×


«Օսկար» ստացած առաջին խուլուհամր դերասանը, աստղային եռյակներն ու միջադեպը բեմում

Մինչ Երեւանում խոր գիշեր էր, հանրահայտ մարդիկ Լոս Անջելեսում տոնական ու գեղեցիկ ներկայացել էին ամենաքննարկվող կինոմրցանակաբաշխությանը՝ «Օսկար»-ին:

Առաջին արձանիկին կնոջ 2-րդ պլանի լավագույն դերի համար արժանացավ Արիանա Դե Բոսը՝ «Ուեսթսայդյան պատմություն» ֆիլմի համար: Ապա ամենաշատ՝ 6 «Օսկար» ստացավ 10 անվանակարգում ներկայացված «Դյունա»-ն՝ լավագույն ձայնի, օրիգինալ երգի, վիզուալ էֆեկտների, մոնտաժի, բեմադրիչ-նկարչի ու օպերատորական աշխատանքի համար:


«Օսկար»-ի կազմակերպիչները հարգանքի տուրք մատուցեցին Ջեյմս Բոնդի մասին պատմող ֆիլմաշարին, որն այս տարի ստեղծման 60-ամյակն է նշում: Առանձին հոլովակով ցուցադրեցին տարբեր ժամանակաշրջաններում ֆիլմում խաղացած գլխավոր դերասաններին ու, դե իհարկե, Բոնդի ընկերուհիներին:


Լավագույն անիմացիոն ֆիլմը, ինչպես եւ սպասվում էր, դարձավ «Դիսնեյ» ընկերության «Էնկանտո»-ն: Այն ընտանեկան դիտման համար նախատեսված վառ, գեղեցիկ ու երաժշտական պատմություն է: Լավագույն կարճամետրաժ անիմացիոն ֆիլմն «Ապակի մաքրողն» է, լավագույն կարճամետրաժ վավերագրական ֆիլմը՝ «Բասկետբոլի թագուհին»:

Ապա հերթը հասավ «2-րդ պլանի լավագույն դերասանի» տիտղոսին, որը «CODA. խուլ ծնողների երեխան» ֆիլմի համար ստացավ Թրոյ Կոցուրը: Նա մրցանակին արժանացած առաջին խուլուհամր դերասանն է: Դահլիճը նրան հոտնկայս ողջունեց՝ ձեռքերը թափահարելու հատուկ ժեստով:


Դերասանը հուզիչ ճառով հանդես եկավ, ողջունեց բոլոր ձկնորսներին. ֆիլմում նա հենց ձկնորսի է մարմնավորում, հորը խոստովանեց, որ իր հերոսն է, ու հաղթանակը նվիրեց խուլուհամր մարդկանց համայնքին:

Լավագույն միջազգային ֆիլմը 3 ժամ տեւողությամբ ճապոնական «Վարիր իմ մեքենան» է, որն առաջադրված էր նաեւ «Լավագույն ֆիլմ» անվանակարգում: «Երկար հրաժեշտ» աշխատանքն էլ լավագույն կարճամետրաժ ֆիլմն է:

Հագուստների լավագույն նկարիչը Ջենի Բեւանն է՝ «Քրուելա» ֆիլմի համար ստեղծած բազմազան ու տարբերվող զգեստների համար:

Լավագույն սցենարի արձանիկը Քեննեթ Բրանայինն է՝ «Բելֆաստ» ֆիլմի համար, լավագույն ադապտացված սցենարինը՝ Շոն Հեյդերինը («CODA. խուլ ծնողների երեխան»):


Երեկոյի ընթացքում հնչեցին երգեր անվանակարգերում առաջադրված տարբեր աշխատանքներից, այդ թվում՝ «Էնկանտո»-ից եւ «Ջեյմս Բոնդ»-ից: «Մեռնելու ժամանակը չէ» երգը կատարեց Բիլի Այլիշը, որի համար եղբոր՝ Ֆիննեաս Օ՛Քոննելի հետ ստացավ ֆիլմի լավագույն երաժշտության համար նախատեսված մրցանակը:

Լավագույն վավերագրական ֆիլմը «Սոուլի ամառն» է: 12 անվանակարգում ներկայացված «Շան իշխանություն» ֆիլմը միակ «Օսկարը» ստացավ լավագույն ռեժիսորական աշխատանքի համար: Ջեն Քեմփիոնն առաջին կին ռեժիսորն է, որը 2 անգամ առաջադրվել է «Օսկար»-ի, ու այս անգամ վերջապես հաղթեց: Առաջին անգամ՝ 1994-ին, զիջել էր Սթիվեն Սփիլբերգին:

Այս տարին հոբելյանական է լեգենդար «Կնքահայրը» ֆիլմի համար եւս: Այն տոնում է 50-ամյակը: Այդ առիթով օսկարյան բեմը տրամադրվել էր այն ստեղծողներին՝ Ֆրենսիս Ֆորդ Կոպոլլային, Ալ Պաչինոյին ու Ռոբերտ Դե Նիրոյին:



Մյուս հայտնի եռյակը, որը մրցանակ հանձնեց, Սամուել Լ. Ջեքսոնը, Ջոն Տրավոլտան եւ Ումա Թուրմանն էին: Նախ նրանք կատարեցին «Քրեական ընթերցվածք» ֆիլմում իրենց հայտնի պարից մի հատված, ապա հայտնեցին լավագույն դերասանի անունը: Հաղթող դարձավ Ուիլ Սմիթը՝ «Ռիչարդ արքա» ֆիլմում Սերենա ու Վենուս Ուիլյամս քույրերի հորը մարմնավորելու համար:

«Դենզել Վաշինգտոնն ինձ քիչ առաջ ասաց. «Երբ բարձունքում ես, պետք է զգույշ լինես, քանի որ հենց այդ պահին է սատանան գալիս քո հետեւից»: Սա շատ գեղեցիկ պահ է ինձ համար: Ուզում եմ ներողություն խնդրել կինոակադեմիայից ու իմ անվանակարգում Օսկարի առաջադրված դերասաններից արցունքներիս համար, դրանք բնավ էլ մրցանակի համար չեն»,- ասաց նա:


Մինչ այդ Սմիթի մասնակցությամբ տհաճ միջադեպ էր տեղի ունեցել: Նա բեմ էր բարձրացել ու հարվածել իր կնոջ՝ Ջադա Փինքեթ Սմիթի հասցեին անպատեհ կատակ արած Քրիս Ռոքին:

Ջադա Փինքեթ Սմիթը


Նախորդ տարվա լավագույն դերասան Էնթոնի Հոփքինսն էլ հայտնեց լավագույն դերասանուհու անունը: Ջեսիկա Չեսթեյնը 3-րդ փորձից արժանացավ Օսկարի՝ «Թեմի Ֆեյի աչքերը» ֆիլմում հիանալի կերպարանափոխության համար:


«Հիմա մենք բավական բարդ ժամանակաշրջանում ենք ապրում: Այնքան մարդիկ են անհույս ու միայնակ զգում իրենց: ԱՄՆ-ում մահվան հիմնական պատճառ է դարձել ինքնասպանությունը: Այն շատ ընտանիքների է առնչվել, այդ թվում՝ եւ իմ: Մենք բախվում ենք խտրականության եւ մոլեռանդ օրենսդրության, որի նպատակը մեզ իրարից էլ ավելի շատ հեռացնելն է»,- ասել է Ջեսիկա Չեսթեյնը:

Իսկ ահա ամենավերջում հայտնի դարձավ «Լավագույն ֆիլմը»: Հաղթողին հայտարարեցին օսկարակիրներ Լեդի Գագան ու Լայզա Մինելլին: «CODA»-ն ստացավ երեկոյի այս գլխավոր մրցանակը:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW