×


«Կուլիսներում կամ թատրոնի անատոմիա»․ Կամերայինի նոր ներկայացումը բացահայտում է դերասանների կյանքը

Երեւանի կամերային թատրոնում որոշել են պատմել դերասանի անցած ճանապարհի, ունեցած դժվարությունների, արկածների եւ այն բոլոր կարծրատիպերի մասին, որոնց հանդիպում են նրանք դեռ փոքր հասակից՝ ընտրելով ապագա մասնագիտությունը։ Երիտասարդ դերասան, ռեժիսոր Դավիթ Աբրահամյանը նոր ներկայացում է հեղինակել ու բեմադրել՝ «Կուլիսներում կամ թատրոնի անատոմիա». BRAVO.am-ը ներկա է եղել առաջնախաղին, լուսանկարել է բեմում ու ետնաբեմում, ինչպես նաեւ զրուցել ներկայացման ռեժիսորի ու դերասանների հետ։

«Փորձել ենք ցույց տալ այն աշխարհը, որը հանդիսատեսի համար անծանոթ է՝ թատրոնի ներքին աշխարհը։ Այստեղ կան շատ կարեւոր շեշտադրումներ, նուրբ թեմաներ, որոնք կարմիր թելով անցնում են ներկայացման ընթացքում։ Դա ուժեղ, կայացած մարդու, միայնակ, բայց պայքարող մարդու գիծն է, հայրենիքը սիրող մարդու գիծը... Ու մենք՝ հինգ դերասաններով, փորձելու ենք բանաձեւ ցույց տալ, թե ինչպես հասնել հաջողության։ Ծանր զրկանքներ կրելով, փորձությունների միջով անցնելով՝ գալ հասնել մի կետի, որտեղ դու քեզ լիարժեք ու բավարարված ես զգում, սա է դերասանի կայացման ճանապարհը ոչ միայն թատրոնում, այլեւ կինոյում կամ այլ ուղղություններում։ Նպատակը հետեւյալն է՝ փորձել ցույց տալ նախապատմությունն այն վերջնարդյունքի, որ տեսնում է հանդիսատեսը»,- մեր զրույցում ասաց Դավիթ Աբրահամյանը։


Ներկայացման դերերում ընդգրկված են թատրոնի դերասաններ Մխիթար Ավետիսյանը, Սենիկ Բարսեղյանը, Ժորա Հովհաննիսյանը, Էվա Խաչատրյանը եւ ինքը՝ Դավիթ Աբրահամյանը։ Ռեժիսորն ասում է՝ պիեսը գրել է հենց այս դերասանների համար, նրանց պատմությունների հիման վրա․«Ինձ համար շատ կարեւոր էր, որ դերակատարները լինեին յուրօրինակ, առանձնացող անհատականություններ։ Փորձել եմ այնպես անել, որ ունենանք հինգ գունեղ պատմություն։ Չէ՞ որ մարդը գալիս է թատրոն՝ առաջին հերթին պատմություն լսելու, հուզվելու, ծիծաղելու, արտասվելու, ուստի շատ կարեւոր էր, թե մենք ինչ նյութ ենք ներկայացնում»։


Ինչ վերաբերում է ներկայացման մեջ նաեւ որպես դերասան ընդգրկված լինելուն, Դավիթը նկատում է՝ առաջին մասնագիտությամբ դերասան է, եւ իր մեջ երբեք չեն կարողանա սպանել այդ դերասանին, որքան էլ փորձեն․«Ամենափոքր դերն ունեմ այս ներկայացման մեջ։ Այնուամենայնիվ, այն հաճույքը, որ ստանում եմ խաղալիս, նույն կերպ չեմ ստանում բեմադրելիս, որովհետեւ բեմադրելիս ես քաշ եմ կորցնում, նյարդեր եմ ծախսում, էմոցիաներ եմ սպառում, իսկ խաղալիս դրանք ստանում եմ, միայն ստանում։ Կոնկրետ այս դեպքում ինձ համար ավելի բարդ էր բեմադրելը, քանի որ դերակատարներն ավելի շատ էին, նրանց առաջարկներն էլ էին շատ, իսկ ես այն ռեժիսորներից եմ, որ միշտ լսում է դերասանի առաջարկները, դա շատ կարեւոր է, որովհետեւ եթե դերասանն իրեն բեմում հարմարավետ չզգա, չի հաջողի»։


Քանի որ ներկայացումը պատմում է դերասանի կայացման ճանապարհի մասին, Սենիկ Բարսեղյանին հարցրինք, թե ինքը որքանով կա իր խաղացած կերպարում։ Խոստովանեց՝ ամբողջությամբ կա․«Գիտե՞ք ինչու, որովհետեւ երբ նման ձեւաչափով ներկայացում ես խաղում, դու ներկա ես սկզբից մինչեւ վերջ՝ բացառությամբ այն էտյուդային կտորների, որտեղ փորձել ես այլ ինչ-որ կերպարով հանդես գալ։ Բայց դա ոչ պակաս բարդ է, որովհետեւ ավելի բարդ է կյանքում կամ բեմում լինել ազնիվ դու, քան ներկայանալ ստեղծածդ կերպարում։ Իհարկե, եթե կերպարն էլ շատ հավաստի է ու ազնիվ, ֆանտաստիկ գլուխգործոց է դառնում։ Այս դեպքում Սենիկ անձի հեղինակն ինքս եմ, իրավունք չունեմ խաբել հանդիսատեսին։ Մյուս դեպքում էլ չունեմ, բայց այս դեպքում՝ առավել եւս»։


Իսկ ներկայացումը բեմում վերածվեց անկեղծ երկխոսության, հանդիսատեսը դարձավ գործող անձ ու մասնակից՝ լիաթոք ծիծաղով, զրույցներով, մտորումներով ու տխրությամբ, անգամ փոքրիկ գործողություններով։ «Կուլիսներում կամ թատրոնի անատոմիա» նոր կատակերգությունն արդեն թատրոնի խաղացանկում է, այնպես որ, դերասանները սպասում են իրենց հաջորդ զրուցակիցներին հանդիսատեսի շարքերում:

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին