×


Porsche Taycan Cross Turismo-ի շնորհանդեսը Երեւանում

Սպասված նորություն ավտոսիրողների համար. Porsche AG-ի պաշտոնական ներկայացուցիչ «Պորշե կենտրոն Երեւանը» ներկայացրել է առաջին ամբողջովին էլեկտրական սպորտային մեքենան՝ Porsche Taycan Cross Turismo մոդելը։

Այդ առիթով «Դվին» համալիրի «Hagobian Gallery» պատկերասրահում շքեղ միջոցառում էր կազմակերպվել։ Ավտոմեքենայի շնորհանդեսին ներկա է եղել նաեւ BRAVO.am-ը, զրուցել «Պորշե կենտրոն Երեւան»-ի ներկայացուցիչների հետ, ծանոթացել նոր մոդելի առավելություններին, ինչպես նաեւ լուսանկարել միջոցառման հետաքրքիր դրվագները։


Մուտքի մոտ հյուրերին սպասող Taycan Cross Turismo-ն, որ դեռ ծածկված էր ու խորհրդավոր կերպով սպասում էր հանդես գալու հարմար պահին, բոլորին գրավել էր իր առավելություններով ու նորարար լուծումներով, որոնց մասին պատմում ու ներկայացնում էին միջոցառման ընթացքում։ Իսկ մինչ ավտոմեքենան ցուցադրելը, հյուրերի համար նախատեսված էր կոնյակի եւ ինքնատիպ կոկտեյլների հյուրասիրություն «Պորշե կենտրոն Երեւան»-ի գործընկեր «Պեռնո Ռիկար Արմենիա»-ի կողմից:

Տարածքում ներկայացված էր նաեւ Rivoli de Luxe մասնագիտացված խանութ-սրահը, որ հանդիսանում է շվեյցարական հայտնի TAG Heuer ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում։ Ինչպես հայտնի է, TAG Heuer-ն ու Porsche-ն համատեղ հանդես են գալիս ռազմավարական համագործակցությամբ՝ ներկայացնելով բացառիկ ժամացույցների նոր շարք։ Այդ համատեղ հավաքածուի մոդելների մի մասը ցուցադրված էր շնորհանդեսի ժամանակ։


Միջավայրն էլ ավելի ստեղծարար ու մշակութային էին դարձնում պատկերասրահում ցուցադրված աշխատանքները, որոնց հեղինակը՝ Վարդան Տեպիկյանը, նույնպես ներկա էր միջոցառմանը։ Նրա նկարչության հիմքում մարդն է՝ իր հույզերի ու զգացմունքների ողջ գունապնակով։ Ցուցահանդեսում ներկայացված էին նրա տարբեր ժամանակների աշխատանքները։

Շուտով արդեն ավտոմեքենան ներկայացնելու ժամանակն էր, եւ միջոցառման այդ հատվածում հատուկ հյուր էր «Մանկական Եվրատեսիլ 2022»-ի հայաստանյան պատվիրակ Մալենան՝ իր «Քամի-քամի» երգով։ Նրա ելույթի ավարտին էլ ցուցադրվեց շքեղ մեքենան՝ Porsche Taycan Cross Turismo-ն։ Հաղորդավար Արման Մարգարյանը շտապեց ներկայացնել նոր մոդելի առավելություններն ու առանձնահատկությունները։


Հոգի: Լիցքավորված է էլեկտրականությամբ

CUV (Crossover Utility Vehicle) կատեգորիայի ավտոմեքենա, այսինքն՝ քրոսովեր, որին բնորոշ են սեդան եւ SUV (Sport Utility Vehicle) մեքենաների բնութագրերը: Պորշեի մշակած նոր ավտոմեքենայում պահպանվել է սպորտային ոգին, որ նոր հորիզոններ է բացելու ավտոսիրողների առջեւ: Հիմնվելով Taycan մոդելի նորարարական  տեխնոլոգիաների վրա` Taycan Cross Turismo-ն նախատեսված է այն գնորդների համար, որոնք նախապատվությունը տալիս են էլեկտրական մեքենաներին, որոնք ցանկանում են ունենալ ավելի շատ ազատ տարածք իրենց ավտոմեքենայում, եւ որոնք ուզում են վարել էլեկտրական մեքենա նաեւ ասֆալտապատ ճանապարհներից դուրս, բայց միեւույն ժամանակ նրանք սիրում են սպորտային ու դինամիկ վարելաոճ: Այսպիսով, ավտոարտադրողների շարքում Պորշեն առաջինն է հանդես գալիս Քրոս Տուրիզմո սեգմենտում՝ ամբողջովին էլեկտրական շարժիչով։


Դիզայնը

Taycan Cross Turismo մոդելների թափքի արտաքին տեսքում առկա են բազմաթիվ սպեցիֆիկ տարրեր, մասնավորապես՝ հատկանշական է օրիգինալ եւ միեւնույն ժամանակ Porsche-ին բնորոշ տանիքի աէրոդինամիկ գիծը, որի շնորհիվ ձեւավորվում է տվյալ մոդելի արտաքին տեսքը։


Եթե մոդելը դիտենք կողքից, անմիջապես ակնհայտ է դառնում նրա յուրահատուկ դիզայնը։ Տանիքի անշարժ ու չկարգավորվող հակաթեւը, հետեւի զառիվայր ապակին, հետնամասի ապակիների գրաֆիկան եւ առանձնահատուկ կախված տարրերը մոդելին հաղորդում են անկրկնելի արտաքին տեսք եւ միեւնույն ժամանակ պահպանում Porsche-ի ճանաչելի ԴՆԹ-ն։

Առանձնահատկությունները

Տայկանն ունի բազմաթիվ առանձնահատկություններ, որոնք այն հարմարավետ են դարձնում առօրյայում։ Օրինակ՝ արագ լիցքավորելն ու վարելու մեծ հարմարավետությունը, ավելի շատ տարածքը սրահի հետեւի եւ բեռնախցի մասում։ Նստարանի բարձիկներից մինչեւ առաստաղ ավելացված է 22 մմ, այսինքն՝ 1001 մմ է, այնպես որ հետեւի շարքի նստարաններին հարմարավետ կարող են տեղավորվել անգամ բարձրահասակ ուղեւորները։


Հավելյալ համայնապատկերային տանիքի հետ համատեղ կարելի է պատվիրել տանիքի ուղեկիր ձողերը, որոնց վրա կարելի է ամրացնել Performance բեռնատուփը։ Նստարանների ամբողջովին ծալվելու եւ բեռնախցիկի ծալվող ծածկն ամբողջովին հեռացնելու հաշվին մեծանում է բեռնատարողությունը։ Պայուսակների համար կեռիկներ կան բեռնախցիկում, որոնց շնորհիվ կարելի է հեշտությամբ ամրացնել գնումների կամ լրացուցիչ պարագաններով պայուսակները։ Ինչպես նաեւ բեռի ամրացման համար բեռնախցիկում առկա գոտիները բավարար տեղ են ապահովում մանր պարագաների պահման համար։


Հատուկ Cross Turismo-ի համար նախատեսված հեծանիվների ամրակը տեղակայվում է արագ ու հեշտությամբ։ Այն տարբերվում է կայունությամբ եւ ֆունկցիոնալությամբ։ Այս համակարգը թույլ է տալիս տեղափոխել մինչեւ 50 կգ քաշով բեռ։ Բեռնախցիկը անխոչընդոտ հասանելի է անգամ ամրակի վրա 3 հեծանիվների առկայության դեպքում։

Տպավորիչ է այս մոդելի անցողականությունը։ Սերիական լիաքարշակ շարժիչ միավորն ապահովում է օպտիմալ մղում ամենատարբեր հարթություններով։ Բազային համալրմամբ մեքենաներում առաջարկվում են նաեւ երեք կամերային օդաճնշիչ կախոցներ՝ ճանապարհային ցանկացած իրավիճակներում առավել հարմարավետ երթեւեկության եւ թափքի օպտիմալ մակարդակի համար։ Բացի այդ՝ ավելացված լուսածերպը հնարավորություն է տալիս այս մոդելին ավելի վստահ հաղթահարել արտաճանապարհային իրավիճակները։

«Պորշե կենտրոն Երեւան»-ի վաճառքի խորհրդատու մենեջեր Քրիստինե Բարսեղյանը BRAVO.am-ի հետ զրույցում ընդգծեց, որ մեքենայի գլխավոր առավելությունն էկոլոգիապես մաքուր լինելն է, իսկ որպես սպորտային մեքենա՝ այն ավելի դինամիկ է, ավելի մեծ արագություն է զարգացնում, քան բենզինով ներքին այրման շարժիչով մեքենաները․«Ճիշտ է, սպորտում յուրաքանչյուր միլիվայրկյանը հաշիվ է, առօրյայում՝ գուցե այդքան էլ չէ, բայց առօրյայի համար կարեւոր են ավելի տնտեսող հատկանիշները, որ գնորդն ավելի մոտ լինի նորարարական տեխնոլոգիաներին, տնտեսի իր ժամանակը»,- նշեց նա։


Քրիստինա Բարսեղյանը նաեւ նկատեց, որ Պորշեի համար էլեկտրական մեքենայի գաղափարը նորություն չէ.«Եթե մի քիչ հետ գնանք պատմության էջերով, ապա դեռեւս 1900 թվականին Ֆերդինանդ Պորշեի դիպլոմային աշխատանքն է եղել հիբրիդային մեքենան։ Բայց քանի որ այն ժամանակ դեռ չկար էլեկտրականության զարգացման ինֆրաստրուկտուրան, այդ տեխնոլոգիան թողնվեց։ 2009 թվականից արդեն բենզինայինին զուգահեռ զարգացավ նաեւ հիբրիդային մեքենաների տեխնոլոգիան։ Հիբրիդայինի դեպքում փոքր մասնակցություն ուներ էլեկտրական շարժիչը, բայց արդեն Տայկանի օրինակով ստեղծվեց ամբողջովին էլեկտրական մեքենայի մոդելային շարք։ Առաջիկայում նորություններ են սպասվում նաեւ գոյություն ունեցող մյուս մոդելային շարքերում՝ ամբողջովին էլեկտրական մեքենաների համար»։


Պորշեի նոր մոդելին ավելի մանրամասն ծանոթանալու, տեսնելու, փարձարկելու համար կարող եք այցելել «Պորշե Երեւան»-ի սրահ, որ գործում է Ծովակալ Իսակովի պողոտա 32/1 հասցեում։ Ինչպես նաեւ կարող եք հետեւել սպասվող նորություններին ընկերության պաշտոնական էջերում՝

https://www.porsche.com/central-eastern-europe/ru/_armenia_/

https://www.facebook.com/porschecenteryerevan

https://www.instagram.com/porschecentreyerevan/


Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին