Իրականում գեղեցկության մրցույթների մասին շատ քիչ բան գիտենք: Տեղյակ չենք, թե դրանք ինչպիսի ազդեցություն են ունենում մասնակիցների վրա ու փոխում նրանց կյանքը, օգնում կայանալ ու ավելի ինքնավստահ դառնալ: Այդ ամենը BRAVO.am-ի համար բացահայտել է «Միսս Տիեզերք Հայաստան» Նանե Ավետիսյանը: Նա պատմել է նաեւ իր բազմանդամ ընտանիքի, մանկության բարդույթների, շատ վաղ տարիքից աշխատելու ու երազանքներն իրականացնելու մասին:
- Նանե, ի՞նչ են տալիս ու ինչի՞ համար են պետք գեղեցկության մրցույթները:
- Գեղեցկության մրցույթներն արվեստի մի առանձին ճյուղ են, ինչպես կինեմատոգրաֆը, կամ էլ երաժշտությունը: Շատ եմ ցավում, որ Հայաստանում այս ոլորտն այնքան էլ զարգացած չէ: Որպես թագադրված «Միսս Տիեզերք Հայաստան»՝ մասնակցում եմ ոլորտի զարգացմանը: Մրցույթներն անձնական աճի տեսանկյունից մեծ հնարավորություն են: Գեղեցկության մրցույթներին մասնակցելու համար պետք է շատ համարձակ լինել: Իսկապես, բոլոր մասնակիցներն այնքան վստահ են իրենց գեղեցկության վրա ու համոզված, որ կհաղթեն, բայց նաեւ ինքնավստահ են, քանի որ անգամ չհաղթելու պարագայում գիտեն, որ իրենց կյանքում ոչինչ չի փոխվելու: Գեղեցկության մրցույթները հնարավորություն են տալիս նոր բան փորձել, մեծ հարթակներից իրենց մտքերը բարձրաձայնել, մյուսների համար օրինակ ծառայել, ոգեշնչել: Դրանք միայն կատարյալ արտաքին տեսքի մասին չեն:
Նանե Ավետիսյանը
- Իսկ Ձեզ որտեղի՞ց այդ համարձակությունն ու ո՞ր պահին հասկացաք՝ ինքներդ էլ պատրաստ եք մասնակցել:
- Հայաստանյան փուլին մասնակցելն էլ բազմաթիվ բախումներով էր ուղեկցվում, մտածում էի՝ արժե ուժերս փորձել, թե ոչ: 23 տարեկան էի այդ ժամանակ, սոցիալական որոշակի դիրք ունեի հասարակության մեջ, իրավաբանական կրթություն, 4 լեզվի էի տիրապետում, դասավանդել էի դպրոցում: Չէի ցանկանում իմիջս կասկածի տակ դնել: Ուզում էի գտնել այնպիսի ընկերություն, որը լավ կկազմակերպի մրցույթն, ու հեղինակությանս վնաս չի հասցվի: Միշտ շատ եմ ցանկացել մասնակցել նման մրցույթների:
Գտա «Միսս Արմենիա» հիմնադրամն ու ուսումնասիրեցի նրա փորձը, դիտեցի մրցույթները եւ որոշեցի ռիսկի դիմել: Կային մարդիկ, որոնք համոզում էին, թե դա իմ ոլորտը չէ եւ ավելի լուրջ գործերով պետք է զբաղվեմ: Լսեցի սրտիս ձայնն ու մասնակցեցի: Մինչեւ այդ չէի էլ պատկերացնում, որ գեղեցկության մրցույթներն անձնական աճի տեսանկյունից այսպիսի կապիտալ են փոխանցում: Մեծ կենսափորձ ես ձեռք բերում, մտավոր տեսանկյունից ավելի հասունանում ու շատ հարցրերի պատասխաններ գտնում: Հաղթելը չպետք է լինի ցանկացած աղջկա կյանքի նպատակ, սակայն եթե որոշել են մասնակցել, պետք է փորձեն:
- Անձամբ Ձեզ ի՞նչ տվեց մասնակցությունը «Միսս Տիեզերք»-ին, ի՞նչ սովորեցիք ու Ձեր մասին բացահայտեցիք:
- Բառերով դժվար կլինի ասել, թե ինչպես փոխվեցի: 14 օր գտնվել եմ Իսրայելում, թե՛ մինչեւ այնտեղ գնալն, ու թե՛ մրցույթի ընթացքում տարբեր մարտահրավերների եմ առնչվել: Գուցե մարդիկ մտածում են, որ պարզապես գեղեցիկ հագուստ ենք կրում, քայլում ու նկարվում, բայց իրականում այդպես չէ: Նախ քովիդային իրավիճակի հետ կապված խնդիրներ կային. Իսրայելը փակել էր իր սահմաններն ու լրացուցիչ փաստաթղթեր էր պահանջում: Պետք է բավական սառնարյուն, ճարպիկ ու սթրեսադիմացկուն լինել: Իմ ազգային տարազը կորավ Իսրայելում, կազմակերպիչները խորհուրդ էին տալիս պարզապես դրոշով մասնակցել: Նման դեպքերում պետք է քո անելիքների վրա կենտրոնանաս ու չլսես մյուսներին, փոքր քայլերով հաղթահարես դրանք ու ինչքանի ուժերդ ներում են, առաջ գնաս:
Նանե Ավետիսյանը
- Երբ տարազի ու կոշիկների հետ կապված խնդիրներ ի հայտ եկան, ինչպիսի՞ն էր Ձեր արձագանքը:
- Մինչեւ մեկնելս պատվաստման հետ խնդիր ունեի, ու Իսրայեից գրում էին, որ չեմ կարող ժամանել իրենց երկիր: Մեկնել եմ սեփական ռիսկով՝ իմանալով, որ ինձ կարող են հետ ուղարկել: Իսրայելի օդանավակայանում նկատեցի, որ ճամպրուկս բաց է, առաջին հերթին տարազի պարագաները ստուգեցի ու տեսա, որ տեղում են: Հետո հյուրանոցում պարզեցի, որ կոշիկներս չկան. Ալբանիայի ներկայացուցիչն ինձ տվեց իրենը: Բայց, այ, տարազի կորուստն իսկապես սթրեսային էր: 13 օր անց, երբ առավոտյան ժամը 6:00-ին արթնանում էինք, ամբողջ օրը կրունկների վրա լինում, իմացա, որ տարազս չկա: Այդքան աշխատանք էինք տարել «Էրեբունի» թանգարանի տնօրենի եւ Գոհար Հարությունյանի հետ, ամբողջ ընթացքում այն հետս ճամպրուկով ծանր-ծանր տարել էի, որ հանկարծ չվնասվի, ու միայն վերջին օրը փորձից առաջ ասացին, որ այն չկա: Բոլորինը հավաքել էին, իմը պայուսակի մեջ էր եղել, դրա համար էլ բարձրացրել էին սենյակ ու կախել: Ելույթից առաջ տեղեկացրին, որ տարազս չկա, մի 10 հոգի դեմքիս էր նայում ու փորձում հասկանալ, թե ինչպես կարձագանքեմ, արդյո՞ք աղմուկ կբարձրացնեմ:
- Այդ իրավիճակում ինչպե՞ս կողմնորոշվեցիք ու խնդրին լուծում գտաք:
- Եթե միայն ինձ ներկայացնեի, գուցե եւ դրոշով դուրս կգայի, բայց ի՞նչ կմտածեին մարդիկ մեր մասին, որ չենք կարողացել մի տարազ տանել: Բուռն քննարկումների առարկա կդառնար, մանավանդ՝ մեծամասշտաբ մրցույթ է ու 500 միլիոն հետեւորդ ունի: Ստիպեցի աշխատակիցներին ինձ հյուրանոց տանել ու այնտեղ տեսախցիկներով փորձել գտնել: Երբեք այդքան հոգնած չէի եղել, փորձերից ոտքերս ուռած էին, բարձրացա սենյակ, որ փոխեմ կոշիկներս, ու մտքովս անցավ ստուգել պահարանը, որից չէի օգտվում, տարազն այնտեղ կախված էր: Փոքր մարտահրավեր էր, բայց կարեւոր էր այդ պահին սառը դատել ու ճիշտ կողմնորոշվել: Միշտ այն կարծիքին եմ, որ ամեն իրավիճակից առնվազն 3 լուծում կա, պետք է ամենահարմարն ու հաջողն ընտրել: Շատ կարեւոր է հույզերին չտրվել. աղջիկներից մեկի լողազգեստի կոշիկները փոքր էին, ու մի մեծ սկանդալ բարձրացավ, որը երկրների միջեւ իսկական պատերազմի վերածվեց: Լավագույն ջանքերդ պետք է ներդնես, որ քո երկրի մասին վատ տպավորություն չթողնես: Այնտեղ ամեն մեկիս մեր երկրի անունով գիտեին, ես Նանեն չէի, այլ՝ Արմենիան:
- Հիշեցի Սանդրա Բուլլոքի «Miss Congeniality» ֆիլմը, որը ցույց է տալիս, թե ինչ է կատարվում մրցույթների հետնաբեմում: Իրականում ի՞նչ կա կուլիսներում, որ մենք չենք տեսնում:
- Հավատացեք՝ հետնաբեմում ամեն ինչ էլ տեղի է ունենում՝ լավը, վատը, բարին, արդարը: Պարզապես ամեն մեկը գտնում է այն, ինչ ինքն է փնտրում: Մարդիկ, ովքեր գալիս են միայն հաղթանակի նպատակով, հետ են գնում ձեռնունայն: Ովքեր գալիս են նաեւ շփվելու, բացահայտելու, իրարից սովորելու, վերադառնում են ընկերների մեծ քանակությամբ, վառ հիշողություններով ու մեծ հոգեւոր բավարարվածությամբ: Գեղեցկության մրցույթների հետնաբեմում միշտ կա այդ ոչ անկեղծ մթնոլորտը, մարդիկ անընդհատ ժպտերես են, ամեն ինչից գոհ: Չեմ ասում՝ դա լավ է, թե վատ, պարզապես այդպիսին է մրցույթի մթնոլորտը:
- Արդյոք կա՞ ընկերություն ու փոխօգնություն կոչվածը, հնարավո՞ր է լավ ընկերներ ձեռք բերել:
- Իհարկե, կարելի է, թեեւ խոչընդոտող շատ հանգամանքներ կան, նախ դրան ժամանակ չի հատկացվում: Վերջին օրը կազմակերպիչներին ասացի, որ մասնակիցներին հնարավորություն չեն տալիս իրար ճանաչելու ու ընկերանալու: Առավոտյան ժամը 6:00-ից 13:00-ն գովազդային նկարահանումներին են տրամադրվում, հետո ճաշն է, ապա մինչեւ ժամը 20:00-ն հաջորդում են պարապմունքները, որոնք չարդարացված երկար են: Մենք շփվում ենք նախաճաշի ժամին ու մեքենաների մեջ, բայց սովորաբար մեծ մասը հոգնածությունից քնում է: Պատկերացրեք՝ 90 հոգի ենք, բոլորին շարում են, ներկա-բացակա անում, մեկն ասում է՝ դեռ իր սելֆին չի արել, ու այդպես երկար սպասում ենք մինչեւ բոլորը հավաքվեն: Մեկ-մեկ ցուրտ է լինում կամ շոգ, սոված լինելն իմ ամենաթույլ կետն է, ամեն ինչ տանում եմ, բայց քաղցած շատ զգայուն եմ դառնում ու մտածում՝ դժոխքում եմ: Նաեւ ընկերանում ենք, հրավիրում այցելել մեր երկրներ, որ կարողանանք իրար բացահայտել ու ճանաչել:
- Դուք ո՞ւմ հետ եք հասցրել ընկերանալ ու հրավեր ստանալ այցելել իրենց երկիր:
- Ինձ հրավիրում են Ֆիլիպիններ. յուրահատուկ ազգ են, մեծ ֆանատիզմով ու տաքարյունությամբ են ամեն ինչին մոտենում: Շատ կուզեի գնալ, բայց քովիդն է խանգարում: «Միսս Տիեզերք» հռչակված Հարնաազն է հրավիրել Հնդկաստան, երկուսս էլ սիրում ենք Սադգուրու յոգին, գնալու ենք նրան տեսնելու, հնարավոր է՝ մեկ տարուց, երբ նա «Միսս Տիեզերք»-ի պարտականություններն ավարտի: Բելգիայից են հրավիրել, շատերի հետ եմ կապը պահում, ես էլ իրենց եմ հրավիրել Հայաստան: Վատն այն է, որ շատերը մեր երկրի տեղն էլ չգիտեն: Հայաստանը փիարի խնդիր ունի, պատճառ ենք բերում, որ փոքր ենք, բայց աշխարհում էլի փոքր երկրներ կան, որ ավելի ճանաչելի են:
- Իսկ մրցույթում ի՞նչը դուր եկավ Ձեզ, որ իսկապես վայելեցիք:
- Ինձ շատ դուր եկան դժվարությունները. այդքան կարճ ժամանակում այդքան բարդություն հաղթահարելն ինձ անընդհատ տոնուսի մեջ էր պահում: Վերադառնալուց հետո շատ եմ կարոտում այդ գերծանրաբեռնված գրաֆիկը, մեծ հաճույք էր շփվել ու ծանոթանալ տարբեր երկրների մշակույթների հետ: Որոշ աղջիկներից շատ բաներ սովորեցի, լավ հարթակ է մտքեր փոխանակելու համար: Շատ մեծ փոփոխություն կա մրցույթից հետո ու առաջ:
Նանե Ավետիսյանը
- Նանե, հարցս կարող մի քիչ զարմացնել, բայց ի՞նչ է պետք, որ մի օր Հայաստանը կարողանա հաղթել նման խոշոր մրցույթում:
- Անկեղծ կլինեմ, երբ վերադարձել էի, ուզում էի ներողություն խնդրել հայ ազգից, որ չհաղթեցի: Ինձ մեղավոր էի զգում, որ չեմ արդարացրել իմ մեծ թվով հետեւորդների սպասելիքները: Ամբողջ աշխարհից ինձ գրում էին, ոգեշնչում, երբ չհաղթեցի այդ մեղավորության զգացումն ունեի, չնայած՝ ամեն ինչ արեցի, որ լավ ներկայանամ: Շատ օբյեկտիվ ու սուբյեկտիվ հանգամանքներ կան, որոնք պետք է համընկնեն հաղթելու համար: Նախ պետք է գեղեցկության մրցույթները զարգացնել մեզ մոտ, կադր ստանալ ու նրան ուղարկել մրցույթի: Հայաստանը նաեւ պետք է ցույց տա իր հետաքրքրվածությունը գեղեցկության մրցույթներով, ինչպես դա անում է երգի մրցույթների՝ Եվրատեսիլի կամ Նոր Ալիքի դեպքում: Պետք է ունենանք մեր երկրի շահերի ներկայացուցիչներ կազմակերպիչների թվում, 2021-ին ժյուրի կազմում հնդկուհի կար, նա եւս մասնակցել է մրցույթին. խոսքը մեծ կշիռ ունի: Հատուկ դպրոցներ կան, որտեղ գեղեցկության մրցույթների մասնակիցներ են պատրաստում: Այնտեղ ամեն օր հստակ մարտավարություն է պետք ունենալ: Ես չունեի այդ փորձը, «Միսս Տիեզերք»-ում շատ շլացուցիչ աղջիկներ ենք ունեցել, որոնցով հիացած եմ, ու նրանք ոչնչով չեն զիջել մյուս երկրների մասնակիցներին: Մրցույթը 500 միլիոն դիտորդ ունի, հենց այնպես որեւէ երկրի փիար անելն իրատեսական չեմ համարում: Ես միամիտ էի Իսրայել մեկնելիս, մտածում էի՝ դե, գեղեցիկ աղջիկ եմ, 4 լեզվի եմ տիրապետում, ունեմ իրավաբանական կրթություն ու աշխատանքային մեծ փորձ, այդ թվում՝ բարեգործական, ինչն է պակաս, որ չհաղթեմ: Հիմա առավել քան համոզված եմ, որ հաղթանակը կախված չէ միայն մասնակցից, դա մեծ մարտավարության արդյունք է:
- Հնդկաստանը 3-րդ անգամ նվաճեց հաղթանակը, ո՞րն էր Հարնաազ Սանդհուի առավելությունը, որ 2021-ին հենց նա տիրացավ թագին:
- Հաղթանակը միայն մասնակցի առավելությունը չէ, այլ ամբողջ թիմի աշխատանքի արդյունքը: Հնդկաստանում գեղեցկության մրցույթները շատ զարգացած են: Իրենք Բոլիվուդ ունեն ու աշխարհահռչակ աստղեր, որոնք միլիոնավոր հետեւորդներ ունեն: «Միսս Աշխարհ» Պրիանկա Չոպրան, Այշվարիա Ռայը կիսվել են իրենց մասնակցի լուսանկարով ու կոչ արել քվեարկել նրա օգտին: Մեր մարտահրավերը երկակի է, պետք է էլ ավելի շատ աշխատել, որպեսզի կարողանանք իրենց հավասար ներկայանալ: Շատ ենք մատների արանքով նայում նման մրցույթներին, ինչը ճիշտ չէ: Ես, իհարկե, շատ լավ գիտեմ իմ երկրի վիճակը, հետպատերազմյան իրադրությունը, մեր խնդիրները, շատ բաների միջով ենք անցել, բայց պարտավոր ենք ամեն ոլորտում ծաղկել: Այնպիսի պետություն չկա, որ միայն կանաչ ճանապարհով է զարգանում՝ առանց խոչընդոտների: Մենք էլ պետք է փորձենք ամեն ոլորտում աշխարհին ներկայանալ ու մեր մասին պատմել:
- Մրցույթներից անցում կատարենք Ձեզ: Գիտեմ, որ մեծ ընտանիքից եք՝ 8 քույր ու 2 եղբայր ունեք: Ինչպե՞ս է, երբ ընտանիքում այդքան երեխա կա:
- Ես 8-րդն եմ, չնայած՝ կրտսերների թվում եմ, միշտ ավելի մեծ եմ ինձ համարել ամեն տարիքում: 5 տարեկանում ինձ 10-ի պես էի պահում, ու դա միայն դրական ազդեցություն է ունեցել ինձ վրա: Մեծ ընտանիքն ամենաֆանտաստիկ բանն է, որ կարող է յուրաքանչյուր մարդու հետ պատահել: Մանկուց այդ մասին շատ հումորներ եմ լսել, անգամ բարդույթավորվել: Երբեմն ասում էին՝ ձերոնք ֆուտբոլի թիմ են հավաքում, ինչ լավ է, կարող եք մաֆիա խաղալ: «Միսս Տիեզերք»-ում էլ ինձ հարցրին, թե քանի սանհանգույց ունեք: Պատասխանեցի՝ եթե ամեն անգամ ինձ այդ հարցի հետ մեկ դոլար տային, հիմա իմ ընտանիքի ամեն անդամի համար առանձին տուն գնած կլինեի: Մարդկանց թվում է՝ չենք տեղավորվում, հագուստն ու ուտելիքը մեզ չեն բավականացնում:
- Պարզապես պատկերացնում եմ, թե Ձեր սեղանի շուրջ որքան աղմկոտ կլինի:
- Պատկերացնում եմ, թե սկզբնական շրջանում մայրիկիս համար որքան դժվար է եղել: Հիշում եմ՝ երբ ջրծաղիկ էինք ընկնում, ոնց էր բոլորիս մասին հոգ տանում: Քանի որ արդեն հոգնել էր վերեւի հարկից ներքեւ իջնել ու ամեն մեկի սենյակ մտնել, բոլորիս մահճակալները մի սենյակում էր տեղավորել ու բանակային գծով շարել: Ճաշը հենց կաթսայով էր բերում: Միանգամից 5 ջերմաչափ էինք առնում, իսկապես շատ անմոռանալի էր: Սկզբում բարդ է եղել, բաց հիմա տեսնում եմ, թե ծնողներս ինչպես են վայելում այդ մի քանի ծանր տարվա աշխատանքի արդյունքները: Ֆեյսբուքում ընտանեկան չաթ ունենք՝ Home է կոչվում: Մայրիկը մի անգամ գրեց, որ տանն ամեն ինչ վերջացել է, ու առեւտուր անենք: Պատկերացրեք, ամեն մեկս տուն մտավ մի քանի տոպրակ գնումներով: Քանի որ մեծ ընտանիքից եմ, ինքս էլ կուզեմ այդպիսին ունենալ, իհարկե, ոչ՝ 11 երեխա: Այն, ինչ ընտանիքի անդամներն են իրար տալիս, ոչ մի տեղ չես կարող ստանալ: Դա մի այլ հաճույք է: Բոլորս տարբեր ենք, անգամ արտաքինով, բայց բազմակողմանի զարգացած: Կարողանում ենք մեր ունեցածով հեշտությամբ կիսվել, ամեն տեսակի մարդու հետ լեզու գտնել, դրական կողմերը շատ-շատ են:
Նանե Ավետիսյանը
- Դուք բնական գեղեցկության կողմնակից եք ու մերժել եք պլաստիկ վիրահատություն անել:
-Իրականում գնահատում եմ բնությունից տրված գեղեցկությունն ու անհատականությունը: Պետք է փորձել չնմանվել ուրիշներին: Ինքս փոքր տարիքում շատ բարդույթներ եմ ունեցել, կարճ կիսատաբատներ չէի հագնում, մտածում էի՝ այնքան էլ գեղեցիկ չեմ: Բայց մայրիկս շատ մեծ դեր է ունեցել, որ հաղթահարեմ դրանք, ու միշտ ասել է, թե որքան գեղեցիկ եմ:
- Իսկ ե՞րբ սիրեցիք ինքներդ Ձեզ ու սեփական մարմինը:
- Ինչ-որ մի օր չի եղել, որ հասկանամ դա: Մինչեւ 13-14 տարեկանը շատ հանգիստ էի ու ամաչկոտ: Երբ որեւէ մեկը խոսում էր հետս, հատկապես՝ տղամարդիկ, կարող է արտասվեի, այդքան պարփակված էի: Հիմա շատ եմ փոխվել ու լրիվ այլ մարդ դարձել: Մեծ քույրս՝ Լուսեն, հակառակն էր, շատ ակտիվ ու ճարպիկ էր, բոլորի հետ լեզու էր գտնում, այդ առումով իրենից շատ բան եմ սովորել: Դպրոցում ամենավերջում էի նստում, չէի շփվում, բայց ուսուցիչներս ինձ սիրում էին, քանի որ լավ էի սովորում: Մնում էի ու դասարանը մաքրում, եւ կապ չուներ, թե ով էր հերթապահը: Դպրոցն էլ շատ մեծ ազդեցություն ունի ձեւավորման վրա: Իմ փոփոխությունն աննկատ եղավ, ես էլ չզգացի, բայց այդ ամենում մեծ դեր ուներ հարազատներիս աջակցությունը: Ինքնակերտ մարդ չկա, որեւէ մեկը չի կարող ասել, որ ինքն է իրեն այդպիսին դարձրել, անգամ ամենաանծանոթ մարդիկ, նույնիսկ դպրոցի բուֆետի աշխատողն էլ կարող է ազդել մեզ վրա: Այնքան բախտավոր ու հաջողակ եմ եղել, որ այսպիսին եմ դարձել: Ինձ սեր են տվել, ու զգացել եմ, թե ինչպես եմ դեպի դրականը փոխվում: Խորհուրդ կտայի, որ մարդիկ շատ սիրեն՝ անկախ նրանից, թե ում են հանդիպում իրենց կյանքում: Միայն այդ սերը կարող է բուժել, լավ մարդուն էլ ավելի լավը դարձնել, չարին՝ բարի: Ես էլ եմ կարողանում իմ սերն արտահայտել, խրախուսել ուրիշներին, ոգեւորել: Հիմա էլ օրեր են լինում, որ գոհ չեմ լինում իմ արտաքինից, բայց դրանք ժամանակավոր բզիկներ են ու արագ անցնում են:
- Հիմա սոցիալական ցանցերը շատ են փոխել գեղեցկության չափանիշներն ու մարդկանց էլ ավելի են բարդույթավորում:
- Սոցիալական հարթակները վատ են անդրադառնում պատանիների վրա. նրանք սկսում են իրենց համեմատել ուրիշների հետ, այդտեղից էլ սկսվում է թերարժեքության զգացումը: Ինձ սովորեցրել են, որ միայն իմ հետ համեմատվեմ: Գիտեմ, որ ինձնից ավելի գեղեցիկն էլ, խելացին էլ կա, բայց նույն մարդուց երկրորդը չի լինում, հենց այդ անհատականությունն ինձ հիմք է տալիս լինել այնպիսին, ինչպիսին կամ: Գուցե մեկը ծնվել է, որ լինի շատ լավ իրավաբան, լեզվաբան, մոդել կամ դերասան, ես գտել եմ իմ նպատակը՝ ամեն տարի շատ ավելի խելացի ու զարգացած Նանե լինել:
- Գիտեմ, որ վաղ տարիքից եք սկսել աշխատել ու չեք խուսափել ամենատարբեր գործերից:
- 13 տարեկանից եմ աշխատել: Սկսել եմ փերիի գործից. կեղծամով ու հատուկ հագուստով իմ հասակակից երեխաների տարեդարձերին ուրախացնում էի նրանց: Ամեն այցիս համար 1200 դրամ էի ստանում, որովհետեւ փոքր էի, մեծերն ավելի շատ էին վաստակում: Բարձրահասակ էի ու խաբել էի, որ 15 տարեկան եմ, հավատացել էին, այլապես ինձ չէին ընդունի: Հետո մատուցողուհի եմ աշխատել, երեխաների դայակ, 8 ժամ աշխատելու դիմաց 1500 դրամ էի ստանում, ծանր աշխատանք էր, բացի այդ էլ դասերիս հետ պետք է համատեղեի: Շատ էի հոգնում, բայց բախտս բերում էր. չէի գիրանում: Ձիարշավարանում եմ աշխատել աուտիզմով հիվանդ երեխաների հետ: Մասնավոր ուսուցիչ էլ եմ եղել, տնից տուն էի գնում երեխաների հետ դասերը պատրաստում, «լայվ կազինոյում» էլ եմ աշխատել 2-րդ կուրսում: 16 ժամ վազքի մեջ էի, գալիս էի տուն, մի 4-5 ժամ քնում ու դաս անում: Դրանից ամենաշատն եմ հոգնել ու չեմ սիրել, որովհետեւ հասկանում էի՝ ընդհանրապես իմ ոլորտը չի: Մի շրջան կար, որ նաեւ ամաչում էի այդ գործի համար, բայց հիմա ավելի մեծ տարիքում հասկանում եմ, որ ամաչելու ոչինչ չկար: Եթե օգնում ես քեզ ու ընտանիքիդ, չպետք է ամաչես մի բանից, որը դեմ չէ քո սկզբունքներին ու արժանապատվությանը: Հենց համալսարանն ավարտել եմ, թողել եմ այդ աշխատանքը, գիտեի, որ ավելի լավը կգտնեմ: Աշխատել եմ մարքեթինգի մենեջեր IT ոլորտում, հիմա Թովմասյան բարեգործական հիմնադրանում եմ՝ որպես գործառնությունների տնօրեն: Պատերազմից հետո որոշեցի փոխել աշխատանքս, որովհետեւ մեծ էր մարդկանց հետ շփվելու, նրանց լսելու եւ օգնելու ցանկությունս: Չգիտեմ՝ որտեղ կլինեմ հաջորդ տարի, միակ բանն այնն է, որ պետք է անես այն, ինչ իրոք ուզում ես: Միշտ պետք է նոր բան փորձել ու չափսոսալ ոչնչի համար:
Զրույցը՝ Հասմիկ Բաբայանի
Լուսանկարները՝ Նանե Ավետիսյանի անձնական արխիվից
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: