×


«Առաքել». ներկայացում մեր մասին

Նոր ներկայացում Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բեմում «Mea Culpa» եւ «Խաթաբալադա» լեգենդար ներկայացումների հեղինակներից: Այս անգամ հանդիսատեսի դատին ներկայացվեց «Առաքելը»: Պիեսի հեղինակը Գեւորգ Ալթունյանն է, բեմադրող ռեժիսորը՝ Արթուր Սահակյանը: Ներկայացումը մտածող մարդկանց միախմբելու ու կյանքի վերարժեւորման հարցը եւս մեկ անգամ բարձրաձայնելու համար է։ Պիեսը ծնվել է 44-օրյա պատերազմից հետո: Բեմում են Հրանտ Թոխատյանը եւ Սամվել Թոփալյանը:

Ներկայացման միջոցով կյանքը պատկերվում է որպես դիալոգ։ Հերոսները մեր փոխարեն փոխանակում են այն մտքերն ու անհանգստությունները, որ ձեւավորվեցին 2020-ի նոյեմբերի 10-ի լուսաբացից հետո:


Սամվել Թոփալյանը մարմնավորում է «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր Տիգրան Մխիթարյանին, որը պատերազմից հետո մտածում է կյանքին վերջ տալու մասին: Ահա այսպիսի մի երկխոսություն կա երկու կերպարների միջեւ.
«Երբ հիվանդանոցից դուրս եկա, գնացի Եռաբլուր, որտեղ շատ մարդ կար, բայց ոչ ոք չէր խոսում, ու ծածանվող դրոշների ձայներն ուղղակի խենթացնում էին: Այդ պահին բարձր մտածում էի՝ մի՞թե այս ամենը սուտ էր. այս տղաների թափած արյունն ու Եռաբլուրը»:

Նրան հակադարձում է Հրանտ Թոխատյանի կերպարը՝ Առաքելը: Նա ամբողջ ընթացքում հարցեր է տալիս՝ «Մի՞թե դու հանձնվում ես, մի՞թե պայքարելու փոխարեն պետք է կախվես»: Ու տալիս է ապրելու այլ բանաձեւ.«Ոչ թե հանձնվել, արտագաղթել ու կախվել, այլ ապրել ու պայքարել: Հասկացա՛նք՝ հող ենք կորցրել, ամբողջ ազգով զինվոր դարձեք, ուժ հավաքե՛ք, հզորացեք ու գնացեք հետ բերեք հողերը: Երբ հաղթեք, ամեն մեկն իր որդու գերեզմանի եռագույնն կտանի ու հպարտությամբ կդնի էն հողի վրա, որի համար որդին կյանք է տվել: Բա ի՞նչ եղավ ձեր արժանապատվության հետ: Հասկանո՞ւմ եք՝ կար ժամանակ, որ դուք այս մոլորակի զորեղներից էիք, իսկ հիմա...»:


Հրանտ Թոխատյանն ասում է, որ իրենց նպատակը հենց դա է՝ երկխոսել հանդիսատեսի հետ, զգալ տրամադրություններն ու ելքեր փնտրել՝ այս իրավիճակից դուրս գալու.

«Պետք է հավաքվել, աշխատել, զինվել ու հաղթել, որպեսզի մեկ վայրկյան անգամ մտքներովս չանցնի, որ այդ տղաները զուր են իրենց կյանքը տվել: Իրենք հենց այնպես չեն պայքարել հայրենիքի, հողի, ջրի, ամեն մեկիս համար: Մենք պարտական ենք իրենց, պետք է արդարություն լինի»:


Ներկայացման մեջ անընդհատ հնչում է այն հարցը, թե ո՞վ է Առաքելը, ո՞վ է իր տերը: Ու ինչպես կյանքում, մենք փնտրում ենք այն մեկին, ով կգա ու երկիրն այս ճահճից դուրս կբերի: Թոխատյանը նկատում է՝ պետք չէ սպասել մեկին, որ գա ու մեզ փրկի.

«Այսքան տարի մենք սպասում ենք, ոչ մեկն էլ չեկավ ու մեզ չփրկեց: Այսօր բոլորս անընդհատ օգտագործում ենք չարենցյան խոսքերը՝ «Մեր ուժը մեր միասնության մեջ է», բայց երբ դա իսկապես հասկանանք, թիկունք կանգնենք մեկս մյուսին ու հույսներս դնենք ինքներս մեզ վրա, ապա ավելի հեշտ կլինի պայքարելն ու ապրելը»:


Սամվել Թոփալյանն ասում է՝ այս դերն իրեն բավական բարդ է տրվել, եւ այն դեռ խմորվում է, եփվում.«Կերպարի ասելիքը շատ էր. որպես քաղաքացի՝ դու չես կարող անտարբեր լինել այն ամենի նկատմամբ, ինչ կատարվեց, կատարվում է: Այս տարիները ցույց տվեցին, որ հայրենիքի մասին խոսելիս կենացային մակարդակից այն կողմ չենք անցնում: Իսկ ներկայացման կարեւոր ուղերձն այն է, որ գիտենք՝ ցավի մեջ ենք, վիրավոր ենք, ծանր վիճակում ենք, բայց պետք է մեջքներս ուղղենք: Այլ տարբերակ չունենք, թողնել ու գնալը կամ կախվելը հարցի լուծում չի»։


Թոփալյանը նկատում է՝ եթե այս ներկայացումից հետո հանդիսատեսի մի փոքր մասն էլ մտածի ունեցածը վերարժեւորելու, կյանքը վերաիմաստավորելու մասին, փնտրի եւ գտնի բացթողումներն ու սխալները, ապա հաջողել են ներկայացման ուղերձը փոխանցելիս:

Պիեսի հեղինակ Գեւորգ Ալթունյանը խոստովանում է, որ Հրանտ Թոխատյանի հետ աշխատելու գաղափար վաղուց կար, բայց որեւէ կերպ չէր ստացվում. «Ներկայացումում չկան այնպիսի դիալոգներ ու մտքեր, որոնք կտրված են իրականությունից: Առավել քան համոզված եմ՝ այն ամենն, ինչ ցուցադրվեց, այդ ամենի գիտակցումը կա մարդկանց մեջ»:


Ռեժիսոր Արթուր Սահակյանն էլ նշում է՝ շատերս ենք գլխավոր հերոսի հոգեվիճակում.«Հիմա մեզ խռովել ու նեղանալ չի կարելի: Թող ռաբիս չհնչի, բայց մենք չպետք է խխունջ դառնանք, մենք ուղղակի իրավունք չունենք խխունջ դառնալու»:

Արմինե Գեւորգյան
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին