×


«Առաջին անգամ եմ խոսում այս մասին, ու էլի պատկերն աչքիս առաջ է». Արսեն Սաֆարյանը՝ հիշելով Հայկոյին եւ Արթուր Գրիգորյանին

Հայկոյի հետ բեմում ու բեմից դուրս ընկերներ էին. անթիվ-անհամար համերգային շրջագայություններ աշխարհի տարբեր երկրներում։ Արթուր Գրիգորյանը նրա համար ուսուցիչ էր, մարդ, որի առջեւ միշտ հաշվետու էր։

Երգիչ Արսեն Սաֆարյանի հետ հուզվել, խոսել  ու վերհիշել ենք Հայկոյին եւ Արթուր Գրիգորյանին:

«Հայկոն միայն իր ընտանիքի որդին չէր»

Պատերազմից հետո ուշքի չէի գալիս. իմ կյանքի ամենածանր ապտակն էր, բայց պարզվեց՝ ծանր ապտակները դրանով չվերջացան. հաջորդը Հայկոն էր, Գրիգորիչը։ Երգարվեստում ոչ բոլորն են միմյանց հետ ընկերություն անում, ավելի շատ գործընկերներ են։ Իմ եւ Հայկոյի պարագայում այլ էր։ Մենք ընկերներ էինք նաեւ բեմից դուրս։ Կարող էինք օրերով չտեսնել իրար, բայց դա մեզ չէր խանգարում, որ մեկ հայացքից իրար հասկանայինք։

Դեպքից 20 օր առաջ Հայկոն տղայի հետ իմ տանն էր։ Դե, ինչպե՞ս է լինում՝ հայկական ավանդական սեղանի շուրջ հավաքվեցինք, լուրջ թեմայով խոսակցությունը տեւեց 20 վայրկյանից ոչ ավելի, սկսեցինք միմյանց գովել ու էլի ավանդույթի համաձայն դարձանք 25 տարեկան։ Մինչեւ ուշ գիշեր իմ այգում մեր լիաթոք ծիծաղն էր լսվում։ Մի քանի օր հետո մեկնեցի Կիպրոս։ Ու այնտեղ լսեցի, որ Հայկոն վատառողջ է։ Համոզված էի՝ բոլորովս մի բան կանենք, ու դուրս կգա այդ վիճակից։ Երբ վերադարձա, ընկերոջս վիճակն ավելի էր վատացել: Էլի հավատում էի, ժամ ժամի սպասում էի լավ լուրի, բայց այդ լավ լուրը չեղավ...


Ախր ինքը միայն իր ընտանիքի որդին չէր, այլ Երեւանի որդին էր, Երեւանի Հայկոն։ Բարձրաճաշակ երաժշտություն ստեղծող ու մեկնաբանող Հայկոն էր։ Երբ իր մատներն էին կպնում ստեղնաշարին, ստեղծվում էր հնի ու նորի ներդաշնակ համակցում։ Դե՛ ստուդիայում իմ ու իր խոսակցությունը սկսվում էր այսպես՝ «Նոր երգ ունե՞ս, կունենա՜ս, կունենա՜ս, միացրու մի քիչ նախանձեմ»:

Երբ ես նոր-նոր էի քայլեր անում, Հայկոյին արդեն բոլորը ճանաչում էին։ Ու ինքն ինձ համար դարձավ հենց այն նշաձողը, որին ուզում էի հասնել։ Հանդիպեցինք Երգի թատրոնում, ասաց՝ «Գիտե՞ս, վստահ եմ, որ ամեն ինչ լավ է ստացվելու։ Դու ուղղակի երգիր»:

2020-ի պատերազմից հետո մեր շփումը մի այլ փուլ թեւակոխեց։ Երբ եկա, հանդիպեցինք, փաթաթվեց ու՝ «Ախպերս, դու չես պատկերացնում՝ մտքով ինչքան եմ քեզ հետ եղել, ինչքա՜ն էի վախենում քեզ համար, որ հանկարծ մի բան չպատահի»:

«Ես նաեւ այլ Հայկոյի գիտեմ՝ ավանցի ջիգյարով Հայկոյին»

Ինձ թվում է՝ Ավանում է, ու ես հիմա կզանգեմ, ու կասի՝ «Ախպե՜րս, քաղաքից դուրս  մի տեղ չգնա՞նք»։ Վերջերս հաճախ էինք միասին քաղաքից դուրս գնում։ Հայկոն միշտ գալիս էր Արմանի հետ։ Դիլիջանում էինք, Արմանն ընկավ ցեխի մեջ, ամբողջովին կեղտոտվեց։ Մինչ ես օգնում էի դուրս գալ էդ կեղտերի միջից, Հայկոն հա՛մ բարկանում էր, հա՛մ սիրալիր բացատրում՝ ախր Արման ջան, ո՞նց չտեսար, է՜, հա՛մ էլ արագ-արագ փոխում էր շորերը։ Մեքենայի մի անկյունում Արմանի մաքուր հագուստն էր։ Ինքը չափազանց պատրաստված պապա էր ախր։

Հայկոն եւ Արսեն Սաֆարյանն՝ իրենց որդիների հետ


Կարոտում եմ իր երգերը, մտքերը, ժեստերը, իրեն հատուկ ջիգյարով ու տոնայնությամբ «ախպե՜րս» բառը, բայց ամենաշատը մեզ եմ կարոտում։

Մեր հերթական հանդիպումներից մեկն էր, ու հեռուստատեսությամբ հին սերնդի երգիչներից մեկն էր երգում։ Հայկոն լսեց, լսեց ու ասաց.«Ախպե՛րս, արի պայմանավորվենք՝ հենց մեկս նկատեց, որ մեզնից մյուսը վատ ա երգում, վատ ա նայվում, թող անպայման ասի, որ արդեն ծերացել ա ու բեմից իջնելու ժամանակն ա»։  

«Դժվար էր մոտենալ Հայկոյի երգերին»

Մոսկվայում առաջին անգամ մի քանի ընկերներով երգեցինք իր «Վերեւ» երգը։ Իսկ վերջերս մենակ եմ երգել «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստախաղի ժամանակ, որը նվիրված էր Հայկոյին։ Մի տեսակ ամաչելով եմ ձայնագրվել, ամբողջ ժամանակ ինքս ինձ հետ կռվելով ու անընդհատ նույն հարցը տալով՝ ինչո՞ւ պիտի հիմա երգեմ այս  երգը։ Ախր շա՜տ շուտ էր։

«Երգեցի նաեւ Գրիգորիչի «Մենախոսությունը»»

Հա՜: Փորձեցի մենախոսել։ Ասում են՝ ստացվեց։ Այդ երգը երգել էի շատ վաղուց` թատրոնում սովորելու տարիներին։ Իր մահից հետո թատրոն չեմ գնացել։ Կարծես չեմ ուզում փշրել այն զգացողությունը, որ նա այնտեղ է։ Բայց պիտի գնամ, ու ոչ միայն գնամ, այլ համերգ տամ։ Հատկապես հիմա մենք պետք է թատրոնի շունչը պահենք։ Շատ ուրախացա, որ Մանեն նշանակվեց տնօրեն՝ սրտացավ մարդ, որը սրտի դողով ու նվիրումով է վերաբերվելու այն ամենին, ինչ ստեղծել է հայրը, այն, ինչով սնվել են այդ պատերը։

Գրիգորիչն ինձ համար բարձրագույն նիշն էր։ Դու միշտ գիտես, որ ուսուցիչդ կա, երբ մի բան ես երգում, թեկուզ այդ պահին կողքիդ չէ, բայց քեզ հետ է, լսում է, արդեն գիտես, թե ինչպես կարձագանքի։ Ու դա միայն ինձ չի վերաբերում։ Այ հիմա դրա  պակասն ունեմ։


Եթե Հայկոյի դեպքում երգերի առումով ասում էի` բա հիմա ո՞ւմ եմ նախանձելու, ո՞ւմ եմ ձգտելու, Գրիգորիչի դեպքում ասում եմ՝ ո՞ւմ եմ հաշվետու լինելու։ Մտքեր, խոսքեր, որ միշտ ուղեղումս են․«Եթե բեմում ես, ուրեմն՝ ասելիք ունես, եթե ասելիք չունես, ինչո՞ւ ես բեմում։ Երբեք առօրյա հագուստով չբարձրանաս բեմ»։ Ասում էր՝ նայե՛ք ձեր շուրջը, իրենք իրենց  ունեցած ամենասիրուն շորը հագել ու եկել են ձեր համերգին։ Իրենք պահանջում են, որ դու էլ ներկայանալի լինես։ Ու կապ չունի՝ այդ համերգն արտերկրում է, թե Հայաստանի սահմանամերձ գյուղերից մեկում։

Տեսարան, որ երբեք չի մոռանա

Պատերազմից հետո երկու գիշեր խոսեց ինձ հետ։ Շատ էմոցիոնալ, ջախջախված, փլված վիճակում էր։ Ասում էր՝ «Այս երգերն ինչի՞ եմ գրել, ո՞ւմ համար, ո՞ւմ է պետք»։ Խոսում էր ապրելու իմաստի, այն ցավի մասին, որ 5000 երեխա այսօր մեզ հետ չեն։ Ասացի՝ «Գրիգորի՛չ, ոչ մի բան իզուր չի արվել»։ Պատմեցի, որ հրետակոծության տակ հիշել եմ հատկապես իր երգած երգի տողերը՝ «Մինչեւ վերջ պիտի մնամ, կրակին այս դիմանամ, ոչ մեկին հող չեմ տալու»։ Անցավ ժամանակ, մի օր զանգեց, ասաց՝ «Արսե՛ն, թատրոնի հետ գնում եմ Արցախ, եթե չուզես գալ, կհասկանամ»։ Ասացի՝ «Չէ՛, ես հենց քո հետ եմ ուզում գնալ Արցախ»։ Գնացինք։ Այդ ապրումները նկարագրելու չեն: Սարսափելի տեսարան էր․․․ Երկար ժամանակ չէինք խոսում։ Երկուսս էլ օդի մեջ պարտություն էինք զգում։ Չէինք կարողանում շփվել, բայց այդ լռությունը շատ խոսուն էր, բառերից առավել:


Իսկ այդ ամենը պայթեց արդեն զորամասում։ Լավ չէր զգում, բայց ուզում էր երգել։ Այնտեղ էին 9-րդ պաշտպանականի տղաները, որոնք փրկվել էին Վարանդայից, Հադրութից, Ջրականից։ Ասաց՝ «Էս երեխեքից ամեն մեկը կյանք ու կռիվ է տեսել․ ես ո՞վ եմ, որ չերգեմ»։ Ու երգեց...

Երգելուց հետո գնացինք մի կողմ։ Առաջին անգամ եմ խոսում այս մասին, ու էլի պատկերն աչքիս առաջ է։ Այնքան ծանր բան է, երբ լեգենդար մարդը, որը միշտ ուժեղ է եղել, փլվում է ուսերիդ, ու դու չես կարող օգնել: Դրանից վախենալու բան չկա։ Մենք  երեխայի նման լացում  էինք, նա մենակ շշնջում էր․«Էս ի՜նչ էր, էս ինչի՞ էսպես եղանք»։ Դու ամեն ինչ հասկանում ես, բայց անզոր ես, քանի որ դաժան իրականության մեջ ես ապրում։ Ինքն այնպիսի մարդ է եղել ու այնպիսի իրավիճակներում է կարողացել երգել, որ  միշտ մտածել եմ՝ յուրահատուկ կապ ունի վերեւի հետ։ Կարող եմ ասել՝ մարդ Աստծո։ Ինքը միշտ պիտի լինի։ Իր երգերը միշտ պիտի հնչեն:

Զրույցը՝ Արմինե Գեւորգյանի
Լուսանկարները՝ Լիլիան Գալստյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին