×


Մոնրոյի զգեստով եւ նիհարած Քիմը, մերկ Կարա Դելեւինն ու անկրկնելի Լավլի-Ռեյնոլդս զույգը «Met Gala 2022»-ին

Ամեն տարի մայիսի առաջին երկուշաբթի օրը Նյու Յորքում տեղի է ունենում Կոստյումների ինստիտուտի ամենամյա պարահանդեսը՝ Met Gala-ն: Տարիներ շարունակ այն ամենաքննարկվող ու աստղաշատ միջոցառումներից մեկն է, որին բոլորն են ուզում մասնակցել, հիացնել կամ էլ զարմացնել իրենց ընտրած զգեստներով:

Այս տարի Մետրոպոլիտեն թանգարանում այն անցկացվեց մայիսի 2-ին ու կրում էր «Ոսկեզօծ գլամուր» խորագիրը: Ժյուրիի կազմում էին դիզայներ Թոմ Ֆորդը, Ինստագրամի ղեկավար Ադամ Մոսերին ու, ինչպես միշտ, Vogue-ի գլխավոր խմբագիր Աննա Վինտուրը, որը Chanel-ով էր:


Երեկոյի վարողներն էլ դերասան-ամուսիններ Բլեյք Լավլին ու Ռայան Ռեյնոլդսն էին, որոնց հաջողվեց միանգամից բոլորի ուշադրությունն իրենց վրա սեւեռել:

Թեեւ այս տարի Բլեյքն աղմկոտ ֆիլմեր ու պրեմիերաներ չէր ունեցել եւ ժամանակի մեծ մասն անցկացրել էր նորածին 3-րդ դստեր հետ, Վինտուրը հենց նրան էր տեսել հաղորդավարի դերում ու չէր սխալվել: Հոլիվուդի ամենագեղեցիկ զույգերից մեկն անկրկնելի էր:

Լավլին նախ Versace-ի զգեստով էր, րոպեներ անց պարզվեց, որ այն տրանսֆորմեր է ու լրիվ այլ տեսք է ստացել, հենց որ վրայի շերտն արձակվել է:



Երեկոյին գեղեցիկ, ճաշակով ու տարբերվող զգեստների պակաս չկար: Քիմ Քարդաշյանը ներկա էր Met Gala-ին իր նոր սիրեցյալի՝ Փիթ Դեւիդսոնի հետ: Նախորդ տարի Քիմն ամբողջությամբ սեւ էր կրում, փակել էր անգամ դեմքը:

Այս անգամ նա Մերիլին Մոնրոյի հայտնի փայլուն զգեստով էր, որը դերասանուհին կրել է 1962-ին՝ «Մեդիսոն Սքուեր Գարդեն»-ում, երբ տոնում էին ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդիի 35-ամյակը: Մոնրոն ուսերից ցած էր նետել սպիտակ մուշտակն ու գրավիչ ձայնով երգել «Happy Birthday, Mr. President»: Մոնրոն լուսարձակների տակ կանգնել էր մարմինն ընդգրկող ու 2500 փայլող բյուրեղներով զգեստով, որը 2016 թվականին աճուրդում վաճառվել է 5 մլն դոլարով:


Ասում են, որ Քարդաշյանը 7 կգ նիհարել է, որպեսզի կարողանա հագնել զգեստը: Իսկ երեկույթից անմիջապես առաջ շիկահեր է դարձել, որպեսզի կերպարն ավելի ամբողջական դառնա:


Նրա մայրը՝ Քրիս Ջենները, կրել է Oscar de la Renta-ի զգեստ, որով Ջեքի Քենեդին մեկնել է Կամբոջա: Առաջին անգամ Քարդաշյան-Ջեններ ընտանիքը Met Gala-ին ներկայացել է ամբողջ կազմով:


Երեկոյի գլխավոր գույնն, իհարկե, ոսկեգույնն էր: Շատերը տարվա թեման բառացիորեն էին ընկալել, դրա համար էլ կարմիր գորգը փայլել է ոչ թե տեսախցիկների լույսերից, այլ զգեստներին ամրացված փայլերից ու քարերից: Ամբողջովին ոսկեգույն են եղել մի շարք աստղեր՝ Քերի Մալիգանը, Քլոե Քարդաշյանը, Քարդի Բին, Ռեյչել Բրոսնահենը: Կարա Դելեւինն, օրինակ, որոշել էր ոսկեզօծել հենց մերկ մարմինը:


Որոշ հյուրեր էլ մի քիչ շեղվել են դրես կոդից, սակայն դա արել են բավական տպավորիչ՝ Իրինա Շեյքը, Նիկի Մինաժը, Բելլա Հադիդը կրել են իրենց նախընտրած զգեստները:


Զույգերով են Met Gala-ին եղել վերջերս ամուսնացած Բրուքլին Բեքհեմն ու Նիկոլա Պելտցը, փոքրիկի սպասող Ջո Ջոնասն ու Սոֆի Թյորները, Հյու Ջեքմանն ու Դեբորա-Լի Ֆյորնեսը, Իլոն Մասկն էլ ուղեկցել է մորը՝ հայտնի մոդել Մեյ Մասկին:


Բաց երանգներն են նախընտրել ու էլեգանտ տեսք ունեցել մոդել Միրանդա Քերը եւ Հայլի Բիբերը, դերասանուհիներ Էմմա Սթոունը, Լյուսի Բոյնթոնն ու Սիդնի Սուինին, երգչուհի Կամիլա Կաբելոն:


Ոմանք նախապատվությունը տվել են ամբողջությամբ վարդագույնին, մյուսներն էլ շատ կանացի հագուստներ են ընտրել, առանձնահատուկ ուշադրության են արժանի նաեւ տղամարդկանց կերպարները, որոնք եւս ամեն ինչ արել են տարբերվելու համար:


21 տարի անց Met Gala-ին ներկա է եղել նաեւ Հիլարի Քլինթոնը: 2001 թվականին նա նոր էր Նյու Յորքից սենատոր ընտրվել, երբ որոշեց մասնակցել երեկույթին: Այս անգամ Քլինթոնը Joseph Altuzarra-ով էր. դիզայները հարգանքի տուրք է մատուցում կանանց, որոնք իրեն ոգեշնչել են: Զգեստի վրա գրված են 60 կանանց անուններ, որոնց թվում՝ նաեւ Քլինթոնի մոր անունը:


Առաջին անգամ Met Gala-ն տեղի է ունեցել 1948 թվականին՝ նորաձեւության լրագրող Էլինոր Լամբերտի նախաձեռնությամբ: Սկզբում դրան ներկա էին լինում նորաձեւության աշխարհի հայտնի դեմքերը: Երբ 1972 թվականին Vogue-ի գլխավոր խմբագիր Դիանա Վրիլանդը դարձավ Կոստյումների ինստիտուտի նախագահ, այն մեծ ու նմանը չունեցող իրադարձության վերածեց:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին