×


Երեւանում բացվել է Tashir Arena-ն

Tashir Arena-ի հանդիսավոր բացման արարողությունն էր երեկ: ETERNIA շոուի պրեմիերան դարձավ Երեւանի կրկեսի նոր դարաշրջանի խորհրդանիշը, որն այժմ իր տեխնիկական հագեցվածությամբ եւ հնարավորություններով չի զիջում աշխարհի առաջատար արենաներին։

Տաթեւիկ Կարապետյանը բացեց արենայի դռները՝ հրավիրելով առաջին հյուրերին նոր տարածք։ Տոնական երեկոյին ներկա էին մշակույթի, բիզնեսի, բարեգործական կազմակերպությունների եւ մեդիա ոլորտի ներկայացուցիչներ, շոու-բիզնեսի աստղեր եւ արտիստներ։ 


ETERNIA-ն ներկայացում է, որի վրա աշխատել է ավելի քան հարյուր արտիստներից կազմված ստեղծագործական խումբը։ Այն ջնջում է կրկեսային արվեստի, թատրոնի եւ ժամանակակից մուլտիմեդիա տեխնոլոգիաների սահմանները՝ հանդիսատեսի համար բացահայտելով հնարավորի նոր հորիզոններ։ 

«Այստեղ միաձուլվում են արվեստը, ներշնչանքը, բացառիկ տաղանդը եւ սերը մեր երկրի հանդեպ։ Այս նախագիծը հնարավոր դարձավ թիմի անսահման նվիրումի շնորհիվ, եւ ես հպարտ եմ, որ մեր երազանքը իրականություն դարձավ։ Չնայած բոլոր դժվարություններին՝ մենք հավատում ենք արվեստի ուժին, բարությանը, որը միշտ հաղթում է», - ասաց Տաթեւիկ Կարապետյանը։ 


Իր խոսքում Տաթեւիկը դիմեց նաեւ իր հորը՝ Սամվել Կարապետյանին, շնորհակալության եւ երախտիքի խոսքեր հայտնելով նրա անզիջում ճանապարհի համար։ Նա ընդգծեց, որ հենց հոր սկզբունքայնությունն ու հաստատակամությունն են թույլ տվել կյանքի կոչել այս շքեղ երազանքի նախագիծը։ 


Հանդիսավոր բացումից մի քանի օր առաջ Տաթեւիկ Կարապետյանի նախաձեռնությամբ կազմակերպվել էր բարեգործական նախապրեմիերային դիտում։ Նոր ներկայացման առաջին հանդիսատեսը դարձան նրանք, ովքեր հատկապես ջերմության եւ հոգատարության կարիք ունեն՝ բազմազավակ ընտանիքներ եւ Արցախից տեղահանված ընտանիքներ, վետերաններ, սահմանափակ հնարավորություններ ունեցող մարդիկ եւ բարեգործական հիմնադրամների շահառուներ։


Այսօրվանից ներկայացումները կանցկացվեն շաբաթական երեք անգամ, իսկ որոշակի օրերին՝ երկու անգամ՝ ցերեկային եւ երեկոյան ցուցադրություններով։

Լուսանկարները՝ Tashir Arena-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW