×


Լուսանկարը՝ EPA-ի

Փարիզն Ամանորը դիմավորել է Անդրե Մանուկյանի եւ Էնա Էնոյի երաժշտության ներքո

Գիշերը հազարավոր մարդիկ էին հավաքվել Շանզ Էլիզե պողոտայում՝ 2026 թվականի գալուստը փարիզյան ոճով նշելու համար: Ինչպես ամեն տարի, Ֆրանսիայի մայրաքաղաքը նախատեսել էր մեծ հրավառություն՝ տարին լուսավառ սկսելու համար, իսկ տոնախմբությունն աշխարհի ամենագեղեցիկներից մեկը համարվող պողոտայում էր։ Թեեւ կենդանի համերգն արգելվել էր անվտանգության կանոններից ելնելով, շոուն տպավորիչ էր։

Հաղթական կամարը վերածվեց մեծ էկրանի: Պատմական այս կառույցի վրա ցուցադրվող պրոյեկցիաներն ուղեկցվեցին «3rd Lab» լեյբլի հիմնադիր անդամ եւ գեղարվեստական ղեկավար Էնա Էնոյի եւ ֆրանսահայ հայտնի երգիչ, երգահան եւ դաշնակահար Անդրե Մանուկյանի համատեղ ստեղծագործությամբ, որը գրվել էր հատուկ ձայնային եւ լուսային այս շոուի համար։

Իսկ ուղիղ կեսգիշերին հնչեց Ջոն Լենոնի «Imagine» երգը՝ որպես կոչ «տարին խաղաղության, հույսի եւ եղբայրության ոգով սկսելու»։

Հաղթական կամարի վրա լուսային ցուցադրությանը հաջորդեց ավանդական հրավառությունը, որից հետո հնչեցին միայն կին երաժիշտների երգեր։

Նոր տարվա այս միջոցառման խորագիրն էր «Փարիզը որպես արվեստի եւ գաղափարների քաղաք. արհեստ-քաղաք, բեմ-քաղաք, գիրք-քաղաք»։ Նշվեց նաեւ Փարիզի եւ Հռոմի քույր դառնալու 70-ամյակը։ Միակ քաղաքը, որի հետ Փարիզը քույր քաղաք է, Հռոմն է։

Ցուցադրվեց նաեւ սպորտային ներկայացում՝ ՊՍԺ-ի պատմական տարին նշելու համար։

Տեքստը՝ Էլլադա Ղուկասյան-Բարսեղյանի/BRAVO.am-ի սեփական թղթակիցը Փարիզում/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW