×


«Արա Գեղեցիկը» սիրո եւ հայրենիքի մասին է. նոր ներկայացում «Պանդոկ Երեւան գետափին»-ում

Հայաստանում ռեստորանային ոլորտի առաջատար ընկերություններից 15-ամյա «Երեմյան Փրոջեքթսի» «Պանդոկ Երեւան գետափին» ռեստորանում բացի հայկական ազգային խոհանոցի ուտեստները վայելելուց, հյուրերը նաեւ հնարավորություն ունեն դիտելու երաժշտական պարային ներկայացումներ։ Հայկական ավանդազրույցների, պիեսների եւ էպոսների մոտիվներով բեմադրված ներկայացումները դարձել են ռեստորանի այցեքարտը, որոնք բացի տեղացիներից, տպավորում եւ գրավում են նաեւ զբոսաշրջիկներին, ճանաչելի դարձնում հայոց պատմությունը եւ դրա մասին խոսում յուրահատուկ ձեւով՝ արվեստի լեզվով։ Ռեստորանում գոնե մեկ անգամ եղած հյուրերը կմտաբերեն հատկապես «Հայկ եւ Բել» ներկայացումը։ Շուտով «Պանդոկ Երեւան Գետափին» ռեստորանի բացօթյա հատվածում տեղի կունենա հայկական նոր վիպերգի՝ «Արա Գեղեցիկ» երաժշտական ներկայացման պրեմիերան։

Ներկայացման մանրամասների մասին զրուցել ենք նախագծի պրոդյուսեր, ռեժիսոր Հրաչ Քեշիշյանի, ներկայացման բեմադրող-ռեժիսոր, խորեոգրաֆ, SWAG ART պարային ստուդիայի գեղարվեստական ղեկավար Հովհաննես Սարգսյանի, «Երեմյան Փրոջեքթս»-ի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Անահիտ Գեւորգյանի եւ գեղարվեստական ղեկավար Իրինա Վարդանյանի հետ։


««Արա Գեղեցիկը» դասական ներկայացում չէ». Հրաչ Քեշիշյան

«Առաջին անգամ «Արա Գեղեցիկը» 2007 թվականին ենք բեմադրել։ Ներկայացման դերասանական կազմը հավաքագրել էինք Հայաստանի գրեթե բոլոր թատրոններից։ Դա միանգամայն այլ մոտեցմամբ ու նպատակով բեմադրված ներկայացում էր, որում պահպանվել էին դասական թատրոնի բոլոր սկզբունքներն ու պահանջները։ Մինչդեռ այս մյուսը, որը բեմադրել ենք Հովհաննեսի հետ, պլաստիկ ու ոչ դասական ներկայացում է։ Ու որպեսզի ավելի տպավորիչ լինի, փորձել ենք լեգենդը միավորել պլաստիկայի հետ։ Սա շատ հետաքրքիր փորձառություն էր, որովհետեւ, իրականում, մեր առջեւ դրված խնդիրը հեշտ չէր։ Թատրոնում մենք երեք ժամ ունենք ներկայացման համար, իսկ այստեղ պետք է փորձենք ընդամենը 20 րոպեում հյուրին լիարժեք փոխանցել ամբողջ պատմությունն ու տրամադրությունը»։

«Արա Գեղեցիկ» ներկայացումը սիրո, հայրենիքի, գայթակղության եւ այդ գայթակղությունը հաղթահարելու կարեւորության մասին է, ասում են ներկայացման համահեղինակները։ Ներկայացման բեմադրող-ռեժիսոր, խորեոգրաֆ Հովհաննես Սարգսյանի խոսքով՝ «Հայկ եւ Բել» բեմադրության հաջողությունը պարտավորեցնում էր մեր պատմության հաջորդ դրվագները եւս ըստ արժանվույն ներկայացնել նույն ոճով ու ոգով, եւ այնպես անել, որ նոր բեմադրությունը գերազանցի բոլոր սպասելիքները:


«Մեր բեմադրությամբ «Արա Գեղեցիկը» փոքր-ինչ տարբերվում է դասականից, մասնավորապես՝ մենք փոխել ենք շեշտադրումները։ Պարային այս բեմադրության մեջ դոմինանտ է ոչ թե Արա Գեղեցիկ-Շամիրամ-Նուարդ այլ Արա Գեղեցիկ-թշնամի-հայրենիք եռանկյունին։ Ցանկացածն իր կյանքում ունենում է թուլության դրսեւորումներ, ու շատ ավելի կարեւոր է, որ յուրաքանչյուրը գիտակցի ու կարողանա ուղղել այն ամենը, ինչը տեղի է ունենում թուլության պատճառով. սա է հիմնական գաղափարը, որ ցանկացել ենք տեղ հասցնել։ «Արա Գեղեցիկ» լեգենդի ընտրությունը «Հայկ եւ Բել»-ից հետո պատահական չէր, քանի որ այն վերջինիս պատմական տրամաբանական շարունակությունն էր։ Իսկ գաղափարը եղել է դեռեւս երկու տարի առաջ՝ մինչեւ համավարակն ու պատերազմը։ Պատերազմից հետո ինչպես բոլորի, այնպես էլ ինձ համար վերաարժեւորման փուլ էր, եւ մեծ ցանկություն կար հանդիսատեսին ներկայացնել այնպիսի ներկայացում, որը կլիներ բոլորիս հույզերին ու էմոցիաներին համահունչ»,-ասում է Հովհաննեսը:

Հրաչ Քեշիշյանը հավելելով նշում է՝ «Արա Գեղեցիկն» այն հայկական լեգենդներից է, որի մասին արժե եւ պետք է խոսել, բեմադրել ու ներկայացնել հանրությանը, ինչու ոչ՝ նաեւ այս ժանրով ու ձեւաչափով։

«Բացի այն, որ ներկայացումը գեղեցիկ է, հետաքրքիր ու գրավիչ, կարծում եմ՝ այն հաջողելու է նաեւ թիմի շնորհիվ։ Ամբողջ թիմը՝ Հովհաննեսի գլխավորությամբ, շատ էներգիա, ջանք ու եռանդ է ներդնում այս ամենի մեջ, իսկ հանդիսատեսն այդ անկեղծությունը, միանշանակ, զգում է։ Մենք փորձել ենք այնպես անել, որ ներկայացումը համահունչ լինի ընդհանուր միջավայրին ու մարդկանց տրամադրությանը, որպեսզի ժամանցի տարբեր տեսակները միմյանց չխանգարեն, իսկ արտիստներն էլ կարողանան ցույց տալ իրենց տաղանդը եւ ունակությունները»։

Ներկայացման սցենարի հեղինակը Լեւոն Գալստյանն է, տեքստը կարդում է Խորեն Լեւոնյանը։ Պրոֆեսիոնալ պարողներ եւ սպորտսմեններ, ակրոբատներ եւ արտիստներ. «Արա Գեղեցիկ» երաժշտական պարային ներկայացման մեջ ընդգրկված է շուրջ 30 հոգանոց մեծ թիմ, իսկ բեմադրության մեջ ներառվել են հնարքներ ու մեթոդներ, որոնք Հայաստանում առաջին անգամ են կիրառվելու։

«Բեմում լինելու են ոչ թե միայն պարողներ, այլ արտիստներ։ Ունենալու ենք կրակով շոու, որում նոր էլեմենտներ ենք կիրառելու, անգամ պրոֆեսիոնալ սպորտային բատուտ ենք հավաքել։ Բեմադրության մեջ պարային գերակշռող ոճ չկա, այն ֆյուժն է՝ ժամանակակիցի, ազգայինի, հիփ-հոփի, դասականի եւ այլ ոճերի խառնուրդ»,- ասում է Հովհաննեսը։


«Ռեստորանային ոլորտում այսպիսի ձեւաչափերը հետաքրքիր մոտեցում են, երբ կարելի է ասել, որ ռեստորանը ստեղծում է հայկական մշակույթը հանրայնացնելու յուրահատուկ հարթակ»,- նշում է «Երեմյան Փրոջեքթս»-ի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Անահիտ Գեւորգյանը:

«Դեռեւս «Պանդոկ Երեւան» ռեստորանների ցանցի առաջին նախագիծը բացելու առաջին իսկ օրվանից էլ «Երեմյան Փրոջեքթս»-ի համար կարեւորագույն նպատակ եւ առաքելություն է եղել հայկական ազգային մշակույթն ու պատմությունը վերհանելը, ինքնատիպ եւ այլընտրանքային ներկայացնելն ու մշտապես գրավիչ մատուցելը, եւ դա անել ոչ միայն խոհանոցի եւ խոհարարական ավանդույթների միջոցով։ Երբ բացվեց «Պանդոկ Երեւան գետափինը», մենք մեկնարկեցինք երաժշտական եւ պարային ներկայացումների նոր ձեւաչափ, որում հայկական ավանդազրույցների եւ էպոսների վրա հիմնված ներկայացումներ էին մատուցվում մեր հյուրերին։ Բոլոր ներկայացումները շատ սիրվել են հյուրերի կողմից եւ սպասված են։ Մեզ համար շատ կարեւոր է հատկապես զբոսաշրջիկներին մեր մշակույթն ու պատմությունը ներկայացնելը, որպեսզի մեր ռեստորանի հյուրը զգա ու տեսնի հայկականությունն ամեն ինչում։ «Երեմյան Փրոջեքթսն» իր գործունեությամբ ներկայացնում է հայկական մշակույթն ամբողջությամբ՝ եւ՛ խոհանոցի, եւ՛ ազգային ավանդույթների, եւ՛ արվեստի այս ճյուղի միջոցով։ Սա հայկական մշակույթը եւ պատմությունն ավելի գրավիչ ու զանգվածային դարձնելու մեր մոտեցումն ու ռազմավարությունն է»,- ասում է Անահիտ Գեւորգյանը:


«Կարծում եմ՝ մենք կարողացել ենք ժամանակի ընթացքում կոտրել «ռեստորաններում շոու» ասվածի կարծրատիպը։ Այն հարթակը, որը ստեղծել է «Երեմյան Փրոջեքթսը», դարձել է հանդիսատեսի կողմից սպասված, միշտ նորը, լավն ու հետաքրքիրը ներկայացնող հարթակ։ Ուստի մեզ համար մեծ պատիվ է ելույթ ունենալ նման բեմերից ու մասնակցություն ունենալ այսպիսի նախագծերում»,- վերահաստատում է Հովհաննես Սարգսյանը։

«Երեմյան Փրոջեքթսի» գեղարվեստական ղեկավար Իրինա Վարդանյանն էլ նշել է. «Մեզ համար կարեւոր էր, որ նոր ներկայացումը լինի տրամադրություն ստեղծող ու փոխանցող, պատմություն, որտեղ կլինի սեր, հավատարմություն, հայրենիք, պատիվ եւ արժանապատվություն. այն, ինչ բնորոշ է հենց հայ ազգին։ «Երեմյան Փրոջեքթսի» համար որակն առաջնային է ամեն ինչում, ուստի այս դեպքում էլ ոչինչ չենք խնայել մեր հյուրերին զարմացնելու, նորն ու չկրկնվողը մատուցելու համար։ Այս ներկայացման ընթացքում ունենալու ենք լուսաձայնային հետաքրքիր շոու, տարբեր հնարքներ, որոնք միանգամայն նորություն են լինելու»։

«Արա Գեղեցիկ» պարային ներկայացման պրեմիերան տեղի կունենա մայիսի 13-ին, ժամը 21:20-ին:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին