×


Աստղիկ Սաֆարյանի բացահայտած քաղաքն ու փարիզյան նկարահանումները

Աստղիկ Սաֆարյանը տարին սկսել է ճանապարհորդելով։ Ուղեւորության լուսանկարները երգչուհին տրամադրել է BRAVO.am-ին՝ խոսելով նաեւ աշխատանքային նորությունների մասին։

«Նախ Բարսելոնա մեկնեցի, հետո որոշեցի բացահայտել ֆրանսիական որեւէ նոր քաղաք եւ տեսակցել վաղեմի ընկերներիս։ Առաջին անգամ այցելեցի Նանտ։ Շատ սիրեցի այն, հանգիստ քաղաք էր, բնությունը՝ հրաշալի, նույնիսկ ձմռանն ամենուր կանաչ էր, օդը՝ մաքուր։ Հետաքրքիր թանգարաններ ու հին դղյակներ այցելեցի»,- պատմել է Աստղիկը։

Աստղիկ Սաֆարյանը


Երգչուհու սիրելի քաղաքը Փարիզն է․«Առաջին անգամ 16 տարեկանում եմ եղել ու միանգամից սիրահարվել եմ սիրո քաղաքին։ Փարիզն այն քաղաքներից է, որ ինձ միշտ հոգու ներդաշնակություն է պարգեւում։ Հասցրել եմ վայելել իմ սիրելի քաղաքը, հանդիպել մանկությանս ընկերներին, որոնց հետ մեր մտերմությունը մոտ 20 տարվա վաղեմություն ունի»,-նշել է նա։

Աստղիկ Սաֆարյանը


Փարիզում նաեւ տեսահոլովակ է նկարահանել․«Դեռ 2016-ին այնտեղ նկարահանել էի իմ «Դու ուժեղ ես» երգի տեսահոլովակը, որը շատ սիրվեց։ Այս անգամ էլ այցս գործնական ճամփորդության վերածվեց. երկու օրում նոր հոլովակ նկարահանեցինք։ Փորձառու թիմի հետ եմ աշխատել, ֆրանսիացի հայտնի դերասաններ են նկարահանվել։ Փարիզի հայկական ռադիոընկերությանն եմ հյուրընկալվել ու մեր հայ լսարանին ներկայացրել իմ նոր ձայնասկավառակը»։

Աստղիկ Սաֆարյանը


Այս տարի հասցրել է 5 նոր տեսահոլովակ նկարահանել.«Մի մասը՝ Փարիզում, մյուսները՝ Երեւանում։ Տարվա ընթացքում դրանք կներկայացնեմ իմ լսարանին։ Համերգային շրջագայություններ եմ նախատեսել Հայաստանում եւ արտերկրում։ Նոր մի նախագիծ էլ ունեմ, որի մասին դեռ չեմ ցանկանա բարձրաձայնել, Աստված առաջ, այս տարի դա էլ կյանքի կկոչեմ։ Հուսամ՝ 2022 թվականն էլ նախորդ տարվա պես հագեցած կլինի, եւ կկարողանամ ավելի շատ աշխատել, նոր երգեր, հոլովակներ ներկայացնել ու ավելի հաճախ հանդիպել իմ հանդիսատեսին»,- եզրափակել է երգչուհին։

Տեքստը՝ Մերի Պողոսյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Tigranyan_photography-ի եւ Աստղիկ Սաֆարյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW