×


«Եվրատեսիլ 2022»-ում հաղթեց Ուկրաինան

Թուրինում կայացած «Եվրատեսիլ 2022» երգի միջազգային մրցույթում, որտեղ մեր երկրի պատվիրակը՝ Ռոզա Լինը, ներկայացավ իր հեղինակային «Snap» երգով, քիչ առաջ ամփոփվեցին եզրափակիչ փուլի արդյունքները։

Քվեարկելու հնարավորություն ունեին մասնակից բոլոր 40 երկրները։ Այս տարի ամփոփիչ փուլում հաղթանակի համար պայքարում էր 25 երկրի ներկայացուցիչ, իսկ մրցույթի հաղթողը որոշվեց ազգային ժյուրիների եւ հեռուստադիտողների քվեարկության արդյունքում՝ 50/50 հարաբերակցությամբ: Հայաստանից Ռոզա Լինի օգտին քվեարկել հնարավոր չէր՝ ըստ մրցույթի կանոնների։


Այդպիսով՝ առաջին հորիզոնականում 631 միավորով ուկրաինական Kalush Orchestra-ն է՝ Stefania երգով, երկրորդում՝ Միացյալ Թագավորության պատվիրակը (466 միավոր), իսկ առաջատարների եռյակը եզրափակում է Իսպանիայի մասնակիցը(459 միավոր):


Հայաստանն ազգային ժյուրիի քվեարկությամբ իր առավելագույն 12 միավորը շնորհեց Իսպանիային, 10 միավոր՝ Իտալիային, 8 միավոր՝ Պորտուգալիային, 7 միավոր՝ Ֆրանսիային, 6 միավոր՝ Ուկրաինային, 5 միավոր՝ Շվեդիային, 4 միավոր՝ Նիդերլանդներին, 3 միավոր՝ Էստոնիային, 2 միավոր՝ Հունաստանին, 1 միավոր՝ Մոլդովային:

Հայաստանի ժյուրիի կազմում էին Հանրային հեռուստաընկերության գործադիր պրոդյուսեր, ռեժիսոր Արշալույս Հարությունյանը, երգիչ Էրիկ Կարապետյանը, «Եվրատեսիլ 2019»-ում Հայաստանի պատվիրակ Սրբուկը, երգահան Լիլիթ Նավասարդյանը եւ պարուհի Վիկտորյա Մարտիրոսյանը: Քվեարկության արդյունքները հայտնեց Գարիկ Պապոյանը:



«Եվրատեսիլ 2022»-ում Հայաստանը զբաղեցրել է 20-րդ հորիզոնականը՝ 61 միավորով: Ժյուրիի կողմից մեր պատվիրակ Ռոզա Լինը ստացել է 40, իսկ հեռուստադիտողների կողմից՝ 21 միավոր:

Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը ֆեյսբուքյան պաշտոնական էջում շնորհակալություն է հայտնել Ռոզա Լինին՝ մրցույթում Հայաստանը պատվով ներկայացնելու համար:


Ըստ մրցույթի կանոնների՝ «Եվրատեսիլը» հաջորդ տարի կանցկացվի Ուկրաինայում:

Տեքստը՝ Աստղիկ իսկանդարյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին