Երեւանի կենտրոնում՝ Շառզ Ազնավուրի հրապարակում, երեկ անցորդների ուշադրությունը գրավում էր շքեղ Պորշե մեքենան, որ նոր թողարկված ամբողջովին էլեկտրական սպորտային մոդել է։ Խոսքը «Porsche Taycan Cross Turismo» մեքենայի մասին է, որն ավտոսիրողներին ներկայացրել է «Պորշե կենտրոն Երեւանը»։ Քիչ այն կողմ՝ «Մարտինի Ռոյալ» սրճարանում էլ հավաքվել էին ընկերության ներկայացուցիչներն իրենց գործընկերների եւ մշտական հաճախորդների հետ՝ քննարկելու տեղի ունեցած եւ սպասվող փոփոխությունները, նորությունները կամ պարզապես հանդիպելու միմյանց եւ ընկերական միջավայրում հաղորդակցվելու։ Թեեւ այս հանդիպումներն արդեն ավանդական են դարձել Պորշե ընտանիքի համար, բայց այս անգամ նաեւ նշելու առիթ կար։
Քսան տարի առաջ Պորշե ընկերությունը ստեղծեց առաջին «Cayenne» (Կայեն) մոդելը եւ հենց այս մեքենայով էլ Պորշեն մուտք գործեց մեր տարածաշրջան։ Հայաստանն առաջին երկրներից էր, որ շուկայում ներկայացնում էր Porsche Cayenne-ը։ Այս առիթով էլ հավաքվել էին երեկվա միջոցառման մասնակիցները։ «Պորշե կենտրոն Երեւանի» վաճառքի ղեկավար, խորհրդատու Քրիստինե Բարսեղյանը BRAVO.am-ի հետ զրույցում պատմեց, որ արդեն ավանդույթ է դարձել իրենց գործընկերների եւ հաճախորդների հետ ամեն տարի նշել սպորտային մեքենաների միասնական օրը։
«Այս անգամ միջոցառումը փորձեցինք կազմակերպել «Porsche Taycan Cross Turismo» մոդելի շուրջ։ Այն ամբողջովին էլեկտրական մեքենա է։ Ցավոք, միջոցառումը փակ ձեւաչափով է անցկացվում, քանի որ ստեղծված համավարակային իրավիճակում հնարավոր չէ անընդհատ մեծ միջոցառումներ կազմակերպել։ Հրավիրվել են այն մարդիկ, որոնք հետաքրքրված են ու շահագրգռված ներքին այրման շարժիչով մեքենաներից սահուն անցում կատարել էլեկտրական մեքենաների»,- ասաց Բարսեղյանը։
Նա նկատեց, որ մարդիկ դեռեւս թերահավատ են էլեկտրական մեքենաների նկատմամբ, ու թեեւ հաճախ տեսնում են, ուսումնասիրում, ծանոթանում, բայց լիովին չեն վստահում, մտավախություն ունեն՝ եթե հանկարծ լիցքավորումը վերջացավ, բա ի՞նչ են անելու։ Իրենք փորձում են կոտրել այդ կարծրատիպերը, եւս մեկ անգամ շեշտադրել, որ էլեկտրական ավտոմեքենաներն էկոլոգիապես մաքուր են, անվտանգ, նորարարական տեխնոլոգիաներով հագեցած եւ որ ամենակարեւորն է՝ լիցքավորման խնդիր չի կարող առաջանալ:
«Ժամանակին, երբ ստեղծվում էին ներքին այրման շարժիչով մեքենաները, ոչ մի տեղ բենզալցակայաններ ու գազալցակայաններ չկային, բայց ոլորտի զարգացմանը զուգահեռ՝ ավելացավ նաեւ լիցքակայանների թիվը։ Նույն կերպ էլ այժմ, երբ առավելությունը տրվում է էլեկտրական մեքենաներին, մեծանում է դրանց հանդեպ հետաքրքրությունը, զուգահեռ ավելանում են նաեւ լիցքակայանները։ Բացի այդ, այս մեքենաները հնարավոր է լիցքավորել տանը, բակում, ավտոտնակում, գրասենյակում, բոլոր այն վայրերում, որտեղ հոսանքի հնարավորություն կա։ Այնպես որ, խրախուսում եմ էլեկտրական մեքենաների ձեռքբերումը, որովհետեւ այս պարագայում մենք կախված չենք լինում բենզինի որակից, առկայությունից, մարդկանց հերթերից»,- ընդգծեց նա:
Քրիստինե Բարսեղյանը նաեւ նշեց, որ իրենց ընկերությունը կարեւորում է նման միջոցառումների եւ հանդիպումների անցկացումը, հաճախորդների հետ հետադարձ կապի պահպանումը, անմիջական քննարկումները. «Պորշեն, ուսումնասիրելով ավտոսիրողների հետաքրքրություններն ու ցանկությունները, կանգ չի առնում, միշտ նորացնում է մոդելային շարքը՝ ներդնելով տեխնոլոգիական լուծումներն ու նորարարական մոտեցումները։ Իհարկե, Պորշեն պահպանողական է, ունի իր դեմքը, ճանաչելի ԴՆԹ-ն, բայց դրան զուգահեռ՝ միշտ փորձում է ինտեգրել նորարարությունները։ Ամեն դեպքում հիմնական ուղղվածությունը սպորտայինն է, շեշտադրումն ավելի շատ անվտանգության, սպորտայնության ու մանեւրելու կարողության վրա է»։
Առաջիկայում «Պորշե կենտրոն Երեւանը» կներկայանա փոփոխություններով ու նորություններով, որոնցից գլխավորը կլինի աշնանը նորացված ցուցասրահի բացումը։ Մինչ այդ կարող եք հետեւել ընկերության պաշտոնական էջերին՝ սպասվող նորություններին ծանոթանալու համար․
https://www.porsche.com/central-eastern-europe/ru/_armenia_/
https://www.facebook.com/porschecenteryerevan
https://www.instagram.com/porschecentreyerevan/
Իսկ «Porsche Taycan Cross Turismo» մոդելի առավելությունների ու հնարավորությունների մասին առավել մանրամասն կարող եք կարդալ BRAVO.am-ի նախորդ անդրադարձում՝ https://bravo.am/news/76300:
Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: