«Թափառական երաժիշտը» Արման Բարդումյանի թերեւս ամենահայտնի երգն է, նրա այցեքարտը։ 1990-ականներին հայտնի արտիստի երգերից շատերը կհիշեն նաեւ «Հեռացիր, մոռացիր», «Կարաբալա», «Քեզ համար են» եւ այլ հիթեր։ Նա վաղուց արդեն երգեր չի թողարկում, սակայն սիրում է հայտնի գործերի քավերներ անել իր յութուբյան էջի համար։ Արման Բարդումյանի հետ խոսել ենք որդիների, կրոնին վերաբերմունքի եւ իր հիմնական աշխատանքի մասին։
«I am a legend of the 90's»
Վերնաշապիկը նվիրել են ընկերներս, ովքեր ինձ ճանաչում են 30 տարուց ավելի։ Երեք տարի առաջ մի հանդիպման ժամանակ բերեցին ու ասացին՝ եթե չհագնեմ, իրենց ընկերը չեմ։ Մի քանի ամիս չէի հագնում. մի տեսակ բարդույթավորվում էի։ Բայց հետո հասկացա, որ սա ինձ ժողովուրդն է տվել, ինչո՞ւ չհագնեմ, ես չեմ գնել շուկայից կամ պատվիրել։ Մտածում էի՝ մարդիկ ուրիշ արձագանք կտան, բայց՝ ոչ։ Բոնապարտիզմով չեմ տառապում ոմանց պես եւ ինձ համար աբսուրդ է, որ մի քանի տարվա պատմություն ունեցող մարդիկ ստանում են վաստակավորի կոչում։ Իսկ ավելի լուրջ արվեստագետներ, օրինակ, «Արձագանք» խմբի հիմնադիրները՝ Արտավազդ Բայաթյանը, Եղիշե Պետրոսյանը, մոտ 50 տարի արվեստի մեջ են, պետական որեւէ պարգեւ չեն ստացել, երբ իրենց ամեն երգը մարգարիտ է։ Ի՞նչ են հիմա երգում, եկեք բառերը նայենք՝ «Ես քեզ սիրեցի, սիրեցի, դու ինձ չսիրեցիր, ինչո՞ւ»։ Իսկ Սամվել Ծովակի, Վահե Դավթյանի, Լիլիթի, իմ երգերը... 50 տարի էլ անցնի, մի երիտասարդ երգելու է։ Մի օր ինձ հարց տվեցին՝ ինչու էին մեր ժամանակվա երգերը լավը, հիմա՝ ոչ, պատասխանեցի՝ մենք գրում էինք հոգով, հիմա գրում են փողով։ Երբ արվեստը վերածվում է բիզնեսի, տոնավաճառի տպավորություն է թողնում։
Արման Բարդումյանը
Գանձապահ Սաթենիկը, որը չգիտեր իր անվան պատմությունը
90-ականներին պատերազմ էր, տրանսպորտ չկար, մենք ոտքով, թրջված հասնում էինք նկարահանումների, երգելու ժամանակ գոլորշի էր դուրս գալիս, բայց ամեն ինչ անում էինք, որ դեկտեմբերի 31-ին մարդիկ վայելեն Նոր տարվա ծրագիրը։ Այսօր ամեն ինչ հեշտացել է։ Շատերը հիմա ձայնագրման ստուդիայում երգում են, հետո զարմանում են՝ «Էս մե՞նք ենք երգել», հնչունային ռեժիսորն ասում է՝ ո՛չ, ինքն է ամբողջ գիշեր սխալներն ուղղել։ Մեր ժամանակ անալոգային համակարգ էր, պետք էր այնքան պատրաստված լինել։ Այսօրվա երաժշտական վիճակը համեմատում եմ «Մարդը Կապուցիների փողոցից» ֆիլմի հետ, երբ կովբոյներին ցույց են տալիս տարբեր ֆիլմեր, մի դեպքում նրանք կրթվում են, երկրորդի ժամանակ վերադառնում են վայրենության։ Թուրքաարաբապարսկական ցընկլ-բըշկըմն այսօր փող է բերում եւ ցածրաճաշակություն քարոզում: 2010-ին 80-ականների ռետրո երգերի նախագիծ արեցինք, ինձ միացան որոշ մարդիկ, ու հարամվեց։ Մենք կրթվելու խնդիր ունենք։ Մի օր խանութ մտա, գանձապահը գեղեցիկ, երիտասարդ աղջիկ էր, անունը՝ Սաթենիկ։ Ասացի՝ Արտաշես արքայի Սաթենիկի պես գեղեցիկ է, ասաց՝ էդ ո՞վ ա։ Այսինքն՝ ինքն անգամ չգիտի՝ ով է Արտաշես արքան։ Ես էլ հումորով պատասխանեցի՝ հայ առաջին տիեզերագնացն է։
Սերգեյ Բեզռուկովը եւ Արման Բարդումյանը
Երգչից՝ պրոդյուսեր
Երաժշտական դպրոց ավարտել եմ, բայց երբ շարունակություն պետք է լիներ, երկիրը քանդվեց, ծառայություն, դրա ժամանակը չէր։ Հետո, փառք Աստծո, հանդիպեցի «Արձագանք»-ի տղաներին։ Ջահել, չկայացած երեխեք էինք, իրենց մոտ կրթվեցինք։ Այն, ինչ մտածում եմ, արտահայտվում, իրենց շնորհիվ է։ Իրենց շնորհիվ նաեւ շատ լուրջ արվեստագետների հետ շփվեցի։ 1996-ին կայացավ Կոնստանտին Օրբելյանի հոբելյանական երեկոն, որի փորձերը Համալիրում էին անում։ Ես ժամերով նստում, լսում էի։ Մի շրջան սկսեցինք («Արձագանք» ստուդիան,-խմբ.) Ռուսաստանից երգիչներ հրավիրել՝ Մելաձե, Դոբրինին, Վայկուլե, Շուֆուտինսկի... Այդ արտիստների հետ շփումը եւս նպաստեց ինքնակրթությանս։ Հետո ինձ համար բացահայտեցի թատերական աշխարհը։ Պատիվ եմ ունեցել շփվել Վասիլի Լանովոյի՝ այդ «գիգանտ» արտիստի հետ։ Սերգեյ Բեզռուկով, Եվգենի Գուցենկո, Կոնստանտին Ռայկին, Ջիվան Գասպարյան, Խորեն Աբրահամյան... Ամեն մեկից մի բան քաղում էի։ Արմեն Ջիգարխանյանի հետ մտերմացանք, երբ իր թատրոնով հյուրախաղերի եկավ։ Երբեք չեմ մոռանա. «Շիրակ» հյուրանոցում էին մնում, 2008-ի սեպտեմբերն էր, գիշերվա ժամը չորսը, Երեւանը քնած էր, ես ու Արմեն Բորիսիչը նստած խոսում էինք, ասացի՝ դեդ, իրեն այդպես էին դիմում, երբեք իմ մտքով չէր անցնի, որ այս կարգի դերասանի հետ կզրուցեմ, ինքն էլ իր սիրելի արտահայտությամբ պատասխանեց՝ «Էդ ըտենց ա»։
Արման Բարդումյանը եւ Արմեն Ջիգարխանյանը
Ի՞նչ է հիշեցնում «Nothing’s Gonna Change My Love For You» երգը
Ազատ ժամանակ ֆիլմեր եմ դիտում, հատկապես վավերագրական։ Եվ ուզում եմ մեջբերել հայտնի խոսքերը․«Որքան ավելի եմ ճանաչում մարդկանց, այդքան ավելի շատ են ինձ դուր գալիս շները»։ Երաժշտություն եմ լսում, դա ինձ օգնում է դուրս գալ դեպրեսիայից։ Օրինակ, երբ լսում եմ Ջորջ Բենսոնի «Nothing’s Gonna Change My Love For You» երգը, հիշում եմ, որ 1989-ին պիոներական ճամբարում կիթառով նվագում էի այդ երգը, ջոկատի երեխաներով երգում էինք։
Եթե լինում են կոորպորատիվներ, երգում եմ։ Նույն հանդիսատեսն է, մի տարբերությամբ՝ գինովցած։ Նաեւ քավերներ եմ անում իմ յութուբյան ալիքում։ Դա հիմա ինձ համար զբաղմունք է դարձել, հիմնական աշխատանքս բարեգործական հիմնադրամում է, հանգիստ գործ է, թոհուբոհից հեռու։ Եթե լինում են պատվերներ, նաեւ հանդիսավար եմ լինում, պարզապես հիմա, գիտեք, կորոնավիրուսի հետ կապված՝ ինչ է կատարվում աշխարհում։
Արման Բարդումյանը
Ռուսական կայսերական ընտանիքից՝ հայոց արքաներ
Ունեմ երկու բալիկ, իրենց եմ պահում։ Ապրում եմ իմ տղաներով, իմ կյանքի իմաստն են։ Եթե դրսում եմ, գործեր ունեմ, ուզում եմ մեկ վայրկյան շուտ տուն հասնել, որ իրենց տեսնեմ։ Տասը տարեկան երկվորյակներ են՝ Ալեքսանդր եւ Ռոման։ Երբ իրենց մկրտում էի եկեղեցում, քահանան ասաց՝ կայսերական անուններ են, եկեք, մկրտությանն էլ հայոց արքաների անուններ տանք։ Ալեքսանդրիս կոչեց Աբգար թագավորի անունով, Ռոմանիս՝ Տրդատ թագավորի։ Դա էլ խորհուրդ ուներ. Աբգարը Քրիստոսի ժամանակակիցն էր, որն ընդունեց նրան որպես Աստծո որդի, Տրդատն ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն։
Արման Բարդումյանը
Նարեկացին՝ Սոս Սարգսյանի ձայնով
Ես մկրտվել եմ 1977-ին, Խորհրդային միության ամենածաղկուն շրջանում, Երեւանի սուրբ Սարգիս եկեղեցում, իմ զավակներին էլ այստեղ մկրտեցի։ Ծնողներիս անգամ իրենց աշխատանքի վայրում նկատողություն էին արել։ Ի՞նչ եք կարծում, այդքանից հետո կարո՞ղ եմ լինել աղանդավոր, իհարկե՝ ոչ։ Աղանդավորները խաչ չեն կրում։ Սա մեր հայկական խաչն է (ցույց է տալիս իր փայտե խաչը,-խմբ․)։ Երբեմն տեսնում եմ՝ մարդը եկեղեցի է մտնում՝ պատերը համբուրելով, բայց դուրս գալիս ներս մտնող կնոջը չի զիջում։ Էլ քանի՞ կոպեկ արժեր եկեղեցի մտնելդ։ Հաղորդում կար հայտնի մարդկանց մասին։ Մեկը պատմում էր՝ օրը սկսում է եկեղեցի գնալով, բայց ես հո լավ գիտեմ իրեն։ Մի՛ ապրեք կեղծիքի մեջ, լավ իմացեք՝ երկնքից մի զույգ աչք է հետեւում ձեր ամեն մի վարմունքին։ Մարդ կա՝ Նարեկացին անգիր գիտի, բայց ինքը հավատք չունի, կարդում է որպես գիտական աշխատություն։ Ես ամեն օր Նարեկացի եմ լսում Սոս Սարգսյանի ձայնով ու ամեն օր մի բան եմ բացահայտում։ Աստծուց մի բան եմ խնդրում՝ խաղաղություն, մարդիկ խաղաղ ապրեն, ագրեսիան մարդկանց միջից դուրս գա։ Հիմա մենք պետք է ազգովի դարձի գանք, նորից պետք է մկրտվենք եւ դառնանք լիարժեք քրիստոնյա, թե չէ մեզ մոտ միայն անձնագիրն է փոխվել, իրականում հեթանոս ենք մնացել։
Զրուցեց Անահիտ Փիլոսյանը
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի եւ Արման Բարդումյանի անձնական արխիվից
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: