Նոր տեսահոլովակի պրեմիերան՝ տոնական մեծ միջոցառմամբ. երգչուհի Աստղիկ Սաֆարյանը նշում է, որ կարծես ավանդույթ է դարձել գարնանը ներկայանալ երաժշտական նորությամբ։ «Իմ կես»՝ այսպես է կոչվում երգը, որի հիման վրա նկարահանվել է երգչուհու նոր հոլովակը։ BRAVO.am-ը լուսանկարել է շնորհանդեսի հետաքրքիր դրվագները, ինչպես նաեւ զրուցել Աստղիկի հետ՝ անկեղծ խոստովանություններ լսելով երգարվեստի ու անձնականին վերաբերող որոշումների մասին։
«Տեսահոլովակը նկարահանել եմ հունվարին՝ նախքան Իսպանիա գնալս։ Երկու ամիս այնտեղ ապրելուց հետո նկարահանեցինք հինգ նոր տեսահոլովակ, դրանցից երկուսը՝ Փարիզում։ Շուտով բոլորը հերթով կներկայացնեմ։ Իսկ այսօրվա երգը կոչվում է «Իմ կես», ներառված է «Դու ուժեղ ես» 4-րդ ձայնասկավառակում եւ, իհարկե, արդեն առկա է առցանց բոլոր հարթակներում։ Երգի խոսքերի ու երաժշտության հեղինակը ես եմ, տեսահոլովակի ռեժիսորն ու օպերատորը Սարո Դավթյանն է։ Ուրախ եմ, որ շնորհանդեսի կազմակերպչական հարցերով նորից ինքս եմ զբաղվել՝ առանց որեւէ մեկին դիմելու, քանի որ զգում եմ՝ սկսել եմ սիրել այս աշխատանքը»,- ասաց երգչուհին։
Աստղիկ Սաֆարյանը
Լրագրողների դիտարկմանը, թե մեր օրերում քիչ արտիստներ են շնորհանդեսներ կազմակերպում՝ տեսահոլովակներ, երգեր, ձայնասկավառակներ ներկայացնելու համար, երգչուհին նկատեց, որ կարելի է ասել՝ ինքը «հին դպրոցից» է. «Երբ ես սկսում էի 15 տարի առաջ, կար այդ ավանդույթը։ Իհարկե, շատ դժվար է, միգուցե դրանից է, որ շատերը դադարել են շնորհանդեսներ կազմակերպել, բայց ես ամեն անգամ փորձում եմ իրականացնել դա։ Նման առիթները ոչ միայն գեղեցիկ կերպով ներկայացնում են աշխատանքը, այլ նաեւ հյուրերին հնարավորություն են տալիս շփվել միմյանց հետ, ավելի լավ միջավայրում վայելել երաժշտությունը, նվերներով վերադառնալ տուն եւ, իհարկե, առաջինը ծանոթանալ երաժշտական նորություններին»։
Աստղիկն իր կազմակերպած միջոցառման շրջանակում իսկապես հնարավորություն էր ստեղծել հետաքրքիր ժամանակ անցկացնելու՝ համերգային ծրագրի ու նվերների խաղարկության մասնակցելու, համեղ հյուրասիրություն վայելելու։ Իհարկե, ցուցադրվեց նաեւ նոր տեսահոլովակը՝ սիրային, ջերմ ու արեւոտ տրամադրությամբ։ Ըստ սյուժեի՝ հերոսուհին, երբ իմանում է, որ սիրելին պիտի այցելի իրեն, փորձում է յուրօրինակ նվեր պատրաստել՝ երգ գրել նրա համար։ Սակայն տղան գալիս է ու ավելի մեծ անակնկալ մատուցում՝ մատանի նվիրելով։ Աստղիկից հետաքրքրվեցինք՝ գուցե հիմքում իրական պատմություն է, նա էլ կեսկատակ ասաց՝ գրել է, որ պատահի.«Հավատում եմ սիրուն, դրա համար է, որ մինչ օրս չեմ ամուսնացել, որովհետեւ սպասում եմ՝ սիրելով ամուսնանամ»,- անկեղծացավ երգչուհին։
Աստղիկ Սաֆարյանի «Իմ կես» երգի տեսահոլովակը կարող եք դիտել այստեղ: Երգչուհին նշում է՝ նորովի է ներկայացել՝ նոր կերպարով, ասելիքով ու տրամադրությամբ։
Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: