×


Ֆիլհարմոնիկը 25 տարվա ընդմիջումից հետո ներկայացրել է Մալերի «Հարությունը»

Փետրվարի 15-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի եւ դիրիժոր Էդուարդ Թոփչյանի մեկնաբանությամբ հնչեց Մալերի 2-րդ՝ «Հարություն» մեծակտավ սիմֆոնիան:

Այն, հիրավի, մեծ իրադարձություն էր երաժշտասեր հասարակության համար։ Հանդիսատեսը երաժշտական էյֆորիա ապրեց. համերգից հետո համերգասրահը ցնցվեց հոտնկայս ու բուռն ծափահարություններից։


Ուզում ենք կիսվել ունկնդիրների ֆեյսբուքյան մի քանի գրառումներով.

«Չեմ կարող վստահ ասել, թե ինչն է ազդարարում գարնան գալը՝ վաղ լուսաբացը, առաջին ձնծաղիկը, թռչունների զրնգուն դայլայլը, թե անցորդների ժպիտները, բայց վստահեցնում եմ, որ երեկ, Մալերի «Հարություն» սիմֆոնիայի կատարմամբ, Երեւանում գարուն եկավ: «Կմահանամ, որպեսզի ապրեմ»՝ սիմֆոնիայի եզրափակիչ այս խոսքերը պատկանում են հենց կոմպոզիտորին, որը հնչում է որպես հիմն հավիտենական կյանքի: Ահա երեկ ես գիտակցեցի, որ Հայաստանն ապրելու է հավիտյան». Սեդա Տեր-Մինասյան

«Նվագախումբն ուղղակի ցնցող էր, ֆանտաստիկ ձայներով երգիչներ, վիրտուոզ երաժիշտներ: Կատարում, որն արժանի էր հնչել աշխարհի լավագույն դահլիճներում, բրավո». Իրինա Սոշենկո


«Այսօր փոքրիկ Երեւանը աշխարհի բոլոր քաղաքներին մշակութային նախանձով թողեց: Շնորհակալություն Ֆիլհարմոնիկ, շնորհակալություն մաեստրո Թոփչյան, շնորհակալություն մաեստրո Չեքիջյան». Լիա Աֆանդյան

Կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանը, որը նույնպես ներկա էր համերգին, նշում է. «Հրաշալի է, որ Հայաստանում նման իրադարձություն է տեղի ունենում: Սա ուղղակի տոն է բոլորիս համար եւ նույնիսկ նրանց համար, ովքեր խորությամբ չեն ընկալում այս երաժշտությունը. անհնար է անտարբեր լինել նման ստեղծագործության հանդեպ, այն դիպչում է յուրաքանչյուրի հոգուն: Հիմա շատ հեշտ է ցանկացած բան լսել ձայնագրությամբ, բայց կենդանի կատարումը մի ուրիշ շփում է երաժիշտների հետ, որը տեղի է ունենում համերգասրահում այդ պահին եւ այլեւս չի կրկնվի: Երջանիկ են բոլորը, ովքեր կարող են դա վայելել: Ինչ խոսքեր էլ որ ասես հիմա, միեւնույն է՝ քիչ է: Հնարավոր չէ ամենը բառերով արտահայտել»:


Էդուարդ Թոփչյանը, որը փայլուն ղեկավարեց այդ բարդ եւ աստվածային գեղեցկության ստեղծագործությունը, համերգից հետո նշեց.«Իմ եւ Ֆիլհարմոնիկի համար մեծ իրադարձություն էր Մալերի 2-րդը կատարելը, այն էլ նման բարձր մակարդակով, այսպիսի երաժիշտների եւ երգիչների հետ։ Միշտ մտածում ես, որ ավելի լավ կարելի էր անել, բայց կյանքը դեռ առջեւում է եւ նոր հնարավորություններ անպայման կլինեն»:

Փետրվարի 15-ին Գուստավ Մալերի 2-րդ՝ «Հարություն» սիմֆոնիան Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ հնչեց Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի, Ազգային ակադեմիական երգչախմբի (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյան) եւ օպերային երգչուհիներ Ռուզան Մանթաշյանի (սոպրանո) եւ Օլեսյա Պետրովայի (մեցցո-սոպրանո) կատարմամբ: Այս ստեղծագործությունը վերջին անգամ Հայաստանում հնչել էր 25 տարի առաջ՝ կրկին ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ (այն ժամանակ նվագախումբը կոչվում էր Հայաստանի պետական սիմֆոնիկ):


Մալերն իր 2-րդ սիմֆոնիայի ընթացքում փնտրում է կյանքի իմաստի մասին հարցերի պատասխանները, արտահայտում մահվան պատճառած ցավի, դատարկության եւ դրա հանդեպ մարդու անզորության զգացմունքները: Իսկ ստեղծագործությունն ավարտվում է հետեւյալ պոետիկ խոսքերով.«Դու հարություն կառնես, այո՛, կարճատեւ քնից հետո հարություն կառնես մոխրից»: Սկզբում այն հազիվ լսելի հնչում է ակապելլա  երգչախմբի կատարմամբ, այնուհետեւ հնգաձայն երգչախմբի հզոր ունիսոնում եւ վերջապես նվագախմբում փայլատակում է՝ որպես հիմն ստեղծագործական անմահության, հավիտենական կյանքի:


Ֆիլհարմոնիկի հաջորդ համերգը, որը նույնպես նշանակալից իրադարձություն է, կկայանա փետրվարի 25-ին: Նվագախումբը հանդես կգա անվանի դիրիժոր Վասիլի Պետրենկոյի ղեկավարությամբ, մենակատար՝ Սիմոն Տրպչեսկին (դաշնամուր, Հյուսիսային Մակեդոնիա): Իսկ մարտի 2-ին տեղի կունենա ջութակահար Սերգեյ Խաչատրյանի սպասված համերգը՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ:

Տեքստը՝ Աստղիկ Դալլաքյանի
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW