×


Ժամանակակից արվեստի գործերը՝ երեւանյան Armenia Art Fair-ում

Հանգստյան օրերին մեր մայրաքաղաքն արվեստաշատ է եղել․ «Երեւան էքսպո» կենտրոնում անցկացվել է «Armenia Art Fair» ցուցահանդես-տոնավաճառը, որը կարող եք այցելել նաեւ այսօր: Հայաստանից, ԱՄՆ-ից, Լիբանանից, Իրանից, Գերմանիայից, Ռուսաստանից, Ֆիլիպիններից, Հորդանանից եւ շատ այլ երկրներից ավելի քան 35 պատկերասրահի 120-ից ավելի ստեղծագործողներ ու համադրողներ մասնակցում են Հայաստանում անցկացվող արվեստի տոնավաճառին։

Armenia Art Fair-ի հիմնադիրներն այսպիսով յուրօրինակ հարթակ են ստեղծել կայացած պատկերասրահների եւ նոր անունների, խելամիտ գնով բարձրորակ արվեստ գնել ցանկացողների համար, ինչպես նաեւ հավաքորդների ու հանրության համար բաց եւ դինամիկ միջավայր ստեղծելու համար։


Միջոցառման համահիմնադիրներ Նինա Ֆսթքչյանն ու Զառա Ուզունյան-Հալփինը մայիսի 27-ին տեղի ունեցած բացմանը շնորհակալություն հայտնեցին ներկաներին՝ Հայաստանը տարածաշրջանային արվեստի կենտրոն դարձնելու իրենց տեսլականը կիսելու համար՝ ընդգծելով, որ փորձել են ներգրավել արվեստագետների ոչ միայն Հայաստանից, այլեւ ամբողջ աշխարհից:


«Մենք վստահ ենք, որ Հայաստանը տարածաշրջանում ժամանակակից արվեստի բուտիկ-կենտրոն դառնալու հսկայական ներուժ ունի։ Բացի ոգեւորիչ ու հետաքրքիր ծրագրից, որ մենք ստեղծել ենք շատ տաղանդավոր անհատների, արվեստի աշխարհի ներկայացուցիչների հետ, այս տարի նաեւ տարածաշրջանում առաջինը NFT հարթակ ենք ստեղծում։ Տարիներ առաջ սկսելով այս ճամփորդությունը՝ մենք շատ ծրագրերի մասին էինք մտածում եւ Հայաստանում արվեստը միջազգային մակարդակի բարձրացնելու շատ մեծ հույսեր ունեինք։ Բոլորիդ օգնության ու նվիրվածության շնորհիվ մենք կարողացանք հասնել մեր նպատակներին»,- ոգեւորությամբ նշեց Ֆսթքչյանը։


Armenia Art Fair-ը միայն արվեստի ցուցահանդես-վաճառք չէ, այն ներառում է նաեւ սեմինարներ, հանդիպում-քննարկումներ, գրքի շնորհանդես եւ այլ միջոցառումներ։ Եռօրյա ցուցահանդեսում ներկայացված են ժամանակակից արվեստի գործեր՝ ներառյալ գեղանկարչություն, քանդակ, լուսանկարչություն եւ ինստալացիոն արվեստ։ Այս տարվա քննարկման հիմնական թեմաներն են՝ արվեստի իրական եւ վիրտուալ գործերի միջեւ գնային տարբերությունները, ապագայում ավելի մեծ հետաքրքրություն ստեղծելու ներուժ ունեցող վիզուալ արվեստը, մշակութային կայունության հիմնական բաղադրիչները: Մասնակիցները առաջատար գալերիստների եւ դիլերների հետ քննարկումներում փորձում են հասկանալ՝ ինչն է ավելի լավ՝ լինել արվեստի դիլե՞ր, թե՞ արվեստի միջնորդ:


Մասնակիցներն ուսումնասիրում են անալոգայինի եւ թվայինի, տեսողական պատկերների, նյութի, ձայնի եւ տեխնոլոգիայի խաչաձեւումները ժամանակակից արվեստի պրակտիկայում: 2022 թվականին Armenia Art Fair-ի ուշադրության կենտրոնում է NFT-ն եւ արվեստի թվայնացումը ինչպես պետական, այնպես էլ մասնավոր ոլորտներում եւ դրա ազդեցությունը արվեստի զարգացումների վրա: Քննարկման մասնակիցներն են գրող եւ համադրող Ռադեշ Սիդհուն, արվեստի դիլեր Անդրեաս Սանդրին եւ Artfacts.net-ի տնօրեն Մարեկ Կլաասենը:


Միջոցառման հանրային կապերի պատասխանատու Սառա Խոջոյանը BRAVO.am-ի հետ զրույցում ընդգծեց, որ բացի ֆիզիկական ներկայությունից ու ցուցադրություններից, Armenia Art Fair-ը մասնակիցներին հնարավորություն է ընձեռել մայիսի 25-ից հունիսի 8-ը ներկայանալ նաեւ արվեստի գործերի առքուվաճառքի ամենամեծ առցանց հարթակում՝ Artsy-ում, որն օրական միլիոնավոր դիտումներ ու այցելություններ ունի։ Խոջոյանը նկատում է, որ սա ժամանակակից ստեղծագործողների համար լավ հնարավորություն է ոչ միայն վաճառքներ ապահովելու, այլեւ այստեղ ցուցադրված լինելու առավելությունն օգտագործելու հետագայում այլ հարթակներում ներկայանալիս։

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին