«Արմմոնո» հոբելյանական 20-րդ թատերական փառատոնի ընթացքում այս ամիս Երեւանում ցուցադրվել է 27 մոնոներկայացում, որից 9-ը՝ միջազգային ծրագրում։ Փառատոնի մեկնարկը տրվել է մայիսի 17-ին՝ Ֆրանսիս Պուլենկի «Ձայն մարդկային» մոնոօպերայով՝ ըստ Ժան Կոկտոյի համանուն պիեսի։ Հերոսուհուն մարմնավորել է Օպերային թատրոնի մեներգչուհի, մեցցո-սոպրանո Վարսենիկ Ավանյանը։
Միջազգային ծրագրում հանդես են եկել Ալեքսանդրաս Ռուբինովասը՝ «Իմ հայրը» (Լիտվա), Ելենա Դուդիչը՝ «Ռոմեո եւ Ջուլիետ կամ․․․» (Ուկրաինա), Մենտոր Զիմբարայան՝ «Համլետի երազները» (Ալբանիա), Մատեուշ Նովակը՝ «Զոհաբերություն» (Լեհաստան), Ալեքսանդր Ալադիշեւը՝ «Ծիծաղելի մարդու երազը» (ՌԴ), Դեսպինա Սարաֆիդուն՝ «Մեդեա» (Հունաստան), Իրինա Մեգվինետուխուցեսին՝ «Հրեշտակի տիկնիկը» (Վրաստան) մոնոներկայացումներով:
Դերասան Ալեքսանդր Ալադիշեւը խոստովանել է, որ կարդալով «Ծիծաղելի մարդու երազը» պատմվածքը՝ սկսել է այլ կերպ ընկալել Դոստոեւսկուն.«Այն ամենն, ինչ Դոստոեւսկին գրել է այդ պատմվածքում, ասես մանիֆեստ լինի այն մասին, թե ինչպես է հնարավոր ապրել այս աշխարհում եւ լինել երջանիկ: Ինձ համար դա բացահայտում էր»:
Վերադառնալով ներկայացմանը՝ Ալադիշեւը նշել է՝ իրենց ուղերձն այն մասին է, որ մարդը կարող է ավելի լավը դառնալ, ինչն ուտոպիա չէ: «Մոնոներկայացումը հրաշալի հնարավորություն է տալիս անուղղակիորեն խոսելու ամենակարեւոր բաների մասին: Երբ բեմ ես դուրս գալիս, ընկնում ես այլ էներգետիկ աշխարհ, որտեղ ամեն ինչ հնարավոր է: Բեմում կարելի է հասնել կատարելության, լիարժեք երջանկության»,- փաստել է դերասանն ու հավելել՝ ուրախ է, որ «Արմմոնոյի» շրջանակում երկրորդ անգամ հանդես է գալիս Հայաստանում, որտեղ վերադառնալիս ասես թանկագին մարդկանց մոտ գաս:
Տեղական ծրագրում ներկայացել են ՀՀ վաստակավոր արտիստ Նարինե Գրիգորյանը՝ «Գոմեշը», ՀՀ վաստակավոր արտիստ Ռոբերտ Հակոբյանը՝ «Վերհիշիր անունը քո», Արմեն Քուշքյանը՝ «Համլետի երազները», Գոռ Համբարձումյանը՝ «MENախոսություն» մոնոներկայացումներով:
Այս տարի «Արմմոնո» փառատոնը շեշտադրել էր բացառապես հայ հեղինակների գործեր՝ Ե․ Չարենց, Հ․ Մաթեւոսյան, Պ․ Զեյթունցյան, Ա․ Պաչյան եւ այլն, որոնք ցուցադրվել են տարբեր փորձարարական թատերական հարթակներում։
Դերասան Արմեն Քուշքյանը ներկայացրել է Նինա Մազուրի պիեսի հիման վրա բեմադրված «Համլետի երազները» մոնոներկայացումը, որի ռեժիսորը ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանն է: Բեմադրելու առաջարկը Նինա Մազուրինն է եղել: Ընտրել են հենց այդ գործը, քանի որ այն հետաքրքիր շեշտադրումներ ունի: «Շեքսպիրի Համլետի հարցը հետեւյալն էր. «Լինե՞լ, թե՞ չլինել», իսկ Մազուրն այլ տեսանկյունից է մոտենում խնդրին՝ լինե՞լ բոլորի նման, թե՞ չլինել բոլորի պես. ինչպե՞ս կվարվեր Համլետն այդ դեպքում»,- ասում է դերասանը:
Հոբելյանական «Արմմոնո»-ն փակվեց ՀՀ վաստակավոր արտիստ Սամվել Բաղինյանի «Ասպետական ռապսոդիա» (Ե. Չարենց) ներկայացմամբ:
Անդրադառնալով «Արմմոնո»-ի ձեռքբերումներին՝ փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը նշել է, որ մոնոներկայացումը սիրվեց հանդիսատեսի կողմից, նոր ներկայացումներ ստեղծվեցին, դրանք Հայաստանից դուրս հաջողություններ ունեցան:
Փառատոնի բացման արարողությանը մի խումբ թատերական գործիչներ պարգեւատրվել են «Արմմոնո XX» հուշամեդալով, որը թողարկվել է այս տարի։ Առաջին հուշամեդալը ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանին է շնորհվել՝ փառատոնի հիմնադրին:
Փառատոնն անցկացվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ:
Տեղեկատվությունը եւ լուսանկարները՝ «Արմմոնո» փառատոնի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: