×


Ինչպես արթնացնել սերը. Մնջախաղի թատրոնի նոր ներկայացումն ու ռեժիսորի խոստովանությունը

Դրական հույզեր պարգեւելու նպատակով Երեւանի մնջախաղի թատրոնում վերաբեմադրվել է «Ինչպես նկարել թռչուն» ներկայացումը: Հեղինակը եւ բեմադրող ռեժիսորը Ժիրայր Դադասյանն է, համառեժիսորն է Իննա Հախնազարյանը։ BRAVO.am-ի հետ զրույցում Ժիրայր Դադասյանը պատմել է, որ Ժակ Պրեւերի բանաստեղծությունների հիման վրա այս ներկայացումը բեմադրել էր դեռեւս 25 տարի առաջ։

«Գեղարվեստի ակադեմիայի շենքից դուրս գալուց հետո դժվար էր վերականգնել այնպիսի ներկայացումներ, որոնք այդ բեմի համար էին արված, ու այս ներկայացումն էլ չխաղացինք։ Մշտապես հետոյի թողնված այս գործը վերաբեմադրելու առաջարկն արեց դերասանուհի Իննա Հախնազարյանը, նրա առաջարկն էր ուսանողների հետ աշխատել: Մտածեցի՝ ինչո՞ւ ոչ, փորձենք: Լավ գաղափար է. երիտասարդները հնարավորություն ստացան վարպետության առաջին քննությունն անցնել պրոֆեսիոնալ բեմում»,-նշել է Դադասյանը։


Իննա Հախնազարյանը Մնջախաղի թատրոնի դերասանուհի է, նաեւ դասավանդում է ԵԹԿՊԻ-ում: Ասում է՝ բեմադրությամբ ցանկանում են հիշեցնել, որ կյանքի շարժիչ ուժը սերն է, որն ունի տարբեր դրսեւորումներ։ Երբ նա դիտել է «Ինչպես նկարել թռչուն» ներկայացումը, սիրահարվել է մնջախաղին:

«Ուրախ եմ, որ Ժիրայր Դադասյանը վստահեց ինձ վերականգնել ներկայացումը: Ցավալի էր, որ երկար տարիներ այն դուրս էր մնացել խաղացանկից: Աշխատանքի ընթացքում հասկացա՝ նոր ներկայացում բեմադրելն ավելի հեշտ է, քան բեմադրված գործը վերականգնելը: Դերասանների կազմը նոր է, եւ նրանք եւս իրենց լուծումներն են առաջարկել, ինչի արդյունքում որոշ տեսարաններ ամբողջությամբ փոփոխվել են»,-նշել է Հախնազարյանը:


Բեմում հանդես են գալիս Տոնի Համզոյանը, Ալինա Մարաբյանը,  Խաչիկ Դարբինյանը եւ Անժելա Պողոսյանը: Տարիներ առաջ գլխավոր հերոսին մարմնավորել է հենց Ժիրայր Դադասյանը, քանի որ այդ դերի համար իր ընտրած դերասանը մեկնել էր երկրից։ Երաժշտական ձեւավորումը հիմնականում պահպանվել է նախորդ բեմադրությունից, շատ չնչին նորամուծություններ են արվել։

Հարցին՝ դժվար չէ՞ պոեզիան վերածել մնջախաղի, Դադասյանն ասել է.«Մնջախաղը պոետիկ, խորհրդանշական լեզու է, մյուս կողմից էլ թատրոն է՝ կա պահանջ, որ լինի որեւէ պատմություն։ Պետք է խոստովանեմ՝ շատ ծանր ու դժվար աշխատանք է, այլ դեպքում մենք հիմա մնջախաղ բեմադրողներ շատ կունենայինք: Բայց եթե սիրում ես, նվիրվում ես, լավ արդյունք է լինում»։


«Ինչպես նկարել թռչունը» ոչ այնքան սիրո մասին է, այլ՝ սիրո համար: Դադասյանի խոսքով՝ երբեմն զգացմունքները բթացած են մարդկանց մեջ.«Հիմա մենք փորձում ենք այդ թրթիռն արթնացնել՝ գեղեցիկը տեսնելու, թռչուններին լսելու, երկնքին նայելու: Հատկապես հիմա կա դրա պահանջը, գուցե եւ վաղուց: Պետք է միշտ այդ մասին խոսվի տարբեր ձեւերով՝ մետաֆորիկ պատկերներով, թատրոնով, երաժշտությամբ, գեղանկարչությամբ ու այլ միջոցներով»։


Երեւանի Մնջախաղի թատրոնում հիմա ստեղծագործական բուռն ընթացք է, նոր ներկայացումներից զատ կան տարբեր փառատոնների մասնակցության հրավերներ։ Առաջիկայում նրանք կմեկնեն Ռուսաստանի Սերգիեւ Պոսադ քաղաք` մասնակցելու «У Троицы» միջազգային թատերական փառատոնին։

Տեքստը՝ Արմինե Բրսոյանի/Bravo.am/
Լուսանկարները` Հովհաննես Հովհաննիսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW