսանկյունից։
Այցելության ընթացքում կարելի է ծանոթանալ նաեւ Green Rock հիմնադրամի մյուս նախագծերին՝ Villa 3-ին, Cabinet Café-ին, PPLS Rooms Co եւ Apicius Armenia հյուրընկալության դպրոցին։ Այսպիսով՝ տոնավաճառը կարող է դառնալ ձմռանը Դիլիջան գալու առիթ եւ հնարավորություն՝ ծանոթանալու քաղաքում ժամանակ անցկացնելու այլ տարբերակներին։
Անի Խչոյան
Լուսանկարները՝ Green Rock հիմնադրամի


×
83





