Անցկացվել է լուսանկարների ամենամյա 7-րդ միջազգային 35AWARDS-ը, որում հայտավորված են եղել 174 երկրի 124 հազար լուսանկարիչներ: Մեծ հաջողություն է գրանցել հայ լուսանկարիչ Արվին Քոչարյանը, որի «Mysticus» հավաքածուի 8 լուսանկարներ մրցանակների են արժանացել:
«Կոնցեպտուալ լուսանկարչություն» անվանակարգում նա առաջինն է, իսկ «Տարվա լավագույն լուսանկարիչ» եւ «Բեմադրված լուսանկարչություն» անվանակարգերում՝ երկրորդը:
BRAVO.am-ին Քոչարյանը պատմել է աշխատանքների ստեղծման, մրցանակների կարեւորության ու բարդ մրցակցության մասին:
Արդեն մոտ 5 տարի է` մասնակցում եմ այս մրցույթին, նախկինում էլ մրցանակներ եղել են. 2017-ին 3-րդ տեղն եմ գրավել «Բեմադրված լուսանկարչություն»-ում, 2020-ի քովիդային տարում 2-րդն էի: 2021-ին 6-րդ հորիզոնականում էի, ու ամենամեծ հաջողությունն այս տարի եղավ:
Մրցույթն անվճար է, ինչն ավելի է մեծացնում մասնակիցների քանակը, դրա համար էլ բավական մեծ մրցակցություն է: Ես հետեւողական մասնակցեցի, բոլոր լուսանկարներն ուղարկեցի, փետրվարին հայտերի ընդունումն ավարտվեց:
Քվեարկությունը 3 փուլով է ընթանում, մասնակցում է ե՛ւ պրոֆեսիոնալ ժյուրին, ե՛ւ կայքի այցելուները կարող են իրենց նախապատվությամբ ընտրել լավագույն աշխատանքները: Աստիճանաբար լուսանկարները մաղվում են, իսկ վերջին փուլում ընտրությամբ միայն մասնագետներն են զբաղվում: Այդ ընթացքում էլ չես կարող հետեւել, թե քվեարկության արդյունքներն ինչպիսին են, լրիվ անորոշ վիճակ է լինում:
1 ամիս առաջ սկսեցին էլեկտրոնային փոստով գալ արդյունքները՝ ընդ որում այսպիսի հերթականությամբ՝ 6-րդ, 5-րդ տեղ, ու այդպես շարունակ մինչեւ հաղթողի անունը հայտնելը: Մեկ էլ առավոտյան արթնացա ու տեսա, որ ծանոթ լուսանկար է 1-ին տեղը գրավել: Մոտ 30 րոպե առաջ եմ հավաստագիրը ստացել:
3 տարի առաջ «Միստիկուս» նախագծի գիրքը թողարկվեց, մինչ այդ մեծ ցուցահանդես էր եղել, բայց մրցույթին ներկայացված աշխատանքները լրիվ նոր են: Նրանք էլ կունենան իրենց ցուցահանդեսն ու գիրքը:
Այս շարքում մարդկանց տարատեսակ ապրումներն են՝ դրական ու բացասական, դեպրեսիան ու մելանխոլիան, այն, ինչ թաքնված է ներսում: Բոլորս էլ առնչվում ենք նմանատիպ հույզերի, ես փորձում եմ դրանք մարդկանց հետ շփումների ու զրույցների արդյունքում տեսնել եւ հետո գեղարվեստական պատկերների վերածել:
Այս մրցանակները թանկ են ինձ համար, մեր թիմի հետ ծավալուն աշխատանք ենք կատարել, եւ ուրախ եմ, որ ճիշտ են գնահատել. անբացատրելի զգացողություն է:
Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ Արվին Քոչարյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: