×


Տղամարդու ապրումներ եւ պոռթկում բեմում. «MENախոսության» պրեմիերայի հետաքրքիր դրվագները

Ինչի՞ մասին է մտածում տղամարդը, ո՞ւմ է կարոտում, ինչո՞ւ է լռում, ինքն իրեն միայնության վանդակում պահում կամ բռնկվում, խոսում, հիշում. «Բաբելոն» ոչ ստանդարտ թատրոնում ռեժիսոր Տաթեւիկ Մելքոնյանի բեմադրությամբ «MENախոսություն»  մոնոներկայացման առաջնախաղն էր: Արամ Պաչյանի երեք պատմվածքների հիման վրա բեմադրված մոնոներկայացման մեջ տղամարդու ապրումներն ու հույզերը փոխանցում է դերասան Գոռ Համբարձումյանը:

Առաջնախաղից առաջ Տաթեւիկ Մելքոնյանը BRAVO.am-ի հետ զրույցում պատմեց՝ որպես ռեժիսոր միշտ նոր բացահայտումներ է անում.«Սիրում եմ Արամ Պաչյանի ստեղծագործությունները, բայց առաջին անգամ եմ բեմադրում: Չկողմնորոշվելով, թե նրա որ գործին անդրադառնամ՝ որոշեցի «Ռոբինզոն», «Օվկիանոս» եւ «P/F» պատմվածքներից հատվածներ վերցնել, դարձնել նոր նյութ, որի հիմքում տղամարդն է: Շնորհակալ եմ հեղինակին, որ ինձ վստահեց ու ասաց՝ անեմ այն, ինչ ուզում եմ: Իրեն էլ էր հետաքրքիր նյութի այլ մեկնաբանություն: Կազմելուց հետո կարդացել է, փորձին ներկա է եղել եւ տվել իր համաձայնությունը:

Գոռ Համբարձումյանը


Բեմադրելու առումով մոնոներկայացումն ավելի հեշտ է, քանի որ մեկ դերասանի հետ ես աշխատում, արդեն դու ես դառնում նրա համար խաղընկեր, իսկ հետո նա հանդիստեսի հետ է երկխոսության մեջ մտնում: Առաջին հայացքից թվում է, թե ծանր ներկայացում է, բայց  ե՛ւ հումոր կա, ե՛ւ հեգնանք, երեւում են նաեւ տղամարդու թույլ կողմերը: Տարիների ընթացքում հավաքված ապրումները պոռթկում են բեմում: Այս դեպքում Գոռն ունի իմպրովիզներ անելու լայն հնարավորություն, նրան վստահում եմ, քանի որ գիտի, թե ինչ անի: Ինքս նաեւ դերասան եմ ու շատ եմ կարեւորում, որ դերասանը ազատ լինի, իրեն ցույց տա ներկայացման մեջ»:

«MENախոսությունը»  Տաթեւկի ու Գոռի արդեն երկրորդ համագործակցությունն է. նախորդը «Ագռավ» մոնոներկայացումն էր: Ռուսական թատրոնի երկար տարիների դերասանին հեղինակի հայերենը հեշտ չէր տրվել, իր բնորոշմամբ՝ աշխատանքի ու ջանքերի արդյունքում է ստացվել, դե, իսկ մոնոներկայացումն էլ ժանրային առումով հեշտ չէ:

Գոռ Համբարձումյանը


«Երբ բեմում չկան խաղընկերներ, ինչ էլ լինի, միայն դու ես պատասխանատու: Այս պարագայում կապը միայն հանդիսատեսի հետ է. նրանցից ես էներգիա ստանում: Այս ժանրը նաեւ առավելություն ունի՝ համարձակություն ունենալ հանդես գալ միայնակ: Մոնոյի դեպքում մի քանի հանգամանք է կարեւոր՝ ռեժիսոր, դերասան ու տեքստ: Լավ է, որ մենք ժամանակակից գրողի աշխանքներից ենք օգտվել ու մեր ժամանակների մասին է: Դու միայնակ մեկ այլ մարդու պատմությունը խաղալ չես կարող, եթե այն քեզ հետ ընդհանրապես կապ չունենա: Եթե իմ կյանքում անցած չլինեի նման իրավիճակների միջով, ապա չէի կարող փոխանցել: Դժվար թե հասկանայի՝ ինչ է նշանակում նայել բնակարանի միշտ փակ պատուհաններին, հիշել հանդիպումները, ապրումները:  Ինչքան ուզում ես փորձառու դերասան եղիր, եթե քո աչքերը ոչինչ չեն ասում, առավել եւս մոտ նստած հանդիսատեսին, ապա ոչ ոք քեզ չի հավատա»,- նշեց դերասանը:

Գոռ Համբարձումյանը


Պատուհաններ, երեւանյան իրական անցուդարձի աղմուկ եւ զրույցներ. թատրոնի ոչ ստանդարտ լինելու հանգամանքը եւս ներկայացման մեջ իր հետքը թողել էր: Գոռ Համբարձումյանի խոսքով՝առաջին անգամ էր հանդես գալիս նման միջավայրում. «Սկզբում հարկավոր էր համակերպվել, որ չկա դասական թատրոնին բնորոշ իրականությունը, բայց այս տարածքն այնպիսին էր՝ կարծես հենց մեր ներկայացման հերոսի համար էր: Վայրը տվեց մթնոլորտ, որը ցանկանում էինք մենք»:

Տաթեւիկ Մելքոնյանը


«MENախոսություն» մոնոներկայացումը «Արմմոնո» թատերական փառատոնի նախագիծն է, բեմադրություն անելու գաղափարը Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի եւ «Արմմոնո» թատերական փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանինն է.«Երբ մեր փառատոնն իր առաջին քայլերն էր անում, մեր նպատակն էր փորձել Հայաստանում մոնոներկայացումների ժանրը դարձնել ավելի տարածված: Տարիների ընթացքում մենք հասկացանք, որ այստեղ սիրում են այս ժանրը: Մոնոն քննություն է հատկապես երիտասարդ դերասանի  համար՝ կարո՞ղ ես դահլիճը լցնել քեզնով ու պահել այն, արդյո՞ք կլինի  կայծ հանդիատեսի ու դերասանի մեջ»:

Մարիաննա Մխիթարյանը


«Արմմոնո» միջազգային թատերական փառատոնն այս տարի հոբելյանական 20-րդ անգամ կանցկացվի մայիսի 17-ից  21-ը:

Տեքստը՝ Արմինե Բրսոյանի
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW