×


Նորա Գրիգորյան. «Ամուսինս տարբերություն չի դնում Դավիթի եւ մյուս երեխաների միջեւ»

Նորա Գրիգորյանի եւ Արմեն Բոջուկյանի որդին՝ Դավիթն, արդեն 2 ամսական է: Ռեժիսոր մայրիկը BRAVO.am-ին է տրամադրել փոքրիկի առաջին լուսանկարներն ու պատմել ընտանիքի եւ իր գործունեության մասին:

«Երեք երեխաներս մանկապարտեզ են հաճախում, շփվում ենք շատերի հետ, եւ նորածնի համար քառասունք պահելը գրեթե հնարավոր չէր: Բայց մեր բոլոր ընկերները սպասում էին քառասունքը միասին նշելուն: Այնպես որ, մենք քառասունք չենք պահել, բայց 40-րդ օրը մեծ շուքով նշել ենք»,- ասել է Նորան:


Երեխաների խնամքի հարցում, ինչպես նշել է, միշտ մայրն է օգնել իրեն.«Հիմա էլ է այդպես, սակայն քանի դեռ այստեղ են ամուսնուս ծնողները, իրենք էլ են օգնում: Պետք է մեկնեն Լեհաստան, բայց չեն ուզում, ասում են՝ կարոտելու են եւ շատ են կապվել բալիկի հետ»:

Վերջերս Նորան ամուսնու հետ Սանկտ Պետերբուրգում էր, հետաքրքրվել ենք՝ ինչ նպատակով, եւ արդյոք հեշտ էր հատկապես նորածնից հեռու լինել.«Հյուրախաղերի էինք մեկնել: Մեր թատրոնը երկու ներկայացմամբ մասնակցում էր փառատոնի, մեկն իմ «Կոնտրակտն» էր: Ամուսին էլ ինձ ուղեկցում էր, նաեւ աշխատանքային հարցեր ուներ: Հետաքրքիր է, որ նա գրեթե ողջ Եվրոպայում եղել է, սակայն Սանկտ Պետերբուրգում չէր եղել: Շատ է հավանել, փորձել ենք հնարավորինս շատ հետաքրքիր վայրերում լինել: Ռոմանտիկ գիշերային զբոսանքներով եւ հաջողությունով լի ճանապարհորդություն էր»:


Ճամփորդության օրերին բալիկներին շատ են կարոտել.«Մենք սովոր չենք իրարից հեռու լինել: Իրենց խինդ ու ծիծաղի, նաեւ կռիվների ձայնը պակասում էր, դատարկություն էինք զգում: Բայց շատ լավ էին մնացել մայրիկիս տանը: Մայրիկիս օգնում էին եղբայրս, Արմենի ծնողները եւ ընկերուհիներս»:

Ամուսնուն երազանքների տղամարդ է համարում.«Ճիշտ է՝ ես չգիտեմ՝ այլ հարաբերություններում ինչպիսին է եղել, շատ բան, կարծում եմ, նաեւ կնոջից է կախված: Չգիտեմ՝ կհավատաք, բայց որեւէ տարբերություն չի դնում Դավիթի եւ մյուս երեխաների միջեւ: Միշտ զբաղվում է նրանց հետ, շփվում, խոսում: Մեծ տղայիս հանդեպ առանձնահատուկ ուշադիր է, ասում է՝ տղամարդ է տանը մեծանում: Ինձ հաճախ է ծաղիկներ նվիրում: Հյուրընկալ ընտանիք ենք: Մեր տանը հաճախ են հավաքույթներ լինում. ընտանեկան ջերմ մթնոլորտ ենք ստեղծել եւ փորձում ենք փոխանցել բոլորին»:


Ռեժիսորն այժմ բանակցում է մի քանի թատրոնների հետ, որպեսզի հստակեցնի այս տարվա անելիքները.«Փորձում եմ համատեղել աշխատանքս ընտանիքիս հետ, համոզված եմ՝ կստացվի: Ընտանիքս եւ հատկապես ամուսինս շատ են ուզում, որ ես շարունակեմ ստեղծագործել»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Նորա Գրիգորյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին