×


«Օսկար»-ի ավանդական ճաշը, բացակայող Քիդմանն ու առանձին ժամանած Կրուսը եւ Բարդեմը

«Օսկար» մրցանակաբաշխությանը հաշված օրեր են մնացել: Մարտի 27-ին Լոս Անջելեսի «Դոլբի» թատրոնում հայտնի կդառնան հաղթողները, իսկ մինչ այդ հավակնորդների մեծ մասը ներկա է եղել «Օսկար»-ի ավանդական ճաշին:

Նախորդ տարի համավարակի պատճառով այն չէր կայացել, «Օսկարն» էլ այլ ձեւաչափով էր եղել: Իսկ այս տարվա ճաշը բավական աստղաշատ էր ու մի հարկի տակ էր հավաքել դերասաններին ու ռեժիսորներին: Պարտադիր պայման էր պատվաստված լինելու հավաստագիրը կամ քովիդի բացասական թեստը:


Ոտքի վնասվածքի պատճառով ներկա չէր Նիկոլ Քիդմանը, որը «Լինել Ռիկարդո» ֆիլմում իր դերի համար ներկայացված է «Լավագույն դերասանուհի» անվանակարգում: Նա ծնկի հետ կապված խնդիր ունի, որը խորացրել է «Էմիգրանտները» սերիալի նկարահանման ժամանակ: Բժիշկը խորհուրդ է տվել հանգիստ վերցնել ու վերականգնվել:

Ամուսնուց՝ Խավիեր Բարդեմից, 45 րոպե ուշացումով է երեկույթին ժամանել Պենելոպե Կրուսը, միանգամից համբուրել է նրան ու սկսել զրուցել «355» ֆիլմում իր խաղընկերուհի Ջեսիկա Չեսթեյնի հետ:


Ամուսիններն արդեն մեկական «Օսկար» ունեն, այս տարի երկուսն էլ պայքարելու են երկրորդի համար «Լավագույն դերասան/դերասանուհի» անվանակարգերում. Կրուսը՝ «Զուգահեռ մայրեր», իսկ Բարդեմը՝ «Լինել Ռիկարդո» ֆիլմում դերի համար:

Կազմակերպիչներն այնպես են դասավորել սեղանները, որպեսզի հյուրերը նոր մարդկանց հետ ծանոթանալու ու շփվելու հնարավորություն ունենան: Միեւնույն ֆիլմում ներգրավված դերասաններն ու ռեժիսորները միմյանց կողքի չեն հայտնվել:


Լուսանկարներից երեւում է, թե որքան ուրախ ու անմիջական են եղել հյուրերը: Նրանք գրկախառնվել են ու շփվել տարվա առաջին նման խոշոր հավաքույթի ընթացքում: Մինչ այդ կորոնավիրուսի պատճառով շատ միջոցառումներ էին չեղարկվել:

Այս տարվա մրցանակաբաշխության պրոդյուսեր Ուիլ Փաքերը նշել է, որ բոլոր հավակնորդները հսկայական լսարան ունեն ամբողջ աշխարհում, եւ մարդկանց իսկապես հետաքրքրում է, թե նրանք ինչ են անում:


Քեյթ Մաքկիննոնի մասնակցությամբ էլ ֆիլմ է ցուցադրվել, որում նա բացատրել է, թե հաղթելու դեպքում ինչպես օգտագործել ելույթի համար հատկացված շնորհակալական 45 վայրկյանը:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW