Երեւանյան հանդիսատեսին այս օրերին սպասվում է «Ռոմեոյի եւ Ջուլիետի» յուրօրինակ «դեժավյու»։ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանը պատմել է հետաքրքիր փորձառության ու նոր բեմադրության մասին, որը կներկայացնեն Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի բեմում:
- Պարոն Հարությունյան, ինչպե՞ս եղավ, որ բեմադրեցիք «Ռոմեո Ջուլիետ. Դեժավյու» ներկայացումը:
- Երեւանում ներկայացում բեմադրելու առաջարկը ստացել եմ պրոդյուսեր Արման Միտոյանից, եւ, ճիշտն ասած, նման ձեւաչափով՝ այսինքն՝ պետական թատրոնից դուրս, իմ առաջին աշխատանքն է։
- Ինչպե՞ս եք ընտրել դերասաններին ու ինչպե՞ս եք միասին աշխատել:
- Ստեղծագործական թիմի ընտրությունը նախագծի պրոդյուսերի առաջարկով ու իմ համաձայնությամբ է եղել: Քանի որ Իննա Խոջամիրյանին ու Ռուբեն Մուրադյանին շատ լավ էի ճանաչում, սիրով եմ համաձայնել նրանց հետ աշխատել: Ռուբենին շատերը գիտեն արվեստի մեկ այլ բնագավառից՝ բալետից, իսկ այժմ նաեւ թատրոնում է հանդես գալու: Ռուբենն, իհարկե, դերասանական փորձ ունի, քանի որ տարբեր ֆիլմերում նկարահանվել է, բայց բեմում խաղալու առաջին փորձն է: Ուրախ եմ նաեւ, որ բեմանկարչությունն ու զգեստների ձեւավորումն արել է Հրաչ Քեշիշյանը։
- Խոսենք «Ռոմեո Ջուլիետ. Դեժավյու»-ի անվանումից ու բովանդակությունից, իհարկե, որքանով այս պահին կարող եք մանրամասներ հայտնել:
- Պիեսի հեղինակն Անահիտ Աղասարյանն է: Վերնագրի հետ կապված շատերն են հարցնում ու փորձում ընդհանրություններ գտնել իրենց իմացած «Ռոմեո եւ Ջուլիետ»-ի հետ։ Նախ, այդ սիրո թեման հավերժական է, բայց շատ փակագծեր բացել չեմ կարող: Եթե շատերը սպասում են, որ ավանդական Ռոմեոյին եւ Ջուլիետին են տեսնելու, այդպես չի լինելու, քանի որ այստեղ սիրո դրսեւորման այլ տարբերակ է: Թեեւ մի կողմից փորձում եմ գաղտնիքներ չբացահայտել, բայց չի ստացվում. եթե գործ ունենք «Ռոմեո եւ Ջուլիետ»-ի հետ, ապա հանգուցալուծումը մեր իմացածն է լինելու: Հենց դրանով էլ զուգահեռներ կան շեքսպիրյան պատմության հետ:
Եվ դեժավյու, քանի որ հանդիսատեսը նայելու ընթացքում նույն ապրումներն է ունենալու: Վերնագրի մտահղացումը նախագծի պրոդյուսերինն է, ինչին ես էլ եմ կողմ: Առաջին հայացքից թվաց, որ անվանումն ինձ համար մի քիչ անսովոր է, բայց վերլուծելուց ու զուգահեռներ տանելուց հետո հասկացա՝ կարող է այդպես կոչվել։ Աշխատանքների ընթացքը շատ հետաքրքիր էր, բայց նաեւ բարդ, որովհետեւ ամեն մեկն իր բնագավառում կայացած է ու բավականին զբաղված: Ես էլ ժամանակի մեծ մասը Գյումրի-Երեւան ճանապարհներին անցկացրի:
Կարծում եմ՝ իսկական խենթություն է, որովհետեւ յուրաքանչյուրս մեր բնագավառում երկար տարիներ գործունեություն ենք ծավալում, իսկ հիմա անում ենք մի բան, ինչը բոլորիս համար առաջինն է: Կարեւորն այն է, որ մեր ստեղծագործական թիմը մեծ նվիրումով է աշխատում, ինչի համար անչափ ուրախ եմ։
- Դուք հետաքրքիր ու լավ գործեր եք բեմադրել, ինչո՞վ է այս մեկն առանձնանում Ձեզ համար ու ի՞նչ գրավիչ կողմեր ունի:
- Ռեժիսորն ինչքան էլ բեմադրություններ անի, նոր ստեղծագործական խմբի հետ աշխատելը նրա միշտ հետաքրքիր է: Երբ մեկ տարի առաջ «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնում բեմադրեցի «Ֆիլումենա Մարտուրանո»-ն, էլի հաճելի աշխատանք էր: Գյումրու Վարդան Աճեմյանի անվան թատրոնն ու ես՝ որպես նրա պատասխանատու եւ գեղարվեստական ղեկավար, մի կարեւոր սկզբունք ունենք. արդեն երկար տարիներ թատրոնի դռները բաց են ստեղծագործողների առաջ՝ ռեժիսորների ենք հրավիրում ու համատեղ տարբեր նախագծեր անում: Եվ տվյալ դեպքում ինձ համար էլ շատ հաճելի է մայրաքաղաքում աշխատել: Շատ նորմալ ու բնական է, երբ համատեղ ներկայացումներ են ծնվում: Նման աշխատանքի շնորհիվ է, որ հնարավորություն ունես որպես ռեժիսոր քեզ այլ տեսանկյունից դրսեւորել։
- Գյումրու թատրոնից դուրս ներկայացումներ անելը որքանո՞վ է կարեւոր Ձեզ համար:
- Յուրաքանչյուր ստեղծագործողի պետք է իր թատրոնում ու թե դրանից դուրս համագործակցել: Դա օգնում է, որ քեզ ու քո գեղագիտությունը ճանաչեն, տարբեր արտիստների հետ շփվես, առավել եւս, երբ փորձում ես տարբեր թատրոնների համադրություն անել կամ ազատ ստեղծագործող մարդկանց հետ աշխատել: Այս ներկայացումն առանձնանում է նրանով, որ բալետում իսկական պրոֆեսիոնալ Ռուբեն Մուրադյանն առաջին փորձն է անում թատրոնում: Իննա Խոջամիրյանի հետ առաջին անգամ եմ համագործակցում, ինչը եւս շատ հետաքրքիր փորձառություն է: Նա մեծ նվիրումով ու պրոֆեսիոնալիզմով է աշխատում: Իննային տարբեր սերիալներում ու գեղարվեստական ֆիլմերում հանդիսատեսը տեսել է, բայց ինձ թվում է, որ այս անգամ իր կերտած կերպարներից ու խաղացած ներկայացումներից փոքր ինչ կտարբերվի:
Զրույցը՝ Հասմիկ Բաբայանի
Լուսանկարները՝ Գյումրու թատրոնի եւ BRAVO.am-ի


×
86






