×


Դավիթ Հակոբյան. «Տեսակի գիտակցություն չունեցողը դառնում է վտանգավոր մարդ»

Վաստակավոր արտիստ, Սոս Սարգսյանի անվան համազգային եւ Հենրիկ Մալյանի անվան թատրոնների դերասան, բեմադրիչ Դավիթ Հակոբյանի հետ հանդիպմանն անհամբեր էի սպասում: Գիտեի, որ անչափ հետաքրքիր է լինելու, բայց չէի սպասում, որ զրույցը երկու մասից է բաղկացած լինելու:

Երբ Համազգային թատրոնում համարյա ոչ ոք չկար, միայն կողքի սենյակում փորձ էր ընթանում, մենք BRAVO.am-ի համար խոսում էինք աշխարհից ու բնությունից, մարդկանց անկատարությունից ու պատերազմներից, թատրոնի առեղծվածից ու թոռներից:

- Պարոն Հակոբյան, առաջին հարցի ընտրությունը թողնում եմ Ձեզ: Ինչի՞ մասին կուզեք սկսենք մեր զրույցը:

- Այնքան բարդ ժամանակներ են, շատ անհանգիստ եմ երկրի համար: Իսկ եթե այդ տեսանկյունից մտահոգ ես, մնացած ամեն ինչը երկրորդ պլան է մղվում: Տագնապ ու վախ կա մեջս:

- Իսկ աշխատելիս դա չի՞ խանգարում, թե՞ կարողանում եք մի կողմ դնել:

- Խանգարում է: Ճիշտն ասած՝ երբեմն ուրախանում եմ, երբ գործի են կանչում. ուղեղս գոնե մի քիչ ցրվում է: Ոչ մի բան հնարավոր չէ անել, երբ տագնապալից ու տխուր վիճակ է:

- Ձեր զբաղվածությունը հիմա ինչպիսի՞ն է:

-Դե, ուսանողների հետ ավարտական կուրսային աշխատանք ենք անում, տարբեր պատճառներով երբեմն չի ստացվում բոլորին իրար գլխի հավաքել: Նկարահանումներ ու ձայնագրություններ ունեմ, որոնք հիմա ավելի քիչ են, քան սովորաբար: Երկու թատրոնում եմ աշխատում, զբաղվածություն ամեն դեպքում կա:

- Իսկ ընտանիքին որքա՞ն ժամանակ եք հասցնում տրամադրել:

- Երեւի թե ամենաքիչն ընտանիքին եմ կարողանում ժամանակ հատկացնել, ինչն աններելի է: Միշտ ընտանիքն է տուժում, բայց ստեղծագործելու ուրիշ ձեւ չկա:

Դավիթ Հակոբյանը եւ Հասմիկ Բաբայանը


- Կարեւորը ոչ թե միասին անցկացրած ժամերն են, այլ թե որքան արդյունավետ ենք դրանք օգտագործվում: Պարտադիր չէ միշտ իրար կողքի լինել:

- Այո, մի տարիք է գալիս, որ հասկանում ես՝ ամենակարեւորն ընտանիքն է, մեղքի զգացում ես ունենում, որ նրան քիչ ժամանակ ես տրամադրել, բայց մյուս կողմից էլ մտածում ես՝ ճիշտ ձեւը երեւի հենց դա է: Եկեք արթնանանք ու առավոտից երեկո մեզ նվիրենք ընտանիքին, այդպես չի լինում: Երբեմն շատ բան հորինում եմ, զբաղմունք գտնում, քանի որ միայն թատրոնը թույլ չի տալիս ֆինանսապես ապահովել ընտանիքին: Մի քիչ ամոթ է մեր տարիքում դատարկ գրպանով տուն գնալ: Միշտ է ամոթ եղել. Հրանտ Մաթեւոսյանի «Ծառերը» բեմադրելիս մի նախադասություն կար, որ անպայման ուզեցի տեղավորել ներկայացման մեջ: Կինը երեխային դաստիրակում է, ամոթանք տալիս թուլության եւ վախկոտության համար ու ասում.«Ամոթ է, տղամարդը դատարկ ջեբով կնկա ծոցը չի մտնի»:

- Վերջերս «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմի համար լավագույն կինոդերասանի մրցանակի արժանացաք: Երբեւէ հաշվե՞լ եք՝ որքան մրցանակներ ունեք, ու դրանք ի՞նչ են նշանակում տարբեր տարիքում:

- Հատուկ չեմ հաշվել, բայց շատ տարբեր ու միջազգային մրցանակներ են եղել, Արտավազդներ, կինոյից մրցանակ չունեի, այն էլ ստացա: Հաճելի է, պարտավորեցնող եւ ուրախալի: Բայց մտածում ես, որ դա չի կարեւոր, որովհետեւ բազմաթիվ արվեստագետներ հանճարեղ ստեղծագործություններ ունեն, բայց մնացել են անմրցանակ: Եթե իմ մրցանակները դնեմ նրանց չստացածների կողքին, երեւի թե անարժեք կդառնան: Կարեւոր է, թե քո աշխատանքը որքանով է որեւէ գաղափարի նպաստել: Այս իմաստով իմ խիղճը մի քիչ հանգիստ է. եթե միջազգային մրցանակ եմ ստացել, նշանակում է՝ օգնել եմ մեր տեսակը դրսի արենայում ցուցադրել: Այս ֆիլմի մրցանակի համար էլ շատ ուրախ եմ: Այն Արցախի օդանավակայանի մասին է, նկարահանել ենք վայրերում, որոնք հիմա մեր հսկողության տակ չեն: Մի տեսակ տխուր մարգարեություն կա ֆիլմում. ամբողջ ընթացքում օդում կախված էր պատերազմի հոտը:

- Հիմա էլ վտանգը կա, կարծես հանդարտվել է՝ հետագայում նորից բռնկվելու համար:

- Ընդհանրապես որեւէ պատերազմ երբեք չի ավարտվում ո՛չ Եվրոպայում, ո՛չ էլ ամբողջ աշխարհում: Պատերազմներն անդադար են, պարզապես պետք է կարողանալ խելացի ու ճկուն լինել, բնության մեջ էլ է այդպես՝ միշտ ուժեղն է գոյատեւում: Բայց կենդանական ու բուսական աշխարհում որեւէ տեսակ անհետանում է միայն բնական աղետների եւ տիեզերական փոփոխությունների շնորհիվ:

Դավիթ Հակոբյանը


- Բիզոնների անհետացման հարցում անմիջական մասնակցություն ունեցան մարդիկ:

- Մարդկանց միջամտությունն արդեն համարում եմ վտանգավոր, դա էլ բնական աղետ չէ, այլ՝ գիտակցված: Վագրն արդեն քանի հարյուր հազար տարի է՝ եղնիկին ուտում է, եղնիկն էլ՝ խոտը, բայց ո՛չ եղնիկն է պակասում, ո՛չ խոտը, ո՛չ էլ վագրը: Դաժան է, բայց տեսակի կռիվ է: Որտեղ մարդը քիթը խոթում է, կա՛մ վագրն է պակասում, կա՛մ էլ եղնիկը: Եթե տարածքները ճիշտ տեղաբաշխենք, բոլորին կհերիքի: Բայց մարդն անկատար է ու դեռ չի տեղավորվում այդ ամենի մեջ:

- Իսկ ի՞նչ է ուզում մարդը՝ նոր տարածքնե՞ր, հողե՞ր, թե՞ հոգեւոր արժեքներ:

- Աշխարհը մարդու տունն է, նա՝ երկրի քաղաքացին: Աստված տեսակի վերացման խնդիր չի դնում: Նա ինչո՞ւ ստեղծեց բազմաթիվ տեսակի ծաղիկներ, մի կատարյալ ծաղիկ կարարեր ու կպրծներ, նույնն էլ մարդկանց դեպքում է: Այն, ինչ կատարյալ կոդավորված է կենդանական աշխարհում, մարդու դեպքում չկա, դրանով է նա տարբերվում: Միայն մարդն է, որ ներդաշնակ չէ նախ ինքն իր հետ, այլապես շատ հարցեր կլուծվեին: Հենց դրա համար են ժողովուրդներն ու պետությունները կռվում իրար հետ:

- Պարզապես մարդը եղածով չի բավարարվում, ինքն էլ չգիտի՝ ինչ է ուզում, ու փորձում է այդ բացը տարբեր կերպ լրացնել:

- Քաղաքակրթությունը հետաքրքիր է նրանով, որ հասնում է իր զարգացման գագաթնակետին ու սկսում է ծայրահեղությունների գնալ, դա էլ կործանում է նրան: Եթե եգիպտական հասարակությունը չհասներ իր գագաթնակետին, ոչինչ չէր կարող նրան ոչնչացնել: Թվում է՝ ժողովուրդների տեղաշարժը լավ բան է, բոլորն էլ ուզում են աշխարհ տեսնել: Բայց կործանարար արշավանքները սկսվեցին, երբ չմշակված ու չքաղաքակրթված ազգերը սկսեցին արշավել: Մոնղոլները տիրեցին ամբողջ աշխարհին, բայց ո՞ւր են հիմա, ինքն իրենց կործանվեցին: Սեփական մշակույթը չունեին, տարրալուծվեցին մյուսների մեջ, որոնք քանդել էին:

- Հանգում ենք նրան, որ ամեն ինչ պահողը հենց մշակո՞ւյթն է:

- Անկասկած, մշակույթն էլ եկեք պայմանականորեն տեսակ ասենք: Խոլորձը գեղեցիկ բույս է, բայց հենց նրան հատուկ միջավայրից տեղափոխում եք մեկ այլ տեղ, պետք է արհեստական պայմաններ ստեղծեք, որ ապրի: Նա բավարարվում է իր ճահճուտով, այնտեղ նա կատարյալ է, որովհետեւ իր տեսակի համար է բարենպաստ: Ոչ ոք չի կարող ասել, թե վերջին հաշվով առաջին մարդը որտեղ է ձեւավորվել, կարծիքներն այդ մասին անընդհատ փոփոխվում են:


- Այսինքն՝ մարդ տեսակի բարենպաստ պայմաննե՞րն են խարխլվել, կորցրե՞լ է իր բնական կենսամիջավայրը:

- Մարդը որքան զարգանում է, հասնում է անկշտության: Հովհաննես Թումանյանը հանճարեղ ձեւակերպել է, որ հազար տարի տեւեց մինչեւ մարդը մարդակերից դարձավ մարդասպան.«Ու հեռու է մինչեւ մարդն իր ճամփան»: Մարդը հեռու է Աստծուց, իր սկզբից ու ակունքից, եւ երբ սկսում է արհեստականորեն նոր բաներ հորինել ու ընդօրինակել, կորցնում է իր ձեւը, այդ ժամանակ էլ սկսվում է չարիքը: Տեսակի գիտակցություն չունեցողը դառնում է վտանգավոր մարդ: Մեր շրջապատում էլ ինքնաբավ են այն մարդիկ, որոնք ներդաշնակ են իրենց հետ: Ինչ ուզում ես արա, միեւնույն է՝ աշխարհի բոլոր մեքենաները չես ունենալու, դրանք վարելու ժամանակ էլ չի լինելու: Գոնե մեզ հայտնի քաղաքակրթություններում մարդիկ հանգել են մի գաղափարի՝ փորձել վերադառնալ բուն էությանը: Հիմա փորձում են սա էլ նվաճել, նա էլ, գաղութացնում արդեն տիեզերքը, Մարսն ու լուսինը: Այնինչ ամեն ինչ շատ պարզ է. մարդը կարող է երջանիկ լինել, եթե հասկանա, որ անկշտությունը բոլոր իմաստներով ամենամեծ չարիքն է:


- Ներդաշնակության կարեւորությունից խոսեցիք, Դուք ինչպե՞ս եք դրան եկել, արդյո՞ք հեշտ ճանապարհ է:

- Իսկ ո՞վ ասաց, որ այդպես է. փորձ եմ անում մոտենալ դրան, այնպես չէ, որ ինքնատիրապետման բոլոր ձեւերին հասել եմ: Վերջերս ինձ չկարողացա զսպել, զայրացա, եւ Աստված ինձ պատժեց՝ մեքենաս անուշադրության մատնեցի ու խփեցի այլ մեքենայի: Հայտնի միտք կա, որի արդյունքում Անգլիայում 1960-ականներին սկսվեց «Զայրացած երիտասարդների շարժումը»: Ջոն Օսբորնն այդ մասին «Ետ նայիր զայրույթի պահին» պիեսը գրեց: Երբ զայրույթի մեջ ես, մի հատ հետ նայիր:

- Բայց, ախր, այդ պահին կորցնում ենք շատ բան տեսնելու ունակությունն ու կարող ենք շատ կարեւոր կամուրջներ այրել:

- Այո: Հին որսորդները մի սովորույթ ունեին՝ զենքը պահում էին մասնատված ու տարբեր տեղերում, որպեսզի զայրացած վիճակում այն հավաքելիս մտածելու ու սառելու ժամանակ ունենան: Այնպես չի, եթե այսպես խոսում եմ, ամբողջովին հասել եմ դրան: Նարեկացու պես հանճարը չկարողացավ, բայց ամբողջ կյանքում ձգտեց, ես ո՞վ եմ, որ ստացվի: Այնպես էլ չէ, որ երբեւիցե մարդը կատարյալ է լինելու: Հենց դա է երեւի բնության գաղտնիքը, որքան հնարավոր է մաքրագործվել է պետք, բայց ինչպե՞ս:

- Գուցե փոքր քայլերով, ամենօրյա աշխատանքով ու գիտակցումով:

- Չգիտեմ, բայց կրթվածությունը շատ բան է փոխում, այն գրագիտության հետ պետք չէ շփոթել: Աշխարհի բոլոր չարիքները լավագույն համալսարանների դիպլոմներ ստացած սրիկաների կողմից են արվել: Մարդու կրթությունը սկսվում է պտղի ձեւավորման պահից: Ծնվելուց ի վեր նա տեսնում է իր շրջապատը, որ մայրը սիրում է հորը, հայրը՝ եղբորը, վատ բաներ էլ նկատում է: Հետո տեսադաշտը մեծանում է, եւ իր ունեցած հարմարավետությունը նրան դուր է գալիս: Նա անպայման ձգտելու է այն պահել, անգամ պատրաստ է զոհվել հանուն դրա: Հենց դա էլ հայրենասիրությունն է, որը մենք փորձում ենք տարբեր ձեւերով բացատրել: Անկիրթ մարդը երբեք չի գնա զոհվելու, նա փորձում է ուրիշի հարմարավետությունը խլել:

- Իսկ ինչպիսի՞ն է մերօրյա մարդու ու բնության կապը եւ որքանո՞վ է նա չարդարացված միջամտում իրեն չվերաբերվող գործերին:

- Մենք, ցավոք, շատ բան ենք խաթարում, մարդն իր ձեռքով իր տունը քանդում է: Կենդանիները որքան էլ իրար հոշոտում են, ոչինչ չի պակասում, բայց մենք դեռ այն գիտակցումը չունենք, որ չհոշոտենք իրար: Պատրաստ ենք մեզնից ավելի կատարյալին ոչնչացնել, հավասարեցնել մեր անկատարությանը: Աշխարհն անկատարության կռիվ է տալիս, ուրիշ ոչնչի: Հիմա էլ պատերազմի նոր ձեւեր են հորինել՝ իրար հետ կռվում են ուրիշների տարածքում:


- Դուք բույսեր եք աճեցնում, այդ զբաղմունքի ի՞նչն եք այդքան սիրում:

- Ես ու կինս բույսեր աճեցնել շատ ենք սիրում: Ինչքան հիշում եմ՝ փոքր տարիքից մեր տանը բույսեր են եղել, լավ է, որ կնոջս ընտանիքում էլ այդպես էր: Մեր տանը մեծ ֆիկուս կար, շատ գեղեցիկ էր, ու հա ուզում էի ջրել, մայրս թույլ չէր տալիս: Ես էլ գիտեի, որ բույսերին ջուր է պետք, երեւի այդ ֆիկուսն իմ պատճառով է չորացել (ծիծաղում է,- խմբ.): Խոլորձներ ունենք, ֆիկուսի տեսակ, մանուշակներ, արմավենու նման բույսեր: Ինձ հետաքրքիր է կորիզը դնել հողի մեջ ու բույս ստանալ: Արքայախնձորի կորիզից սուր-սուր տերեւներով բույս եմ ստացել, բայց դժվար միրգ տա: Գոնե տանը փորձում ենք մեզ բնությամբ շրջապատել: Նրանք զգում են տան էներգիան, կինս հա խոսում է հետները:

- Իսկ Դո՞ւք, Ձեր գեղեցիկ ձայնի շնորհիվ հաստատ ավելի լավ կաճեն:

- Մեր ծաղիկներն առավոտից երեկո այսպես թե այնպես իմ ձայնը լսում են հեռուստացույցից, երեւի արդեն հոգնել են: Սարսափում եմ, եթե որեւէ ծաղիկ հանկարծ թառամում է, փայփայում եմ, աղաչում, խնդրում, ջրում, մեկ էլ տեսնում եմ՝ փթթեց, երանության մեջ եմ ընկնում: Ամեն օր նայում եմ, թե որքան են աճել: Նաեւ ծիրանի 2 ծառ ունեմ, շատ եմ սիրում բնությանը մոտ լինել, հողի հետ խաղալ եւ դրանից ինչ-որ բան ստանալ: Շնիկ էլ ենք պահում, արդեն տան անդամ է դարձել, թութակներ ունենք, աղջկաս ծնվելուց սկսած՝ տանը միշտ թռչուններ կային՝ դեղձանիկներ:

- Ասացիք՝ հողի հետ խաղալ սիրում եք, իսկ բեմի վրա խաղալու մասին ի՞նչ կասեք:

- Երբեք չեմ երազել դերասան դառնալու մասին, մեծ եղբայս է ինձ տարել այդ ուղղությամբ: 8-րդ դասարանում նույնիսկ գնացի ֆիզմաթ դպրոց, բայց հետ եկա. սիրում էի այն, բայց ինձ հաճույք չէր պարգեւում: Եթե մի բան սիրով չես անում, անիմաստ է զբաղվել, նույնիսկ ամենահամով միրգը, եթե տհաճությամբ ուտես, կարող է վատ հետեւանքներ ունենալ օրգանիզմում: Իսկ թատրոնն ու դերասանի մասնագիտությունը, եթե աշխարհում մի քանի հաճույք կա, դրանից ամենակարեւորներն են: Թվում է՝ դիվային բան եմ, չէ՞, ասում, բա՞ երեխաները, ընտանի՞քը: Խաղի տարերքն ու հաճույքն ուրիշ են, թույլ տվեք այս բառով ասել՝ կայֆի համար եմ խաղում:

- Իսկ ինչի՞ հետ է համեմատելի այն, կա՞ համարժեք մի բան, որ ես, թատրոնում խաղացած չլինելով, կարողանամ դա հասկանալ:

- Չխաղացող մարդը չի հասկանա, նա, ով այդ կայֆը չի ստացել, չի էլ իմանա երբեք: Նույնիսկ չգիտեմ՝ ինչ բառերով բացատրել, այ, օրինակ, երեխայիս հետ կապված բոլոր զգացողությունները բացատրելի են, թոռներիս հետ կապված ոչինչ չեմ կարող ասել, ես էլ չեմ հասկանում, թե ինչու:



- Փաստորեն Ձեզ համար թատրոնը թոռների պե՞ս է:

- Գերագույն վայելք է, ինձ փառավորում է, ուղեղս ծաղկում է, սիրտս բացվում վարդի պես, երբ ես խաղում եմ: Բայց սա նաեւ անիծված մասնագիտություն է: Որովհետեւ չես կարող անցյալիդ վրա հենվել, դու ես ստեղծում: Այդ պահին կա՛մ կաս, կա՛մ չկաս, նկարչության ու գրականության պես մնայուն չէ: Անգամ եթե նկարահանես ու ցույց տաս, նույնը չի լինելու, որովհետեւ միայն այդ պահի խաղն է կատարյալ, որ հանդիսատեսը քո շունչն է զգում, դու՝ նրա:

- Եվ այդ պահը բոլորդ միասի՞ն եք ստեղծում ու մնայուն դարձնում:

- Առանց հանդիսատեսի դու ընդամենը գիժ ես, հոգեկան հիվանդ: Եթե մենակ ես խաղում, անիմաստ բան է, մինչեւ հանդիսատեսը քեզ հետ չի խաղում, այդ կայֆը չկա: Կինոն այդ ամենը չունի, կինոշնիկների ականջը խուլ, չմտածեն՝ Հակոբյանը կինո չի սիրում:

Շարունակելի

Զրույցը՝ Հասմիկ Բաբայանի
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW