×


«Երաժշտությունը համախմբում է մարդկանց». Ջոշուա Բելլը՝ երեւանյան համերգի, ֆիլհարմոնիկի եւ միշտ սովորելու մասին

Ամերիկացի հանրահայտ ջութակահար, «Գրեմմի» մրցանակակիր Ջոշուա Բելլն առաջին անգամ ելույթ է ունեցել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ: «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի ունեցած համերգային երեկոն ղեկավարել է ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը: Անդրադառնալով համագործակցությանը՝ Թոփչյանը BRAVO.am-ին պատմել է, որ վերջին տարիներին շատ է ցանկացել Բելլի հետ համատեղ համերգ ունենալ:

«Նա բացառիկ երեւույթ է երաժշտական աշխարհում: Իր երաժշտությունը յուրահատուկ է ինձ համար: Ժամանակին ԱՄՆ-ում համատեղ ելույթի առիթ կար, բայց չստացվեց: Այս համերգն էլ արդեն մի քանի տարի է՝ պլանավորված էր: Շատ ուրախ եմ եւ հենց առաջին փորձի ընթացքում արդեն հասկացա, թե ինչքան լավ բան է տեղի ունեցել: Մեծանուն շատ երաժիշտներ կան, հիանալի համերգներ են լինում, բայց Բելլը բացառիկ է, նրա երաժշտությունն ուրիշ գույն ունի: Երաժշտասեր հասարակության համար աշխարհի ամենալավ ջութակահարներից մեկին Բեթհովենի Ջութակի կոնցերտով լսելը մեծ նվեր է: Հատկապես այս շրջանում նման համերգները միակ դեղամիջոցն են մարդկանց համար»,-ասել է Թոփչյանը՝ հավելելով, որ երաժշտությունը կարող է համախմբել մարդկանց:


Ջոշուա Բելլը համագործակցել է համաշխարհային ճանաչում ունեցող բազմաթիվ արվեստագետների՝ Ռենե Ֆլեմինգի, Սթինգի, Ջոշ Գրոբանի, Չիկ Կորեայի, Բրանդֆորդ Մարսալիսի, Էդգար Մեյերի եւ այլոց հետ: 2013թ.-ին Academy of St Martin in the Fields նվագախումբը, Բելի ղեկավարությամբ, առաջին անգամ թողարկել է Բեթհովենի թիվ 4 եւ 7 սիմֆոնիաները, որը Billboard-ի ցանկում գրավել է առաջին հորիզոնականը:

Հայաստանյան համերգից առաջ Բելլը նշել է՝ հրաշալի նվագախումբ ունենք. «Փորձերի ընթացքից եմ գոհ, կարծում եմ՝ հրաշալի համերգ կլինի։ Նվագախմբի հետ համագործակցությունը հեշտ է ստացվել, քանի որ երաժիշտները շատ արագ են արձագանքել բոլոր այն երաժշտական պահանջներին, որ ես ցանկացել եմ: Շատ կարեւոր է ինձ համար նաեւ լավ մարդկանցով շրջապատված լինելը: Յուրաքանչյուր համագործակցության ժամանակ միշտ սովորում եմ, փորձում եմ լինել ավելի լավը, միշտ ուսանողի նման եմ»։


Պատերազմներով լի այս դժվար ժամանակներում երաժշտության դերի մասին խոսելիս Ջոշուա Բելլը համակարծիք էր մաեստրո Թոփչյանի հետ. «Հատկապես հիմա կարեւորում եմ բարձր արվեստի դերը, քանի որ այն օգնում է մեզ պահպանել մարդկային հատկությունները, ավելի հեշտությամբ դիմագրավել դժվարություններին ու անցնել դրանց միջով: Երաժշտությունը համախմբում է մարդկանց՝ նրանց սրտերը լցնելով ջերմությամբ, սիրով եւ դրական զգացումներով»։


Հանդիսատեսին առաջիկայում էլ սպասվում են հետաքրքիր համերգային երեկոներ, իսկ մինչեւ տերեվերջ լույս կտեսնի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի՝ Բեթհովենի սիմֆոնիաներից բաղկացած ձայնասկավառակը: Թոփչյանի խոսքով՝ ներկա պահին արդեն վեց սիմֆոնիա ձայնագրվել է:

Տեքստը՝ Արմինե Բրսոյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Հրանտ Մարինոսյանի/Bravo.am/ եւ Ֆիլհարմոնիկ նվագախմբի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին