×


Երեխաների պաշտպանության օրը՝ Ֆիլհարմոնիկի հետ

Հունիսի 1-ին Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա առթիվ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը մեր սիրելի փոքրիկների համար հանդես եկավ «ՄուլտՖԻԼմ» խորագրով համերգային ծրագրով:

«Արամ Խաչատրյան» համերգասրահի բակում եւ ճեմասրահում երեխաներին դիմավորեցին ծաղրածուները, մուլտֆիլմերի հերոսները, որոնք խաղերով զվարճացրին փոքրիկներին: Նախագծին միացել էին նաեւ Դիլաքյան եղբայրները՝ «Գտնված երազ» բացօթյա ցուցադրությամբ:


Բեմում էր Ֆիլհարմոնիկի հեքիաթային նվագախումբը, որն իր կախարդական փայտիկով ղեկավարեց դիրիժոր Կարեն Դուրգարյանը (Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր):


Մաեստրո Դուրգարյանը համերգից առաջ մեզ հետ զրույցում նշեց, որ Ֆիլհարմոնիկ նվագախումբը տարվա ընթացքում միշտ ուշադրության կենտրոնում է պահում երեխաներին՝ կազմակերպելով տարբեր համերգներ եւ միջոցառումներ, բայց այս օրը հատկապես տոնական է երեխաների համար, եւ փորձել են Ֆիլհարմոնիկի հետ հատուկ ծրագիր ներկայացնել: Նա նշեց, որ դասական համերգները երեխաների համար թե՛ կրթական են, թե՛ ժամանցային, եւ իրենք ամեն ինչ անելու են, որ համերգից հետո տեսնեն երեխաների երջանիկ ժպիտները, թեեւ այդ ժպիտը մենք պարտավոր ենք տեսնել ամեն օր:


Համերգին հնչեցին մանկական սիրված ֆիլմերի եւ մուլտֆիլմերի մեղեդիներ՝ «Հարրի Փոթեր», «Աստղային պատերազմներ», «Կարիբյան ծովի ծովահեններ», «Առյուծ արքա» եւ այլն, մեծ էկրանին ցուցադրվեց դիտարժան անիմացիա:


Այդ օրը Ֆիլհարմոնիկը մարզերից բարեգործական հիմունքներով հյուրընկալեց զոհված զինծառայողների, տարհանված արցախցիների եւ մայրաքաղաքի հատուկ կարիքներ ունեցող մոտ երկու հարյուր երեխաների:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին