×


«Ստեփանակերտում բեմ բարձրացող դերասանները ոչ պակաս դիրքապահ են»

Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում օրեր առաջ «Մատնաչափիկ» ներկայացման պրեմիերան էր, որը զուգադիպեց Արցախում գազամատակարարման անջատման հետ:

BRAVO.am-ը թատրոնի ռեժիսոր Վահան Խաչատրյանի հետ խոսել է նման պայմաններում դերասանների կարեւոր առաքելության, մարդկանց արվեստ նվիրելու անհրաժեշտության ու պատերազմի մասին նոր ներկայացում բեմադրելու մասին:

«Մատնաչափիկը» մանկուց իմ ամենասիրելի ստեղծագործությունն է եղել: Մի քիչ ադապտացրինք, կերպարներ ավելացրինք ու դարձրինք ներկայացում:


Արդեն խաղացել ենք մարտի 19-ին, 22-ին, 23-ին ու 24-ին: Դահլիճում ազատ տեղ չկար, անգամ իմ աշխատասենյակի աթոռներն ենք տարել, որ մարդիկ նստեն: Ներկայացումը բավական լավ է ընդունվել, կարեւորը երեխաներին ժպիտ եւ ուրախություն պարգեւելն էր: Նրանք կտրվեցին առօրյայից ու իրենց մայրիկների հետ եկան թատրոն, դա ամենալավ գնահատականն էր ինձ համար:

Ստեփանակերտում բեմ բարձրացող յուրաքանչյուր դերասան ոչ պակաս դիրքապահ է: Դերասաններից շատ շնորհակալ եմ, որովհետեւ պատվով իրենց դիրքը պահեցին: Նրանք երջանկություն են պարգեւում այս վիճակում՝ մոռանալով սեփական խնդիրները, հոգսերն ու անհանգստությունները: Պետականաշինության գործում դա ոչ պակաս կարեւոր է:

Դերասանները կարողացան դժվարությունների մասին մոռանալ. ցուրտ սենյակում հավաքվում էինք մեկ տաքացուցիչի շուրջ, ապա բարձրանում բեմ, որ երեխաներին լույս պարգեւենք:


Պատերազմից հետո Ստեփանակերտի թատրոնում 4 առաջնախաղ ենք ունեցել՝ «Ալվան ծաղիկը», Նարինե Աբգարյանի «Երկնքից 3 խնձոր ընկավ»-ը, որը ե՛ւ Արցախում խաղացինք, ե՛ւ Երեւանում: Ունեցանք նաեւ ռուսալեզու «Հրեշը լուսնի վրա» ներկայացումը, որը խաղաղապահ կոնտինգետի համար էր:

2021 թվականին 70-ից ավելի ներկայացում ենք ունեցել, այս տարի էլ արդեն բավականաչափ հասցրել ենք: Ժողովուրդն արվեստի կարիք ունի: Արվեստագետն այն նվիրյալն է, որ ամեն ինչ մի կողմ է դնում ու իր գործն անում:

Հագնում ենք մեր դիմակները եւ բարձրանում բեմ, որպեսզի ծառայենք մեր հանրությանը: Այդ գիտակցումը՝ ծառայել հայրենիքին, բոլորն ունեն: Եթե իրական նվիրյալ ես, քո անկեղծությունը գնահատվում է: Դերասաններն անում են իրենց գործը առանց որեւէ պաթոսի: Մեր պարտականությունն է բարձրանալ բեմ ու խաղալ, եւ կապ չունի, թե ինչ է կատարվում՝ մութ է, ցուրտ է, գազ չկա, որովհետեւ հանդիսատես է եկել ու նա մեր կարիքն ունի:

Մայիսին կներկայացնենք «Անմահների դիրքը»: Որոշել էի այս ներկայացման մասին շատ չխոսել: Այն տուրք է բոլոր այն մարդկանց, որոնք իրենց կյանքի գնով պահել են հայրենիքը: Ինձ համար հոգու պարտք էր անել այդ աշխատանքը:

Հոգեւոր դժոխքով ենք անցնում այդ ներկայացումը պատրաստելիս, որովհետեւ հեշտ չէ հասկանալ կերպարները, բեմում վերապրել այդ ամենն ու փոխանցել հանդիսատեսին: Տղաների մասին է, որոնք մինչեւ վերջին փամփուշտը մնացին դիրքում ու չհանձնվեցին: Ի՞նչ տեսակ էին, ինչպիսի՞ն, ի՞նչ երազանքներ ունեին:

Միայն հանդիսատեսի հետ չէ, որ պետք է անկեղծ է լինես, այլ նաեւ քո ներսի լույսի: Սա երեւի այն միակ ներկայացումներից է, որ անցնում է կարծեք թե աղոթքի ու լռության ներքո: Ուրիշ կախարդանք կա այս ամենի մեջ, անգամ ամեն փորձն է այլ կերպ անցնում:


Շատ պլաններ ունենք, պայմանավորվածություն կա, որ «Երկնքից 3 խնձոր ընկավ» ներկայացումով մեկնենք Եվրոպա, «Հրեշը լուսնի վրա»-ն պետք է հյուրախաղեր ունենար Ռուսաստանում, սակայն պատերազմի պատճառով հետաձգվեց: Նախատեսում ենք մինչեւ տարվա վերջ 6 ներկայացում ունենալ թատրոնում:

Պարտավոր ենք առաջ շարժվել, շարունակել ապրել, ստեղծագործել, արարել ու պայքարել: Դա է մեր առաջնահերթությունը:

Ստեփանակերտում, բնականաբար, լարվածություն կա, բայց այդ ամենի մեջ ինձ մի բան է դուր գալիս, որ կյանք ու ապրելու կռիվ կա: Որպես բեմադրիչ ու մարդ, որը կարողանում է մարդու աչքերի մեջ շատ բան տեսնել, ես դա եմ նկատում:

Այսօր թատրոնի միջազգային օրն է, իմ անձնակազմին, իմ սիրելիներին կմաղթեմ, որ երջանկություն ունենան թե՛ բեմում, թե՛ կյանքում:

Ռեժիսոր Վահան Խաչատրյանը


Թատրոնը պայմանական աշխարհ է, դրա հետեւում է թաքնված անկեղծությունը: Իմ բոլոր գործընկերներին շնորհավորում եմ ու մաղթում, որ ամենուր լինեն անկեղծ: Բեմական մաքուր անկեղծությունը շատ է պակասել:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ Վ. Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին