Ազատություն փոխարինված անբռնազբոսությամբ, սեքս եւ բռնություն. Երեւանի տիկնիկային թատրոնի բեմում «Լարովի նարինջ» ներկայացման առաջնախաղն էր: Գրող Էնթոնի Բյորրջեսի պատկերած մղձավանջային իրականության հայկական տարբերակի ռեժիսորը Հրաչ Գյումբալյանն է: Տիկնիկային թատրոնի համար փոքր-ինչ անսովոր, իսկ հանդիսատեսի համար անսպասելի եւ հետաքրքիր լուծումների միջոցով ռեժիսորը ներկաներին տեղափոխել էր երիտասարդների հանցախմբի իրականություն: «Լարովի նարինջ» երգիծական հակաուտոպիան թատրոնի՝ մեծահասակների համար նախատեսված ներկայացումների շարքում է: BRAVO.am-ը ներկա է գտնվել առաջնախաղին, ետնաբեմում հետեւել տիրող տրամադրությանը:
«Ռեժիսորական առաջին մեծ աշխատանքս է: Երեք տարի առաջ «Լարովի նարինջը» պետք է լիներ դիպլոմային աշխատանք, համավարակի հետեւանքով մենք քննություն հանձնեցինք առանց ներկայացման, բայց այն մնաց ներսումս: Որոշեցի՝ պետք է անպայման բեմադրեմ, շարունակեցի փորձերը, ընթացքում շատ փոփոխություններ եղան: Ներկայացման 18+ իրականությունը արտացոլվում է միայն թեմաների միջոցով. չկան բաց տեսարաններ: Բռնություն, բռնաբարություն, մարդուն ավելի լավը դարձնելու միտում, մարդուն իր բնական վիճակներից զրկելու, փոխելու հնարավորություն. այս գործն ապացույցն է այն բանի, որ մարդու մեջ բարությունը հասունանում է բնական ճանապարհով: Ստեղծագործելու ընթացքում ազատ ենք եղել, չենք մտածել՝ ինչ կլինի, չենք վախեցել, ինչն ինձ համար շատ կարեւոր էր: Հիմա անընդհատ մտածում եմ՝ ինչ սխալներ կարող են լինել ներկայացման մեջ, բայց կարեւորն այն է, որ այն կայացել է ու սեր կա նրանում»,-պատմել է ռեժիսորը:
Ներկայացման թեման մեր օրերում էլ շատ արդիական է՝ սոցիալական, քաղաքական, կրոնական շերտեր ունի: Համաշխարհային ամենահայտնի գործերից մեկն է, որը ժամանակին համարվել է արգելված գրականություն: Գրքի հիման վրա ոչ միայն ներկայացումներ, այլեւ ֆիլմ են նկարահանել տարբեր ռեժիսորներ: Հրաչ Գյումբալյանի խոսքով՝ հայկական իրականության հետ քաղաքական եւ կրոնական թեմաները տեղայնացված չեն, քանի որ ասելիքն ինքն իրենով համահունչ է.
«Ներկայացումը բոլորի համար է, այն այնքան թեմաներ է արծարծում, որ շատ տարբեր զբաղմունք եւ մտածելակերպ ունեցող մարդկանց կարող է հետաքրքրել: Մտածեցի եւ գտա զուգահեռներ մեր ներկայիս իրականության հետ, բայց ես շեշտը դրա վրա չեմ դրել: Չեմ ուզում մտնել այլ ոլորտ, իմը թատրոնն է, այնտեղ ես արտահայտվում եմ»:
«Լարովի նարինջ» ներկայացումը դիտելով՝ Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Ռուբեն Բաբայանն էլ որոշել է՝ այն պետք է լինի իրենց թատրոնի խաղացանկում: Հրաչ Գյումբալյանը նրա ուսանողն է եղել Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում: Դրամատիկական թատրոնի ռեժիսոր լինելուց բացի, Հրաչը նաեւ որպես դերասան է հանդես գալիս մի շարք ներկայացումներում:
«Նա որպես դերասան արդեն դրական արձագանքների արժանացել է, հետաքրքիր է, թե հանդիսականն ինչպես կընդունի նրա ռեժիսորական աշխատանքը: Նրա լուծումները լավն են, ստացվեց այնպիսի ներկայացում, որն արժանի է իր մշտական տեղն ունենալ մեր խաղացանկում: Յուրաքանչյուր արվեստագետ պետք է ունենա իր ձեռագիրը, այս առումով շատ հեղինակային ներկայացում է, նման չէ ուրիշների: Ուրախ եմ, կարծում եմ՝ ի դեմս Հրաչի մենք արդեն ունենք հետաքրքիր մտածող երիտասարդ: Մեր թատրոնը երիտասարդներին տալիս է հնարավորություն արտահայտվելու, քանի որ ռեժիսուրան առաջին հերթին հեղինակային արվեստ է: Կարեւոր սկզբունք է պահպանվել՝ ներկայացման մեջ ընդգրկված են ինչպես մեզ մոտ աշխատող, այնպես էլ հրավիրյալ դերասաններ: Ազատ թատրոնն ամենաժամանակակից ձեւն է, մենք փորձում ենք պահպանել: Կարեւոր է նաեւ այն, որ զգացվում է՝ մի թիմ է աշխատել: Մնում է հանդիսատեսի արձագանքը հասկանալ. ներկայացումն իր ավարտական տեսքը ստանում է հանդիսականի ներկայությամբ»,-նշել է Բաբայանը:
Ներկայացման մեջ խաղում են Արամ Կարախանյանը, Սուրեն Թովմասյանը, Ամալյա Դոլուխանյանը, Անահիտ Մանուկյանը, Կարեն Խաչատրյանը, Լիաննա Նիկողոսյանը, Լիլիթ Մուրադյանը, Մակար Գալստյանը, Մինաս Ասրյանը, Մուրադ Նադիրյանը, Ռոլանդ Խաչատրյանը, Սուրեն Թովմասյանը եւ Միշա Հակոբյանը: Երաժշտական ձեւավորումը ռեժիսորն իրականացրել է Սուրեն Թովմասյանի հետ , բեմանկարչական աշխատանքները՝ Միկա Վաթինյանի հետ: Հագուստների վրա աշխատել է Տաթեւիկ Մելքոնյանը:
Տեքստը՝ Արմինե Բրսոյանի
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: