×


Մինչ Բեքհեմները տանն են եղել, կողոպտիչները թալանել են նրանց

Բեքհեմների ընտանիքը կողոպտիչների զոհ է դարձել: Աստղային զույգը մի քանի հազար ֆունտ ստերլինգի վնաս է կրել:

Գիշերը գողերը ներխուժել են Լոնդոնի Հոլանդ Փարքում գտնվող նրանց առանձնատուն, մինչ Բեքհեմներն իրենց դստեր՝ Հարփերի հետ առաջին հարկի հյուրասենյակում են եղել:

Կողոպտիչների հետքերն իրենց տանը հայտնաբերել է 17-ամյա Քրուզը, որն առավոտյան երեկույթից տուն է վերադարձել: Նա նկատել է ջարդված պատուհանը, իսկ իր սենյակն ամբողջությամբ տակնուվրա է եղել: Գողերը Բեքհեմների տնից տարել են դիզայներական հագուստ, աքսեսուարներ, կենցաղային տեխնիկա:

Դեւիդ Բեքհեմը զանգահարել է ոստիկանություն, ապա որդու հետ շրջել տան տարածքում, Վիկտորիան եւ Հարփերն առաջին հարկում են մնացել:  Ընտանիքի ընկերների վկայությամբ՝ նրանք շոկի մեջ են:


Նշվում է, որ գողության հեղինակները լավ ծանոթ են այդ թաղամասին:

«Բեքհեմները դարձել են բավական պրոֆեսիոնալ գողերի զոհ: Բարեբախտաբար, նրանք կարողացել են մտնել միայն մեկ սենյակ, ապա փախուստի են դիմել: Ջարդված պատուհանով էլ դուրս են բերել իրերը: Դրանից ոչ մեկն ընտանիքի համար հոգեւոր առումով նշանակություն չի ունեցել»,- գրել է The Sun-ը:
 
Բեքհեմները շատ ժամանակ են անցկացնում Լոնդոնի արեւմուտքում գտնվող իրենց առանձնատանը: 2013 թվականին այն գնել են 31 մլն ֆունտ ստերլինգով, ապա 8 մլն ծախսել՝ իրենց ուզածով ձեւափոխելու համար:

Առանձնատունը 7 սենյակներից բացի ունի նաեւ պոդիում, խաղային սենյակ, մարզասրահ, սպա-կենտրոն ու ստորգետնյա ավտոկայանատեղի:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին