×


«Անբաժան ենք ես ու կիթառս». Լեւոն Սիմոնյանի նոր տեսահոլովակն ու հաջողության պատմությունը

Կիթառահար Լեւոն Սիմոնյանին ճանաչում են թե՛ Հայաստանում, թե՛ երկրի սահմաններից դուրս։ Նա հանդես է գալիս մի քանի նվագախմբերում, համագործակցում տեղի ու արտերկրի արտիստների հետ, իսկ վերջերս էլ ներկայացրեց նոր տեսահոլովակ՝ նկարահանված «Ճանապարհ» ստեղծագործության հիման վրա: Նախագիծն իրականացրել է դաշնակահար Արթուր Թադեւոսյանի հետ՝ դաշնամուրի եւ կիթառի միաձուլումից ստեղծելով հետաքրքիր երաժշտական ստեղծագործություն: Սա նրանց արդեն երրորդ համատեղ աշխատանքն է: Լեւոնի հետ զրուցել ենք նրա անցած ուղու, ընտրած մասնագիտության ու պլանների մասին:



- Դաշնակահար Արթուր Թադեւոսյանի հետ հաճախ ենք համերգային շրջագայություններ ունեցել, ու մեր ճաշակները համընկնում էին: Մի օր էլ որոշեցինք նման նախագիծ իրականացնել՝ մեր ստեղծագործությունները գործիքային տարբերակով ներկայացնել հանդիսատեսին: Հասկացանք, որ կիթառի ու դաշնամուրի միաձուլումը շատ հետաքրքիր կլինի: Բացի այդ, սա էլ այլ հարթակ է՝ մեր սեփական ստեղծագործությունները ներկայացնելու համար:

- Ավարտել եք Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի Կուլտուրայի բաժինը՝ ստանալով «էստրադային եւ փողային նվագախմբի ղեկավար»  մասնագիտացումը։ Բայց կարելի է ասել՝ Ձեր մասնագիտությամբ չեք շարունակել, այլ ընտրել եք կիթառահարի մասնագիտությունը:

- Ճիշտ եք, ես դեռ դպրոցահասակ տարիքից եմ կիթառ նվագել: Երգում էի տղաների երգչախմբում։ Մի օր երգչախմբի ղեկավարն ասաց՝ պետք է երաժշտական կրթություն ստանամ։ Հորաքույրս կիթառ էր նվագում, ու իր սովետական կիթառը մեր տանն էր մնացել։ Քանի որ այդ գործիքն արդեն կար, ծնողներս որոշեցին՝ պետք է կիթառի գնամ: Սկզբում չէի սիրում. գործիքը լավը չէր, նվագելն էլ այդքան հաճելի չէր: Երբեմն չուզելով էի գնում դասերի։ Բացի այդ էլ, երաժշտական դպրոցի ծրագրային թեմաներն այդքան չէի սիրում նվագել: Արդեն ավարտում էինք, երբ մեր դպրոցում սկսեց դասավանդել կիթառահար Արթուր Սողոյանը։ Գրքային վիճակներից դուրս եկանք. նվագում էինք անսամբլային գործեր, դուետներ։ Ու հենց նրա շնորհիվ էլ սկսեցի գործիքը սիրել, եւ հիմա անբաժան ենք ես ու կիթառս։

Լեւոն Սիմոնյանը


Մինչեւ բանակ զորակոչվելը մի քանի ընկերներով ստեղծեցինք «Дом» ռոք-խումբն ու ռուսական ռոք էինք նվագում։ Բանակից վերադառնալուց արդեն սկսեցի լուրջ զբաղվել երաժշտական կարիերայով: Իհարկե, հիմա հետաքրքրությունն այս գործիքի նկատմամբ էականորեն աճել է: Պարբերաբար երաժշտական տարբեր փառատոնների ժյուրիի կազմում եմ լինում, ու եթե նախկինում կիթառ ընտրում էին  այն երեխաները, որոնց տանը երաժիշտ կար, ապա հիմա այդպես չէ: Դպրոցահասակ երեխաները շատ են նախընտրում կիթառը:

- Հիմա Ձեզ տեսնում ենք գրեթե բոլոր համերգներին. տարբեր արտիստների հետ եք համագործակցում։ Մի անգամ նույնիսկ նման արտահայտություն լսեցի՝ «Լեւոնը շատ  պրոֆեսիոնալ է, դրա համար էլ շատ պահանջված երաժիշտ է»։ Շոու բիզնեսի ներկայացուցիչների հետ ինչպե՞ս եղավ համագործակցությունդ:

- Առաջին մեծ համագործակցությունն ունեցել եմ երգիչ Արման Հովհաննիսյանի հետ։ Շրջագայել ենք ավելի քան 10 երկրում, մի քանի անգամ եղել  ԱՄՆ-ում, Կանադայում, եվրոպական երկրներում, Ռուսաստանում եւ այլուր: Երաժշտական աշխարհում ինձ սկսեցին ճանաչել ու հրավիրել նվագելու: Այդպես առաջարկ ստացա աշխատել Հայկոյի, Ռազմիկ Ամյանի, Թաթայի, Ձախ Հարութի, Սարոյի, Արա Մարտիրոսյանի, Արկադի Դումիկյանի, Կարեն-Սեւակ բենդի եւ այլ արտիստների հետ:

Լեւոն Սիմոնյանը


- Ձեզ տեսնում ենք նաեւ երաժշտական տարբեր հեռուստահաղորդումներում:  

- Շուրջ երկու տարի աշխատել եմ Հանրային հեռուստաընկերության «Երգ երգոց» նախագծում, որն, ի դեպ, տվյալ ժամանակահատվածում տարվա լավագույն հաղորդում ճանաչվեց։ Աշխատել եմ նաեւ «Արմենիա» հեռուստաընկերության «Հայաստանի ձայնը», «Մենք մերոնցով» նախագծերում։

- Այս պահին աշխատում եք երկու՝ Հանրային ռադիոյի էստրադային սիմֆոնիկ եւ պետական ջազ նվագախմբերում, հանդիսանում «Hayway» եւ «Կարեն-Սեւակ» խմբերի կիթառահարը, վերջերս էլ անհատական գործեր ներկայացրիք: Տարբե՞ր են զգացողություները, երբ նվագում եք մեծ նվագախմբում եւ փոքր բենդում:

- Փոքր խմբերում զգացողությունն այլ է, մեծ նվագախմբի հետ՝ այլ։ Փոքրի դեպքում  ավելի շատ պարտիաներ կան նվագելու, ամեն ինչ այդ պահին քո ուսերին է, իսկ նվագախմբում էլ կիթառը մեծ դեր է կատարում։ Բայց պատասխանատվության առումով չեն զիջում միմյանց։ Միշտ պատասխանատվությունը մեծ է։ Իսկ ես յուրաքանչյուր գործի մոտենում եմ միայն սրտացավորեն։

Լեւոն Սիմոնյանը


- Ո՞ր ժանրում եք Ձեզ ավելի լավ զգում, կարողանում Ձեր հոգեվիճակը փոխանցել հանդիսատեսին:

- Ես ավելի շատ սիրում եմ գործիքային երաժշտություն՝ մի քանի ժանր միաձուլված: Իսկ կիթառը շատ նուրբ ու զգայուն, էմոցիաներդ արտահայտող գործիք  է:

- Պարբերաբար համերգային շրջագայություններ եք ունենում, վերջերս էլ վերադարձել եք փառատոնից: Արտերկրում հայ երաժիշտներին ինչպե՞ս են ընդունում:

- Անհամեստություն թող չթվա, բայց մեր նվագախմբերը միշտ տարբերվել են իրենց յուրահատուկ կատարումներով: Վերջերս ջազ նվագախմբով Եկատերինբուրգում փառատոնի էինք մասնակցում՝ ներկայացնելով հայ կոմպոզիտորների ջազային ստեղծագործությունները: Հանդիսատեսը մեծ ոգեւորությամբ ու բուռն ընդունեց՝ ծափահարությունները չէին դադարում: Տեւական ժամանակ է՝ համագործակցում եմ նաեւ «The Birds» ֆոլկ ֆյուժն խմբի հետ: Բազմաթիվ համերգներ ենք ունեցել, բայց մինչ օրս տպավորված եմ 2016-ին Թբիլիսում տեղի ունեցած համերգից։ Մասնակցում էինք «Kavkaz Jazz» փառատոնին։ Հանդիսատեսի արձագանքը դարձյալ այնքան բուռն էր. մի քանի անգամ բեմ կանչեցին։ Տպավորիչ էր նաեւ «Դուբայ էքսպո 2020»-ի շրջանակում տեղի ունեցած համերգը. Հայաստանի օրերի առթիվ ելույթներ ունեցանք պետական ջազ ու սիմֆոնիկ նվագախմբերի հետ։ Հանդիսատեսի արձագանքից արդեն հասկանում էինք, որ հայկական երաժշտախմբերը պահանջված են։

Լեւոն Սիմոնյանը


- Լեւոն, համագործակցում եք նաեւ այլազգի երգիչ-երգչուհիների հետ, մասնավորապես՝ իրանցի արտիստների:

- Իրանում մեծ ճանաչում ունեն այդ արտիստները: Առաջին համագործակցությունը եղավ երգչուհի Լեյլա Ֆարուհարի հետ: Ինձ համար անակնկալ էր, երբ երգչուհու պրոդյուսերական խումբն առաջարկեց համագործակցել։ Հաճելի է, երբ գնահատում են արվեստը, որը դու ներկայացնում ես։ Միառժամանակ առաջ էլ իրանցի  հանրահայտ երգիչ Դարիուշից համագործակցության առաջարկ եղավ: Նոր եմ վերադարձել շրջագայությունից. համերգներով հանդես եկանք մի շարք երկրներում։ Գուցե ձեզ այս անունները ոչինչ չեն ասում, բայց ամբողջ աշխարհում շատ սիրված են, մեծ ճանաչում են վայելում։ Նրանց համերգներին, ինչպես ասում են, «ասեղ գցելու տեղ չկա»:

Լեւոն Սիմոնյանը


- Լեւոն, կա մի նշաձող, որ դրել եք Ձեր առջեւ ու դրան հասնելը դարձրել նպատակ:

- Իհարկե, ձգտում միշտ կա՝ ավելին անելու ու ավելիին հասնելու: Առջեւում Արթուրի հետ նոր տեսահոլովակ կներկայացնենք, շատ ենք ցանկանում նաեւ ալբոմ թողարկել: «Hayway» խմբի հետ էլ հետաքրքիր մտքեր ու ծրագրեր ունենք, որոնք պետք է կյանքի կոչենք: Ի դեպ, մեր այս խմբով էլ շրջագայել ենք շատ երկրներում, մոտ հինգ ամիս աշխատել Քաթարում:

Զրուցեց՝ Արմինե Գեւորգյանը
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW